ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում, «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ կից նախագծերի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հարցրեց էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Տերյանին․ «Գործող ազատ տնտեսական գոտիների մոնիթորինգ անո՞ւմ եք, եւ ի՞նչ ցուցանիշներ կան, որոնք համարում եք բավարար»։
Նարեկ Տերյանն ասաց, որ պատրաստում են ԱՏԳ-ների զարգացման ռազմավարություն։ «Մոտակա ժամանակահատվածում այն պատրաստ կլինի եւ կքննարկենք՝ ինչ ենք արել եւ ինչ ենք պատրաստվում անել»,- նշեց նա։
Տերյանի խոսքով՝ այսօր Հայաստանում գործում է 4 ազատ տնտեսական գոտի, որոնցից ակտիվ աշխատում են 2-ը։
Նարեկ Տերյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, ասաց, որ «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում նախատեսվում է սահմանել ԱՏԳ տարածքում թույլատրելի գործունեության տեսակները, որոնք ընտրվել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները։ Այդ ոլորտներն են՝ մշակվող արդյունաբերություն, գյուղատնտեսություն, ՏՏ ոլորտ, զբոսաշրջություն։
Կարդացեք նաև
«Ընդգրկվում է նաեւ առեւտուրը, քանի որ որոշ տնտեսական գոտիներում դրա իրականացումը կնպաստի ԱՏԳ-ում արտադրված ապրանքների տեղում իրացմանը, երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը»,- ասաց նա։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այս փաթեթին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ