ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ ՊԵԿ-ն արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին ստիպում է հարկեր վճարել Հայաստանում։
Այսօր Գեղարքունիքի մարզում արտագնա աշխատանքի մեկնողները բողոքի ցույց են անում՝ փակելով ճանապարհը։ Ռուստամ Բադասյանն ասաց, որ այդ որոշումն ընդունվել է 2018 թվականից առաջ, որովհետեւ հարկային օրենսդրության մեջ միշտ եղել է այդպիսի կանոն, որ ռեզիդենտը վճարում է թե Հայաստանում, թե արտասահմանում առաջացող հարկերը։
«Մենք ՊԵԿ կայքում հայտարարությունը դրել ենք, ՊԵԿ-ը պարտավորություն է կրում իրականացնել հարկային վարչարարություն։ Երբ մենք ԱՊՀ շրջանակներում 2020 թվականին միանում ենք պայմանագրի, եւ անցած տարվա ընթացքում մեզ էլեկտրոնային եղանակով գալիս են մեր քաղաքացիների կողմից ստացված եկամուտները, մեզ որեւէ բան չի մնում անել, քան այդ մասով վարչարարություն իրականացնել։ Բայց քանի որ արդարացիության տեսանկյունից հարց է բարձրացվել, ես կարծում եմ, որ որոշակի եկամուտների տեսակների մասով եւ որոշակի սահմանաչափով կարող են կիրառվել արտոնություններ, որը ենթադրում է Հարկային օրենսգրքի փոփոխություն։ Եվ այդ մասով մենք արդեն ֆինանսների նախարարության հետ սկսել ենք որոշակի կոմունիկացիա եւ աշխատում ենք։ Հետեւաբար, անհանգստանալու, հարցը չափազանցնելու, նաեւ ինչ-որ քաղաքական ուժերի կողմից որոշակի շեշտադրումներ տալու եւ մարդկանց լրացուցիչ սթրեսի ենթարկելու կարիք չկա։ Մենք կքննարկենք, արդյունքների մասին կտեղեկացնենք։ Հանգիստ կքննարկենք, կնայենք հարցի ծավալը։ Մի բան կարող եմ վստահեցնել, որ ֆիսկալ առումով մեզ համար մեծ հետաքրքրություն չի ներկայացնում։ Այսինքն՝ այնպիսի գումարների մասին խոսք չի գնում, որից պետությունը հսկայական եկամուտներ է կուտակելու։ Իհարկե, հարկման մշակույթի հարցը կա, բայց քանի որ նոր է այս հարցը, նոր ենք ստացել տեղեկությունը, նոր երևույթի մասին է խոսքը, մեզ ազդակ է եկել, որ Հարկային օրենսգրքի որոշ կարգավորումներ միգուցե վերանայման կարիք ունեն»,- ասաց Բադասյանը։
Ըստ նրա՝ 2020 թվականի ԱՊՀ շրջանակներում Հայաստանը միացել է միջազգային պայմանագրի, որով հարկային մարմինները միմյանց միջեւ էլեկտրոնային եղանակով փոխանակում են ռեզիդենտներին վճարված եկամուտների մասին տեղեկություն։ «Մենք իմանում ենք, թե մեր քաղաքացին Ղազախստանում, ՌԴ-ում, Բելառուսում ի՞նչ եկամուտներ է ստացել, եւ ի՞նչ դրույքաչափով են դա հարկել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռուստամ Բադասյանը նշեց, որ խոսքը եկամտահարկի մասին է։ Եկամտահարկի դրույքաչափը ՌԴ-ում 13 տոկոս է, Հայաստանում՝ 20 տոկոս։ Այսինքն՝ արտագնա աշխատանքի մեկնողներն, ըստ օրենքի, պետք է այդ 7 տոկոս տարբերությունը վճարեն Հայաստանում։ Բայց Բադասյանը կրկնեց, որ սա վերջնական չէ, քննարկումներ են ընթանում։ «Մեր քաղաքացիների բոլոր հարցերին կպատասխանենք, իրենց նկատմամբ արգելադրման, հետագա վարչարարության գործողություններ չեն կատարվի, քանի դեռ մենք քննարկում ենք մեր օրենսդրության հետ կապված հարցերը»,- ընդգծեց նա։
Ըստ Բադասյանի՝ միգրանտների կողմից կան արդարացի դժգոհություններ, որ չգրանցված աշխատողներն ընդհանրապես հարկ չեն վճարել, իսկ գրանցվածները արդեն վճարել են տվյալ երկրում, բայց իրենց թիրախավորում են ՀՀ ՊԵԿ-ի կողմից։ Արտագնա աշխատանքի մեկնողների դժգոհությանը, թե նախօրոք տեղյակ չեն եղել հարկման մասին, Բադասյանը պատասխանեց․ «ՊԵԿ-ն էլ պարզաբանել է, որ տեղեկացրել է եւ հայտարարությունները տեղադրել է։ Բոլոր հարցերը մանրամասն կքննարկենք եւ կիրազեկենք»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ