Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի խորհրդականի ՀԿ-ն պետությունից խոշոր դրամաշնորհներ է ստանում. «Հրապարակ»

Փետրվար 21,2024 11:54

2023 թվականի հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանն իրեն խորհրդական նշանակեց Սուրեն Մաղաքյանին, չնայած այն հանգամանքին, որ Մաղաքյանին պատկանող հասարակական կազմակերպությունը պետությունից խոշոր դրամաշնորհներ է ստանում։ Խոսքը «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության մասին է, որի նախագահը Սուրեն Մաղաքյանն է։

Այս ՀԿ-ին առաջին անգամ պետության կողմից դրամաշնորհ է տրամադրվել 2022-ի հունվարի 21-ին։

2023 թվականին, երբ Սուրեն Մաղաքյանն արդեն վարչապետի խորհրդական էր նշանակվել, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 6 դրամաշնոհ է հատկացրել այս նույն հասարակական կազմակերպությանը, ընդ որում՝ առավել մեծ չափերի։ Մաղաքյանի նշանակումից 1 շաբաթ անց՝ 2023 թվականի հունվարի 26-ին, ՀԿ-ին տրամադրվել է միանգամից 4 դրամաշնորհ, որոնցից 2 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը 14 մլն 672 հազար դրամի, եւ եւս մեկ դրամաշնորհ` 12 մլն 188 հազար դրամի, տրամադրվել է նույն՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ- վերականգնողական աջակցություն ցերեկային կենտրոնում» ծրագրի շրջանակներում, մյուս դրամաշնորհը՝ 7 մլն 430 հազար դրամ արժողությամբ, «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագրի իրականացման համար, որի շրջանակներում 18 անձի պետք է մատուցվեին «սոցիալ-հոգեբանական վերականգնման» ծառայություններ։

2023 թվականի փետրվարի 1-ին Մաղաքյանի ՀԿ-ն հերթական դրամաշնորհն է ստացել արդեն ավելի մեծ՝ 21 մլն 560 հազար դրամ արժողությամբ, «Ընտանիքներին՝ կանանց եւ երեխաներին աջակցություն» ծրագրի համար։ 2023-ին այս ՀԿ-ին գումար է հատկացրել նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ 9 մլն 680 հազար դրամի չափով։ Այս գումարով էլ ՀԿ-ն դասընթաց է կազմակերպել, ենթադրամաշնորհի մրցույթ կազմակերպել եւ 10 լավագույն մասնակցից յուրաքանչյուրին տվել 200 հազար դրամ ենթադրամաշնորհ։ 2023 թվականին արդեն վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Սուրեն Մաղաքյանին պետության կողմից տարբեր դրամաշնորհներով տրվել է ընդհանուր հաշվով 80 մլն 202 հազար դրամ։

Թեեւ 2024-ը դեռ նոր է մեկնարկել, սակայն Սուրեն Մաղաքյանի ՀԿ-ն արդեն ունի 2 դրամաշնորհ՝ ԿԳՄՍ եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների կողմից տրամադրված։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829