ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանը (լուսանկարում) ներկայացրեց «Հարկային ծառայության» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքներում կատարվող փոփոխությունները։
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց․ «Եթե դեմ չեք, թող պարոն Սմբատյանը զեկուցի իր նախագծերը, հատկապես որ պարոն Սմբատյանին, ոնց հասկանում ենք, այսօր վերջին անգամ ենք մեր հանձնաժողովի նիստում տեսնում։ Պարոն Սմբատյանը խելացի մարդ է եւ նախընտրում է մասնավոր ոլորտը»։
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց Սմբատյանի զեկուցած նախագծերի փաթեթին։ «Գործող կանոնակարգումների համաձայն՝ ՊԵԿ համակարգում պաշտոնների համալրումն իրենից ենթադրում է իրար հաջորդող փուլերով գործընթացներ ՊԵԿ ուսումնական կենտրոնի միջոցով, որը բազմափուլ գործընթաց է։ Խնդիրն այն է, որ կարող է կազմակերպվել մասնակցության դասընթաց, սակայն դիմումներ տվյալ պահին քիչ ներկայացված լինեն։ Նախագծերի փաթեթում մենք նախատեսել ենք երեք անկյունաքարային փոփոխություն, որոնցից առաջինն այն է, որ սահմանվում է, որ հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում մինչեւ նշված օրենքներով սահմանված կարգով պաշտոններ զբաղեցնելն այդ պաշտոնները կարող են զբաղեցվել հարկային կամ մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձանցով։
Երկրորդ, մենք ֆիքսում ենք, որ 2024 թվականի հունվարի 1-ից թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հարկային եւ մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում տվյալ պահի թափուր պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները բավարարելու դեպքում թեկնածուն կարող է նշանակվել Քաղծառայության մասին օրենքով սահմանված կարգով։
Կարդացեք նաև
Եվ երրորդ կետով առաջարկում ենք փոփոխություններ, որով հարկային կամ մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու դեպքում իրավահարաբերությունները եւս կկարգավորվեն Քաղծառայության մասին օրենքով»,- փոփոխությունները մանրամասնեց Սմբատյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ