Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռամիլսաֆարովությունը»՝ դաստիարակության լոկոմոտիվ. ատելության քարոզը ադրբեջանցիներին հասցրել է չգիտակցված մոլագարության. հայտարարություն

Փետրվար 21,2024 14:34

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է 20 տարի առաջ Գուրգեն Մարգարյանի սպանությանը.

ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական դասընթացի շրջանակներում 2004 թ․ փետրվարի 19-ին Բուդապեշում գտնվող հայազգի սպա Գուրգեն Մարգարյանը դաժանաբար սպանվեց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից։ Ադրբեջանական էքստրեմիզմի վառ ներկայացուցիչ Սաֆարովը կացնի 16 հարված էր հասցրել քնած հայ սպային՝ դատավարության ընթացքում անգամ չզղջալով իր կատարած հանցանքի համար։ Սակայն նման անմարդկային գործելակերպը խնդրի միայն մի կողմն է։ Հունգարական դատարանի կողմից ցմահ բանտարկության դատապարտված Սաֆարովն ընդամենը 8 տարի անց արտահանձնվեց Ադրբեջանին՝ պատժի մնացյալ մասը այնտեղ կրելու, մինչդեռ Ադրբեջան հասնելուց անմիջապես հետո Սաֆարովը պետական մակարդակով հերոսացվեց՝ արժանանալով ամենաբարձր պատիվներին։

Սա պարզ վկայությունն է այն բանի, թե հակահայկականությունը և հայ ազգի նկատմամբ էթնիկ ատելությունը ինչ մակարդակի վրա են գտնվել Ադրբեջանում դեռ 2004 թվականը։ Ատելության քարոզը ադրբեջանցիներին հասցրել է չգիտակցված մոլագարության՝ մի քանի միլիոն մարդու վերածելով հակահումանիստական գաղափարների և դրանց գործնական կիրառմանը ամեն վայրկյան պատրաստ զանգվածի, որին քաղաքակրթական զարգացումը պարզապես շրջանցել է։ Հաջորդ երկու տասնամյակների ընթացքում «ռամիլսաֆարովությունը» դարձավ ադրբեջանական երիտասարդության դաստիարակության լոկոմոտիվը, թեև նմանատիպ վայրագություններն ամենևին խորթ չէին այդ հանրությանը։ 1988 թվականին՝ Սումգայիթի, 1990 թվականին՝ Բաքվի, 1992 թվականին՝ Մարաղայի  և այլ հայաբնակ վայրերի ցեղասպանական գործողությունները անձնային անհատական մակարդակում կրում էին միևնույն ձեռագիրը։ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը տեղայնացված ցեղասպանության գաղափարախոսություն է կրում, քանի որ Ռամիլ Սաֆարովը առաջնորդվել է ոչ թե անձնական, այլ ազգամիջյան թշնամանքով, ինչը վկայում է, որ նման արարքը կարող է տարածելի լինել ինչպես մեկ, այնպես էլ հայ ազգի ցանկացած ներկայացուցչի և ներկայացուցիչների վրա աշխարհի ցանկացած վայրում։

Նման քաղաքականության արդյունքները սպասեցնել չտվեցին։ Միայն այսպիսի ռասիզմով տառապող պետությունը կարող էր 10-ամսյա շրջափակման ենթարկել ավելի քան 100 հազար մարդկանց, որոնցից մոտ 30 հազարը երեխաներ էին, միայն այսպիսի հիմքերի վրա կառուցված պետությունը կարող էր ռազմական գործողությունների դիմել հումանիտար աղետի մեջ գտնվող հայության դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, միայն այսպիսի պետությունը կարող էր մի քանի օրում էթնիկ զտում իրականացնել՝ հայաթափելով ողջ Լեռնային Ղարաբաղը։ Այս ամենը բնավ տարօրինակ չի թվա, եթե վերհիշենք, որ այս գործողություններն առաջնորդել է Արևելքի բռնապետության այնպիսի վառ ներկայացուցիչ, ինչպիսին իր պաշտոնավարման երրորդ տասնամյակը սկսած Իլհամ Ալիևն է, ով պատերազմը համարում է իր քաղաքական առաքելությունը, ով «սատանաներ» է համարում նրանց, ում ամիսներ առաջ խաղաղ ինտեգրացիայի խոստումներ էր տալիս:

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է տասնամյակներ շարունակ Ադրբեջանում տիրապետող նեոազգայնական հակահայկականությունը, որի դրսևումներն են և՛ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի, և՛ Լեռնային Ղարաբաղի հայաթափումն ու հայրենազրկումը՝ ուղեկցող բազմաթիվ իրողություններով հանդերձ։

ԳարդմանՇիրվանՆախիջևան համահայկական միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829