Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե քաղաքի կենտրոնում ԱԺ նախագահը թքում է ինչ-որ մեկի երեսին եւ դրան հետեւանքներ չի լինում, ինձ թվում է՝ այս դեպքում էլ ձերբակալման հիմքեր չկան. արցախցի

Փետրվար 21,2024 13:31

Ի պաշտպանություն Արցախի նախագահի թիկնազորի ձերբակալված աշխատակցի՝ Ձերբակալվածների պահման վայրի (ՁՊՎ) բակում հավաքված արցախցիներին ոստիկանները զգուշացրին, որ հատուկ ռեժիմով պահպանվող տարածքում են, իրենց ցույցը շարունակեն 50-100 մետր հեռավորության վրա՝ առանց խոչընդոտելու տեղաշարժը:

«Երբ նորություն իմանանք՝ երբ են տանելու այստեղից, երբ է լինելու դատական նիստը եւ այլ տեղեկություններ, ձեզ կասենք»,- խոստացավ ոստիկանն ու հեռացավ:

Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, երեկ դիմակավորված անձինք քաղաքացիական մեքենայով կանգնեցրել են Սամվել Շահրամանյանի հասարակական հիմունքներով աշխատող թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանին, ձեռնաշղթաներ են հագցրել եւ իր իսկ մեքենայով տարել են քրեական ոստիկանություն ՝ թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով։ Արցախցի Աշոտ Դանիելյանը սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է:

Ashot Danielyan (NKR, 82 kg) who won the gold medal at the World Sambo Championship in Saint-Petersburg arrived in Yerevan

«Աշոտ Դանիելյանի մոտ ոչ մի բան չի հայտնաբերվել: Քաղաքի կենտրոնում ոչ ոստիկանական մեքենաներով նրան ձերբակալել են ու մեկ օր է՝ արդեն այստեղ է: Մենք ընդհանրապես չգիտենք՝ պատճառները որոնք են: Սպասում ենք՝ ճշտենք: Ենթադրություններ հիմա չեմ կարող անել, բայց, եթե քաղաքի կենտրոնում ԱԺ նախագահը թքում է ինչ-որ մեկի երեսին եւ դրան հետեւանքներ չի լինում, ինձ թվում է՝ արցախցին նեղված է եղել ինչ-որ երեկվա էդ հանգամանքի հետ կապված, բայց ձերբակալման հիմքեր չկան: Արցախի տեղեկատվական շտաբով հայտարարություն եղել է, ներողությունը խնդրվել է, դրա հետ կապված՝ ինձ թվում է ոչ մի բան չպետք է լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Դանիելյանի ընկերներից մեկը:

Հիշեցնենք, որ Աշոտ Դանիելյանի ձերբակալությունը հաջորդեց Եռաբլուրում լրագրողին եւ օպերատորին հայհոյելուն: Փետրվարի 20-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան Շարժման 36-րդ տարեդարձի օրը Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին ուղեկցող անձը՝ Աշոտ Դանիելյանը, հայհոյել է 24News.am կայքի լրագրողին ու օպերատորին, ինչպես նաև հրել վերջինիս՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական աշխատանքը:

Աշոտ Դանիելյանի ընկերը նաեւ ասաց, որ ՀՀ իշխանությունները մենակ են թողել արցախցիներին. «Իշխանությունների կողմից սեպտեմբերի 20-ից սկսած արցախցիներին մենակ թողնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ամեն ինչ ասում է, մեկնաբանություն տալու կարիք չկա: Արցախցիներին թողել են մենակ: ՀՀ ժողովուրդը արցախցիների կողքին է, բայց իշխանությունները՝ ոչ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829