Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Բադեն Բադենից հենց հիմա իջնի, ինքը կկարողանա «կանսերվայի բանկայի» ու երկաթբետոնի տարբերությունն ընկալել». ՔՊ-ականները՝ Սերժ Սարգսյանին

Փետրվար 21,2024 14:19

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստատեսության եթերում ասել է, թե «Հայաստան» խմբակցության պատգամավորները ավելի շատ ծանոթ են առաջնագծի աշխատանքներին, դրա համար որեւէ վատ բան չեն ասում. «Շատ-շատ բաներ կան, որ չենք հայտարարում, չենք խոսում՝ ելնելով մեր ազգային անվտանգությունից, մեր պաշտպանության մասին ունեցած մտահոգությունից: Իսկ եղած դիտարկումները էջերով, օրինակ, դեկտեմբերի մեր այցից հետո, ՊՆ նախարարին կետ առ կետ գրել ենք»:

Գեղամ Մանուկյանը որոշ բաներ հրապարակեց՝ ՊՆ նախարարին ուղղված իրենց դիտարկումներից: Օրինակ, առաջարկել են սահմանափակել քարոզչական առումով ամրաշինական աշխատանքների մասին քաղաքական շրջանակների, ԱԺ իշխանական պատգամավորների կողմից տարաբնույթ հարցազրույցներում, հայտարարություններում գաղտնիության թույլատրելիության սահմանն անցնելը, ներքաղաքական գործունեության մեջ այդ ամենը շահարկելը, որը սպառնում է պաշտպանական ընդհանուր քաղաքականությանը վնասել. «Հիմա զորամասի հրամանատարին եմ ասում՝ ոնց է լինում, որ երկու ամիս զինվորները մարտական հենակետից հերթափոխ չեն ենթարկվում: Եղե՞լ է ժամանակին այդպիսի բան, որ 15 օրից ավելի զինվորներին մարտական հերթափոխ չանեն»:

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հակադարձեց. «Ես կիսում եմ քարոզչական նպատակով ամրաշինական աշխատանքների ու դիրքերի կահավորման հետ կապված հայտարարություններ չանելը, բայց կխնդրեմ դա ճիշտ հասցեատիրոջն ուղարկեք, մասնավորապես, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Չնայած խիստ կասկածում եմ, որ պարոն Սարգսյանի սթափությունը կամ դրա բացակայությունը թույլ կտա ճիշտ ընկալել ձեր արտահայտությունը: Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ դուք, պարոն Մանուկյան, գնացել եւ տեսել եք այն ամրաշինական աշխատանքները, որոնք տեղի են ունենում ու վստահ եմ, որ նույնիսկ պարոն Սարգսյանը եթե Բադեն Բադենից հենց հիմա իջնի, ինքը կկարողանա «կանսերվայի բանկայի» ու երկաթբետոնի տարբերությունն ընկալել»:

Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ հիմա էլ «կանսերվայի բանկաները» շարունակում են մնալ ու դա շատ ճիշտ է. «Շահարկումը հետեւյալն է՝ երկրորդ գծում ամրաշինական աշխատանքը կոխում ես հասարակության աչքը՝ այ եթե նախկինում շինարարությունը կատարված լիներ…»:

Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ ինքը Հանրայինի եթերում խոսել է «պոզիտիվ նոտաներով». «Ես առաջարկել եմ Սերժ Սարգսյանին, որ եթե ցանկություն ունենա, ես կնախաձեռնեմ իր համար որոշակի տեղեկատվության հնարավորություն: Իր խմբակցության պատգամավորը, որը հանձնաժողովի նիստերին չի մասնակցում, դատական նիստերի արանքում թող պարոն Սարգսյանին գնա, պատմի՝ ինչ է տեսել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829