Լրահոս
Օրվա լրահոսը

Փոփոխություններ արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման կարգում. նախագիծ

Փետրվար 21,2024 14:15

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Հաշվի առնելով արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների մասնագիտական պատրաստվածության և  կարողունակությունների բարձրացմանը զուգահեռ համահունչ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է կարգում կատարել համապատասխան փոփոխություններ ու լրացումներ։

Մասնավորապես՝ ատեստավորումն անցած մանկավարժական աշխատողներին լրավճար կտրամադրվի կարգով սահմանված դեպքերում` 5 տարի ժամկետով` փաստացի դասավանդելու դեպքում՝ անկախ նրանից, թե որ ուղղությամբ է ատեստավորվել:

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ արտադպրոցական ուսումնական հաստատություններում դրույքաչափերը խիստ տարբեր են՝ ըստ տարբեր համայնքների՝ կախված համայնքների բյուջեներից, սահմանվել է ամրագրված լրավճար հետևյալ տրամաբանությամբ․

Ատեստավորման արդյունքում՝

90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138 667 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ  դասավանդման ծանրաբեռնվածությունից․

80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 112 000 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից․

70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 82 000 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից.

60-69 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 55 333  դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից։

Այսպիսով՝ նախագծով առաջարկվող փոփոխությունները կնպաստեն մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման պայմանների բարելավմանը, ինչպես նաև կադրային համալրման և ուսուցման գործընթացի բարձրացման արդյունավետությանը։

Առաջարկվող լրացումները թույլ կտան նաև մեծացնել համակարգի գործառնության արդյունավետությունը և զարգացման հնարավորությունները, ապահովել մանկավարժների մասնագիտական զարգացման շարունակականությունը և  կատարելագործել ուսհաստատությունների կառավարման մեխանիզմները։

Նախագծով սահմանել, որ որոշման պահանջները չեն տարածվում 2023 թվականին կամավոր ատեստավորում անցած մանկավարժական աշխատողների վրա։

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մարտի 7-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829