Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա բարձրագույն սպայական կազմի հանդերձանքն է, համազգեստների տարբերությունը նայեք, մարդ գետինն է մտնում». Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին

Փետրվար 21,2024 14:58

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանին հարցրեց. «Վերջերս ակտիվ խոսվում է զորամասերից Փառքի անկյունների վերացման մասին, գրավոր հարցում եմ արել ՊՆ նախարարին: ՊՆ պաշտոնական կայքից անհետացել է «Արցախյան ազատամարտ» բաժինը, ի վերջո՝ ՀՀ ՊԲ-ն ձեւավորվել է արցախյան ազատամարտի հիման վրա: Եթե Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ ՊՆ փոխնախարար եմ եղել ու բանակի հետ կապ եմ ունեցել, արցախյան ազատամարտի հիման վրա է, եթե Մելքոնյան Գագիկը գեներալ է, արցախյան ազատամարտի հիման վրա է: ՊՆ փոխնախարարը պատճառաբանում էր տեխնիկական խնդիրներով: 2,5 տարվա ընթացքում հնարավոր չէ՞ր վերացնել տեխնիկական խնդիրները ու վերականգնել այդ բաժինը»:

ՊՆ փոխնախարարը պատասխանեց, որ տեղյակ չի՝ ինչի մասին է խոսքը, դա իր պաշտոնական լիազորություններից դուրս է:

Գեղամ Մանուկյանը հարցրեց նաեւ՝ 2023-ի փետրվարի 2-ին ՊՆ-ն ԶՈՒ-ում բարեփոխումների շրջանակներում հայտարարեց բոլոր տեսակի համազգեստների դիզայնի ու տեսքի փոփոխություն, վստահեցրեցին, որ 2024-ին Հայկական բանակը աշխարհին կներկայանա նոր համազգեստով ու հանդերձանքով:

Գեղամ Մանուկյանը ցուցադրեց լուսանկարներ ու ասաց. «Սա բարձրագույն սպայական կազմի հանդերձանքն է։ Համազգեստների տարբերությունը նայեք, մարդ գետինն է մտնում»: Նա հարցրեց՝ ե՞րբ վերջապես ՀՀ զինված ուժերը նոր համազգեստ կունենան:

ՊՆ փոխնախարարը պատասխանեց. «Մենք ձգտում ենք, որ այդ փոփոխությունները ոչ թե ձեւական լինեն, այլ համազգեստին իրոք չնայենք որպես շոր: Նայենք որպես գործիք, որը ֆունկցիա է իրականացնում: Ուսումնասիրում ենք միջազգային լավագույն փորձը, որի անունը կարող ենք դնել ՆԱՏՕ-ի ստանդարտներ, չնայած այնտեղ էլ այդքան միանշանակ չի: Կախված երկրից, տեղանքից, բնակլիմայական պայմաններից, ՆԱՏՕ-ի ստանդարտները շատ տարբեր են: Մենք համագործակցում ենք Ֆրանսիայի մեր գործընկերների հետ, առաջադեմ բանակ ունեցող երկրների հետ, որ այն, ինչ իրենց մոտ արվում է, տեղայնացնենք մեր մոտ: Կարվածքի որակից, գրպանների քանակից պայմանավորված՝ ամեն ծառայություն ունի իր առանձնահատկությունը: Ես կխնդրեի, որ ձեր սպասումները ոչ թե լինեն հիմա արագ անելու շուրջ, այլ լավ որակի ապրանք՝ հագուստ ունենալու շուրջ: Եթե դրա համար պետք է մի քանի տարի, այո, կլինի մի քանի տարի: Մեր երկրում նման մասնագիտական կարողություններ ունեցող ընկերություններ չկան, դրա համար քննարկում ենք միջազգային փորձագետների հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829