Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին Հակակոռուպցիոն կոմիտեից հարցաքննության հրավիրելու մասին ծանուցագիր են ուղարկել՝ պահանջելով առաջիկա օրերին Կոմիտե ներկայանալ։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ի պաշտպանություն Շահրամանյանի թիկնազորի ձերբակալված աշխատակցի կազմակերպված ցույցի մասնակիցներից մեկը։
«Հարցաքննության մասին համապատասխան ծանուցագիր են ներկայացրել, բայց ոչ Սամվել Շահրամանյանի կողմից արված ինչ-որ արարքի կասկածի հիման վրա, այլ Սամվել Շահրամանյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա: Հաղորդումը վերաբերում է Արցախում որոշակի գումարներ անհետանալուն, մեքենաներ յուրացնելուն: Այս ամենի վերաբերյալ Սամվել Շահրամանյանը համապատասխան հաղորդում է ներկայացրել» ,- ասաց ցույցի մասնակիցը:
Նա ասաց, որ առաջին անգամը չէ, որ Շահրամանյանը հրավիրվում է հարցաքննության, այդ հաղորդման հիրման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է նաեւ մի քանի ամիս առաջ:
Կարդացեք նաև
Նա նաեւ նկատեց, որ քաղաքացիական գործեր կան դատարանում, որոշ մեքենաներ համապատասխանաբար ՊՆ նախարարի կամ այլ հրամաններով հատկացվել են պաշտոնատար անձանց. «Մեքենաների մեծ մասն առգրավվել է ՊՆ-ի կողմից , մյուս մասը դատարանի կողմից համապատասխան որոշումների հիման վրա: ՊՆ-ն առգրավել է քաղաքացիների սեփականություն հանդիսացող գույքը, չնայած ներկա դրությամբ սեփականության իրավունքի վերաբերյալ ՃՈ կողմից ընդունված վարչական ակտով, մասնավորապես՝ սեփականության եւ պետական գրանցումը վիճարկված չէ, անձն ունի այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք, բայց առանց պարզաբանումների ՊՆ-ն առգրավել է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ