Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկուզ գտնվում ենք Հայաստանում, բայց մենք մեզ խորթ ենք զգում մեր հայրենիքում, որովհետեւ դռները փակ են բոլորիս առաջ. Արցախի ԱԺ պատգամավոր

Փետրվար 21,2024 14:03

Արցախի ԱԺ պատգամավոր Նելա Գրիգորյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ երկու շաբաթ առաջ հանդիպել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, քննարկել են արցախցիների խնդիրները: Իսկ ինչ խնդիրներ ունեն այսօր արցախցիները՝ լրագրողների հարցին ի պատասխան, պատգամավորն ասաց. «Արցախցիների մոտ լիքն են խնդիրները, անտուն, տունուտեղ թողած, սոված դեգերում են այս կամ այն երկրում, աշխարհի տարբեր ծայրերում: Թեկուզ գտնվում ենք Հայաստանում՝ հայրենիքում, բայց մենք մեզ խորթ ենք զգում մեր հայրենիքում, որովհետեւ դռները փակ են մեր բոլորիս առաջ»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պատգամավորն այսօր ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ) էր եկել ի պաշտպանություն երեկ ձերբակալված սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն, արցախցի Աշոտ Դանիելյանի: Վերջինս նաեւ Արցախի նախագահի թիկնազորում էր աշխատում հասարակական հիմունքներով:

Հիշեցնենք` «Ազատության» հետ զրույցում Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հաստատել էր․ «Երեկ Մոսկովյան փողոցից քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները՝ թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել են մի քաղաքացու, որին տեղափոխել են կենտրոնական բաժին, այնուհետև ներկայացրել նախաքննական մարմին»:

Հիշեցնենք նաեւ, որ Աշոտ Դանիելյանի ձերբակալությունը հաջորդեց Եռաբլուրում լրագրողին եւ օպերատորին հայհոյելուն: Փետրվարի 20-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան Շարժման 36-րդ տարեդարձի օրը Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին ուղեկցող անձը՝ Աշոտ Դանիելյանը, հայհոյել է 24News.am կայքի լրագրողին ու օպերատորին, ինչպես նաև հրել վերջինիս՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական աշխատանքը:

Ինչպես արդեն հայտնել ենք ՁՊՎ վայրի բակում հավաքվել են Աշոտ Դանիելյանի ընկերները, աջակիցները: Ընկերներից մեկն ավելի ուշ լրագրողներին փոխանցեց Դանիելյանի փաստաբանից ստացած տեղեկությունները. «Երեկ բերման են ենթարկել ու այս պահին էլ ձերբակալված է ապօրինաբար, ձերբակալման հիմքեր չկան: Սա ՀՀ-ում հերթական ապօրինի ձերբակալումների շարքից է, պետք է քայլեր ձեռնարկվեն նրան ազատ արձակելու ուղղությամբ: Պատճառները շատ են, չեմ կարող հիմա քաղաքական բան ասել, թող իրենք մեկնաբանեն՝ ինչու ազատ չեն արձակում »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    “․․․ինչպես նաև հրել վերջինիս՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական աշխատանքը”:
    Ամա՜՜ն, հրելուց էլ հո չի վիժել։ Իսկ եթե Թքե՛ր նաեվ , տեղն ու տեղը մահապատիժ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829