Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ոչ թե Աշոտին է վերաբերվում, սա հարված է պարոն Շահրամանյանի թիկունքին. Նելա Գրիգորյան

Փետրվար 21,2024 12:50

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հասարակական հիմունքներով աշխատող թիկնազորի ձերբակալված աշխատակցի՝ Աշոտ Դանիելյանի աջակիցներն այսօր բողոքի ցույց են անում ձերբակալվածների պահման վայրի (ՁՊՎ) բակում:

Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, դիմակավորված անձինք քաղաքացիական մեքենայով երեկ կանգնեցրել էին Սամվել Շահրամանյանի հասարակական հիմունքներով աշխատող թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանին, ձեռնաշղթաներ հագցրել եւ իր իսկ մեքենայով տարել են քրեական ոստիկանություն ՝ թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով։ Արցախցի Աշոտ Դանիելյանը սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է:

«Ազատության» հետ զրույցում Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հաստատել էր․ «Երեկ Մոսկովյան փողոցից քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները՝ թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել են մի քաղաքացու, որին տեղափոխել են կենտրոնական բաժին, այնուհետև ներկայացրել նախաքննական մարմին»:

Ի պաշտպանություն Դանիելյանի՝ ՁՊՎ բակում էր նաեւ Արցախի ԱԺ պատգամավոր Նելա Գրիգորյանը:

«Աշոտ Դանիելյանը բազմիցս եռագույնն է ծածանել աշխարհի բոլոր պետություններում. ոչ թե Արցախի, այլ ՀՀ եռագույնն է ծածանել: Աշոտ Դանիելյանը 5 երեխայի հայր է, զոհվածի որդի է, 44-օրյա պատերազմի մասնակից է, նա իսկական հերոս է: Ինչպես կարելի է այդպիսի տղայի ձեռքերը շղթայել ու ձերբակալել: Սա ոչ թե Աշոտին է վերաբերվում, սա հարված է պարոն Շահրամանյանի թիկունքին: Այսինքն՝ սա ուղերձ է պարոն Շահրամանյանին ու բոլոր արցախցիներին, որ ձայներդ կտրեք, նստեք, այսպես կվարվեն բոլորիդ հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նելա Գրիգորյանը:

Ինչու են այդպես անում հարցին, պատգամավորը պատասխանեց. «Չե՞ք իմանում, որ այս իշխանությունները չեն սիրում ղարաբաղցիներին: Ալիեւի հետ միասին իրենց ծրագրերն են կատարում, որ արցախցիները ձեն չհանեն, արցախցիներին սա տանում է դեպի մահ»:

Հիշեցնենք, որ Աշոտ Դանիելյանի ձերբակալությունը հաջորդեց Եռաբլուրում լրագրողին եւ օպերատորին հայհոյելուն: Փետրվարի 20-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան Շարժման 36-րդ տարեդարձի օրը Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին ուղեկցող անձը՝ Աշոտ Դանիելյանը, հայհոյել է 24News.am կայքի լրագրողին ու օպերատորին, ինչպես նաև հրել վերջինիս՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական աշխատանքը: 

Միջադեպից ժամեր անց Սամվել Շահրամանյանը հանդիպել է լրագրող Մերի Մանուկյան-ի և օպերատոր Ասլանյանի հետ։ 24News.am–ի ղեկավար Նարեկ Գալստյանը ՖԲ էջում գրել է, որ թեման համարում են փակված․ «Նա և իր թիկնապահը ներողություն են խնդրել այդ իրավիճակի համար։ Հրապարակային այս հայտարարությունից հետո մեր խմբագրությունը համարում է թեման ավարտված»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829