Լրահոս
Օրվա լրահոսը

«Շահումով խաղերի հետ կապված կառավարության անդամներից որեւէ մեկն անհանգստություն չի՞ հայտնել, մենք պատրաստում ենք պատանի խաղամոլներ»

Փետրվար 21,2024 12:38

«Հայաստանում առաջին անգամ հնարավորություն կլինի խաղային ոլորտի ցանկացած ասպեկտի նկատմամբ իրականացնել իրական հսկողություն։ Եվ օրենսդրությամբ պահանջված բոլոր ստանդարտները հնարավոր կլինի դարձնել ստուգելի»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Խաղային գործունեության կարգավորման մասին, «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացում կատարելու նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Ռուստամ Բադասյան

Նրա խոսքով՝ ընկերությունների շրջանառությունը, կատարված խաղադրույքների ծավալն իրապես ստուգելի եւ վերահսկելի կդառնան, ինչը դրական ազդեցություն կունենա նաեւ հարկային եկամուտների վրա։

«Նախագծով նախատեսվում է կարգավորել խաղային ոլորտում իրավահարաբերությունները՝ տարանջատելով եւ հստակեցնելով բոլոր շահումով խաղերի տեսակները։ Նախագծում առանձին տեղ է զբաղեցնում խաղային արտադրանքների նկատմամբ միջազգային չափորոշիչներին համապատասխան պարտադիր տեխնիկական ստանդարտների ներդրումը եւ ոլորտը կարգավորող մարմնի ստեղծումը։ Մասնավորապես, նախագծով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի, ծրագրային միջոցների եւ տվյալների բազաների միացումը խաղային համակարգի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիտորինգային կենտրոնին։ Ինչպես նաեւ, համակարգին միացվող խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին եւ ունենան համապատասխան սերտիֆիկատներ։ Ներդրվող էլեկտրոնային համակարգը կապահովի ոլորտի թափանցիկությունը, կազմակերպիչների նկատմամբ աննկատ վերահսկողությունը, իրական շրջանառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացումը»,- ասաց Բադասյանը։

Նախատեսվում է նաեւ արգելել օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը, ինչպես նաեւ դրանց գովազդը ՀՀ տարածքում։

«Սահմանում ենք նաեւ խաղերին մասնակցելու սահմանափակումներ ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցների համար, օրինակ, եթե օգտվել են պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող՝ կառավարության կողմից սահմանված աջակցության որեւէ ծրագրից, ինչպես նաեւ պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող անձինք են։ Քանի որ Պաշտպանության նախարարության ու Քննչական կոմիտեի կողմից բարձրացվել է նաեւ որոշ պետական ծառայողների կամ զինծառայողների կողմից խաղերին մասնակցելու արգելքներ կամ սահմանափակումներ կիրառելու հարցը, պետք է կարգավորումներ սահմանել»,- հավելեց Ռուստամ Բադասյանը։

Հովիկ Աղազարյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց Ռուստամ Բադասյանին․ «Փաթեթը բնականաբար քննարկվել է կառավարությունում, բոլոր նախարարություններն էլ տվել են համապատասխան եզրակացություն։ Ինձ հետաքրքիր է՝ երբ քննարկվել է այդ հարցը, մանկական շահումով խաղերի հետ կապված կառավարության անդամներից որեւէ մեկն անհանգստություն չի՞ հայտնել։ Չէ՞ որ այդ մանկական շահումով խաղերը շատ վտանգավոր են, մենք պատրաստում ենք պատանի խաղամոլներ ապագայի համար։ Երբ ձեր երեխաների հետ զբոսնել եք նման վայրերում, տեսե՞լ եք արդյոք այդ երեխեքի աչքերի փայլը, երբ 1000 դրամը տալիս են եւ 200 դրամ իբր թե շահում են։ Դա վտանգավոր չէ՞, կա՞ն երկրներ, որոնք արգելում են մանկական շահումով խաղերը»։

Ռուստամ Բադասյանն ասաց, որ այդ հարցն ուշադրության կենտրոնում է, եւ այս փաթեթում հասկացությունները խիստ հստակեցվում են։ «Գործունեության համար սահմանվում են մեծ պետական տուրքեր, այսինքն՝ որեւէ մեկը չի կարող բերել, ինչ-որ խաղային ապարատ դնել ու շահույթ ստանալ դրանից։ Հիմա էլ մենք ունեցել ենք պրակտիկա, երբ մեծ ակտեր են գրվել, եւ գործունեությունն, ըստ էության, դադարել է։ Բնականաբար, բոլորն են խիստ մտահոգված Հայաստանում խաղամոլության ծավալների ընդլայնմամբ եւ դրա նկատմամբ էֆեկտիվ սահմանափակող միջոցառումների իրականացմամբ»,- նշեց ՊԵԿ նախագահը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829