Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նա ասաց, որ վարձատրության համարժեք համակարգ են ուզում ունենալ՝ որքան բարձր է մասնագետի որակավորումը, այնքան բարձր պետք է լինի վարձատրությունը եւ որքան ռիսկային է զինծառայողի ծառայության բնույթը, այնքան նա պետք է բարձր վարձատրություն ստանա:
Տարանջատում պետք է լինի զինվորական եւ ոչ զինվորական ծառայողների: Ընդ որում, զինվորականները լինում են մարտական ու ոչ մարտական բնույթի գործառույթներ ունեցող: Կոնկրետ այս նախագիծը վերաբերում է այն զինվորականներին, որոնք անմիջականորեն ներգրավված չեն մարտական գործողությունների պլանավորմանը, կիրառմանը եւ վերահսկմանը: Նրանք են իրավաբանները, ֆինանսիստները, զինկոմիսարիատի զինծառայողները, գործավարները եւ այլն: Նրանք հիմնականում սպասարկման գործառույթներում են ներգրաված. «Երկու հիմնական տարբերություն կա գործող ատեստավորման համակարգի հետ, որ այս մարդիկ, լինելով նեղ մասնագիտական գործունեություն իրականացնողներ եւ մարտական գործողություններին ոչ մասնակից, իրենք չեն հանձնելու շարային ատեստացիան եւ ֆիզիկականը: Այսինքն, հանձնելու են մասնագիտականը: Հետեւաբար, քանի որ ռիսկի աստիճանը նրանց մոտ քիչ է, ենթադրվում է, որ նրանց ատեստացիան բարեհաջող անցնելու դեպքում վարձատրությունը ավելի քիչ կլինի, քան մարտականի դեպքում: Այս խմբում ներառվում են նաեւ այն զինծառայողները, որոնք տարբեր հանգամանքների բերումով ունեն ֆիզիկական պրոբլեմներ ու նշանակվում են ոչ մարտական հաստիքների: Բարձրացվելու է նրանց աշխատավարձը, բայց ոչ այնքան, ինչքան մարտականինը: Այն զինծառայողները, որոնք ավելի մեծ ռիսկի են դիմում կամ ավելի բարձր որակավորում է պահանջվում իրենց ծառայությունն անելու համար, պիտի ավելի բարձր աշխատավարձ ստանան ու համեմատաբար ցածր աշխատավարձ կստանան նրանք, որոնց ռիսկը կյանքի հետ կապված փոքր է»:
Կարդացեք նաև
Բրուտյանն ասաց, որ շուրջ 1700 ծառայողներ ունենք, որոնք ոչ մարտական սանդղակի մեջ են լինելու: Մարտական հաստիքացուցակը համալրելը խրախուսելու համար պետք է խրախուսել բարձր աշխատավարձով:
Այսպիսով, նախագծերի փաթեթի համաձայն, ատեստավորման համակարգ եւ ատեստավորման արդյունքներով հավելավճարի հաշվարկում է նախատեսվում նաեւ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար, հնարավորություն է սահմանվում ատեստավորման արդյունքներով անբավարար գնահատական ստացած զինծառայողների համար՝ վերահանձնելու անբավարար գնահատված ատեստավորման արդյունքը,ինչպես նաեւ սահմանվում են գնդի (բրիգադի) սերժանտի եւ գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցները:
Ոչ մարտական խնդիրներ իրականացնող պայմանագրային զինծառայողները այսօր միջինում ստանում են 126 հազար դրամ, եթե ատեստացիայի արդյունքում ստանան բավարար, կստանա 176 հազար դրամ, գերազանց ատեստացիայի դեպքում՝ ավելի բարձր: Մարտական խնդիրներ իրականացնող զինծառայողները, կախված հավելավճարների չափից, ստանում են ավելի քան 500 հազար դրամ՝ ատեստացիան անցնելու դեպքում: Առանց ատեստացիայի՝ մոտ 350 հազար դրամ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Այսինքն եթե մարտական գործողությունների մասնակից է, բայց ատեստավորում չի անցել,ինչքա՞ն աշխատավարձ կստանա սովորական շարքայինը։