Մյունխենյան համաժողովի եւ հանդիպումների մասին զրուցել ենք քաղաքագետ Արթուր Խաչիկյանի հետ։
– Ինչպե՞ս կգնահատեք մյունխենյան անվտանգության համաժողովին Փաշինյանի մասնակցությունը։
– Այդ կոնֆերանսը հերթական պարտությունն էր դիվանագիտության համար, մենք դարձյալ ոչ մի բան չստացանք։ Այսպես կոչված, միջազգային հանրությունը լուռ նայեց, թե ինչպես հայաթափվեց Արցախը, որը 33 տարի պայքարում էր իր իրավունքների համար, ազգային ինքնորոշման համար։ Ոչ ոք չնկատեց այդ հայաթափումը, որեւէ հետեւանքներ Ալիեւի համար չեղան, եվրոպական որեւէ կառավարություն պաշտոնապես չընդունեց, որ եղել է էթնիկ զտում, որեւէ երաշխիք Հայաստանի անվտանգության համար չտրվեց, Ադրբեջանի զորքը շարունակում է մեր տարածքում լինել, շարունակում են քննարկել Ալիեւի հետագա պահանջները՝ մեր սահմանադրության փոփոխումը, Զանգեզուրը, անկլավները եւ այլն։ Ինչպես Խրիմյան հայրիկը 150 տարի առաջ Բեռլին գնաց դատարկ ձեռքերով, մենք էլ Մյունխեն գնացինք նույն դատարկ ձեռքերով։
– Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ հանդիպումը, ըստ Ձեզ, ի՞նչ իմաստ ուներ։
Կարդացեք նաև
– Առաջին անգամը չէ, որ մեր ղեկավարությունը հանդիպում է Անգլիայի հետախուզական գործակալության պետին։ Դուք քանի՞ երկիր գիտեք, որտեղ երկրի ղեկավարները հանդիպում են մի ուրիշ երկրի հետախուզական գործակալության պետի հետ։ Պարզ է, որ նրանք ստանում են տեղեկություններ, եւ իրենց ասում են, թե ինչ անեն։ Նրանք ստանում են ինստրուկցիաներ՝ Անգլիայից, Թուրքիայից, Միացյալ Նահանգներից, թե ինչ անեն, եւ հանձնարարությունը պարզ է՝ հանձնել Արցախը, Ռուսաստանին դուրս հանել Հայաստանից, հակառուսական այս մոլեռանդ քարոզչությունը շարունակել, ամեն ինչում զիջել Ադրբեջանին եւ Թուրքիային, ընկնել Թուրքիայի ոտքի տակ՝ դառնալ ոտքի տակի փալաս եւ դրա դիմաց ստանալ արեւմտյան քաղցր կյանքի խոստումներ, առեւտուր, փող, այս կառավարության անդամների համար ինչ-որ ապագա ապաստան Արեւմուտքում։ Էլ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել, եթե ոչ այսպես։
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: