Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այնուամենայնիվ ինչ-որ մարդիկ պետք է խաղան, ուրեմն թող խաղան Հայաստանում, որպեսզի դրա արդյունքում գեներացվեն հարկեր»

Փետրվար 21,2024 13:14

«Մենք արգելել ենք բուքմեյքերական ու շահումով խաղերի գովազդը, բայց ունենք դեպքեր, երբ մեր քաղաքացիները տարբեր կայքեր այցելելով՝ ֆիլմը դիտելու համար, այդ գովազդները տեսնում են»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Խաղային գործունեության կարգավորման մասին, «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացում կատարելու նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նա ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին հարցրեց՝ ի՞նչ իրավիճակ է շահումով խաղերի գովազդի շուկայում։

Ռուստամ Բադասյան

Բադասյանն ասաց, որ գովազդը վերահսկելը ամենաբարդ հարցերից մեկն է, քանի որ սոցիալական ցանցերով գովազդներ են լինում, օրինակ, բլոգերների կողմից։ «Մենք այդ տեղեկատվությունը հավաքում ենք, փոխանցում ենք համապատասխան ստորաբաժանմանը։ Եվ հիմա ընթացիկ փուլում է գտնվում մի շարք դեպքերով գովազդի շրջանցման դեպքերի մասով պատասխանատվության կիրառումը։ Արդյունքների մասին կներկայացնենք»,- ասաց նա։

Ըստ Բադասյանի՝ բոլորն, ովքեր եկամուտ են ստանում, այդ եկամտից պետք է հարկ վճարեն։ Այլ հարց է, որ վերահսկողական մեխանիզմների հետ կապված խնդիրներ կան։ «Եթե ինչ-որ ոլորտ կա, որտեղ եկամուտ է գեներացվում, պետք է հարկ վճարեն»,- հավելեց Բադասյանը։

Նարեկ Ղահրամանյան

Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն ասաց․ «Մամուլում կարդում ենք, որ իքս գումարի խաղադրույք է կատարվել այս տարվա ընթացքում։ Բայց ես տեղեկություն ունեմ, որ այդ խաղադրույքների մի մասը Հայաստանում չի կատարվել, արտասահմանից է կատարվել։ Մենք կարո՞ղ ենք տարանջատել, որն է Հայաստանից կատարվել, որը դրսից»։ ՊԵԿ նախագահն ասաց, որ օրենսդրական փաթեթի ընդունումից հետո դա հնարավոր կլինի տարանջատել։

Գեւորգ Պապոյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն էլ ասաց․ «Այն հանրային վնասը, որը տալիս է խաղամոլությունը, բազմապատիկ, միգուցե տասնապատիկ ավելի մեծ վնասակար է, քան այն օգուտը, որը հանրությունը ստանում է դրանից։ Հետեւաբար, պետությունը պետք է շատ զգուշորեն շարունակի խստացումներն այդ ուղղությամբ, որպեսզի մենք կրճատենք խաղամոլությունը։ Ակնհայտ է, որ եթե մենք չմտածված քաղաքականություն վարենք, դա բերելու է նրան, որ խաղադրույքների մի հատված միգուցե կրճատվի, բայց մի զգալի հատված Հայաստանից դուրս գնա։ Եվ արդյունքում՝ մենք մի կողմից կունենանք ֆինանսների հսկայական արտահոսք երկրից, մյուս կողմից՝ վերահսկողության կորուստ։ Եթե այնուամենայնիվ ինչ-որ մարդիկ պետք է խաղան, ուրեմն թող խաղան Հայաստանում, որպեսզի դրա արդյունքում գեներացվեն հարկեր, աշխատատեղեր»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829