Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է այս ամենը տարբեր լրատվամիջոցներով կապվում Սամվել Շահրամանյանի հետ, ինչու այս ժամանակահատվածում… փաստաբանը մի շարք կասկածներ ունի

Փետրվար 21,2024 15:31

«Տերյան փողոցից դեպի Աբովյան փողոց երթեւեկելու ընթացքում նրա դիմացի հատվածը արգելափակել է քաղաքացիական մի մեքենա , ընդ որում` ճանապարհային երթեւեկության կանոնները խստիվ խախտելով, հետեւից նույն իրադարձությունն է տեղի ունեցել, ու 20-ից ավելի դիմակավորված անձինք, ֆիզիկական բռնություն կիրառելով, ձեռնաշղթաներ են հագցրել, հանել իր մեքենայից, հետո նստեցրել իր իսկ մեքենայի հետեւի նստատեղին ու այդ մեքենայով տեղափոխել համապատասխան բաժին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահի թիկնազորի ձերբակալված աշխատակից Աշոտ Դանիելյանի պաշտպան Ռոման Երիցյանը: Աշոտ Դանիելյանը նաեւ սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է:

Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով, քննչական կոմիտեից հայտնել են, որ իրենց պաշտպանյալը կասկածվում է թմրանյութերի իրացման ու պահման մեջ.

«Այդ կասկածանքը գործում է այնպիսի անձի նկատմամբ, որը սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է ու կյանքում նույնիսկ ծխախոտ օգտագործած չկա: Անձնական խուզարկությամբ թմրանյութի հետ առնչվող որեւէ իր չի հայտնաբերվել նրա մոտից, նա կամովին տրամադրել է իր հեռախոսի գաղտնաբառը՝ առաջարկելով ստուգել, պարզաբանել, թե ինչի հիման վրա են իրեն կասկածում թմրանյութի պահման եւ իրացման մեջ»:

Փաստաբանի խոսքով, դեռ այս պահին չեն ստացել Դանիելյանի ձերբակալման մասին արձանագրությունը, այլ միայն ձերբակալման որոշումը: Նրա խոսքով, միայն իրենց բանավոր տեղեկացրել են, որ ձերբակալման հիմնավոր կասկածի հիմք է հանդիսացել ինչ-որ զեկուցագիր. մասնավորապես՝ օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, բայց թե ով է զեկուցագիր ներկայացրել, այս պահին այդ մասով տեղեկություն չունեն:

Աշոտ Դանիելյանի պաշտպան Ռոման Երիցյանը նաեւ ասաց, որ իրենց պաշտպանյալը ձերբակալվել է երեկ երեկոյան, բայց ձերբակալումից երեք ժամ անց, փաստաբանի ժամանումից հետո է նոր միայն կապարակնքվել նրա մեքենան, սա փաստաբանին լուրջ կասկածների տեղիք է տալիս. «Չնայած այս պահին մեքենան խուզարկված չէ, բայց պայմանական ինչ-որ բան հայտնաբերելու դեպքում, բնականաբար, առաջին կասկածը գալիս է այն, որ մեքենան մի տեւական ժամանակ եղել է ոչ կնքված վիճակում: Ինձ համար անհասկանալի է՝ ինչու են նրան բերման ենթարկել իր իսկ մեքենայով, ինչու այդ ամենը չի ուղեկցվել պարեկային ծառայողների կողմից, ինչու դիմակավորված անձանց կողմից, ինչու այս ժամանակահատվածում ու իր հետ ու ինչու են տարբեր լրատվամիջոցներով այս ամենը կապում Սամվել Շահրամանյանի հետ: Մեզ մոտ այս ամենը տարբեր կասկածներ են առաջացնում»:

Փաստաբանը նաեւ փոխանցեց, որ Աշոտ Դանիելյանը հաստատապես պնդել է, որ երբեւէ առնչություն չի ունեցել թմրանյութերի պահման ու իրացման հետ:

Հիշեցնենք, որ Աշոտ Դանիելյանի ձերբակալությունը հաջորդեց Եռաբլուրում լրագրողին եւ օպերատորին հայհոյելուն: Փետրվարի 20-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան Շարժման 36-րդ տարեդարձի օրը Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին ուղեկցող անձը՝ Աշոտ Դանիելյանը հայհոյել է 24News.am կայքի լրագրողին ու օպերատորին, ինչպես նաև հրել վերջինիս՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական աշխատանքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829