Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է մագնեզիումն այդքան կարևոր

Փետրվար 21,2024 09:30

Արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորումից մինչև տրամադրության բարելավում․ մագնեզիումի դերն օրգանիզմի առողջության պահպանման գործում դժվար է թերագնահատել։ Այս անփոխարինելի հանքանյութը կատարում է բազմաթիվ գործառույթներ և օգնում է կանխարգելել կամ թեթևացնել առողջական ամենատարբեր խնդիրներ, օրինակ՝

1. Մասնակցում է օրգանիզմի կենսաքիմիական հարյուրավոր գործընթացներին

Մարմնի բոլոր բջիջները նորմալ կենսագործունեության համար ունեն մագնեզիումի կարիքը։ Մեր օրգանիզմում մագնեզիումի մոտ 60%-ը պարունակվում է ոսկրերում, իսկ մյուս մասը՝ մկաններում, փափուկ հյուսվածքներում և հեղուկների, ներառյալ արյան կազմում։
Այս հանքանյութը հիմնականում կոֆակտորի՝ օգնական-մոլեկուլի դեր է կատարում՝ մասնակցելով ֆերմենտների կողմից անընդհատ իրականացվող կենսաքիմիական ռեակցիաներին։ Մագնեզիումը մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող 600-ից ավելի ռեակցիաներին, ներառյալ՝

  • էներգիայի ստեղծում․ սնունդը վերափոխում է էներգիայի,
  • սպիտակուցի ձևավորում․ ամինաթթուներից նոր սպիտակուցներ է ստեղծում
  • գեների պահպանում․ մասնակցում է ԴՆԹ-ի ու ՌՆԹ-ի ստեղծմանն ու վերականգնմանը,
  • մկանային աշխատանք․ նպաստում է մկանների թուլացմանն ու կրճատմանը,
  • նյարդային համակարգի կարգավորում․ ապահովում է գլխուղեղի ու նյարդային համակարգի միջև հաղորդակցությունը։

2. Նպաստում է սրտի առողջության պահպանմանը

Մագնեզիումը կարևորագույն դեր ունի սրտի առողջության պահպանման համար։ 2021 թ․-ին հրապարակված զեկույցը ցույց է տալիս, որ մագնեզիումի հավելումները կարող են օգնել զարկերակային ճնշման նվազեցման հարցում, մեկ այլ զեկույցով հաստատվում է մագնեզիումի օգտագործման արդյունքում սիրտ-անոթային հիվանդությունների, կաթվածի վտանգի նվազեցման փաստը։

3. Օժտված է հակաբորբոքային ազդեցությամբ

11 հետազոտությունների ամփոփիչ զեկույցում նշվում է, որ մագնեզիումի հավելումները քրոնիկ բորբոքում ունեցող անձանց շրջանում նվազեցնում են բորբոքման մարկեր համարվող С-ռեակտիվ սպիտակուցի մակարդակը։

4․ Նպաստում է միգրենի նոպաների կանխարգելմանը

Միգրենային գլխացավերը կարող են շատ սուր լինել՝ առաջացնելով սրտխառնոց, փսխում, լույսի, աղմուկի նկատմամբ գերզգայնություն և այլն։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ միգրենով տառապող մարդիկ ավելի հաճախ են ունենում մագնեզիումի անբավարարություն, քան մյուսները։ Որոշ ուսումնասիրություններ էլ հավաստում են, որ մագնեզիումը կարող է կանխարգելել միգրենի դրսևորումները։

5. Թեթևացնում է նախադաշտանային համախտանիշի ախտանշանները

Մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ մագնեզիումը նվազեցնում է նախադաշտանային համախտանիշի ախտանշանները, որովայնի ջղակծկումներն ու փքվածությունը, անհանգստությունը և այլն։

6. Կարևոր է ոսկրերի առողջության համար

Մագնեզիումը որոշիչ նշանակություն ունի ոսկրերի առողջության, ոսկրային զանգվածի պահպանման համար։ Որոշ հետազոտություններ մագնեզիումի ցածր մակարդակը կապում են օստեոպորոզի ավելի մեծ վտանգի հետ։

7. Բարելավում է քնի որակը

Մագնեզիումը կարգավորում է քնի գործընթացին մասնակից այնպիսի նյարդամիջնորդանյութերի գործունեությունը, ինչպիսին գամմա-ամինոկարագաթթուն է։ Մի քանի հետազոտություններ փաստում են, որ մագնեզիումը բարելավում է քնի որակն ու տևողությունը, պայքարում անքնության դեմ։

Իհարկե, այսքանով չի սահմանափակվում մագնեզիումի դրական ազդեցությունն առողջության վրա․ այս հանքանյութն օգնում է հաղթահարել անհանգստությունն ու տագնապը, դեպրեսիան, բարձրացնում է մարզումների արդյունավետությունն ու մարդու աշխատունակությունը, կարգավորում արյան մեջ շաքարի մակարդակը և այլն։

Որո՞նք են մագնեզիումի անբավարարության ախտանշանները

Մագնեզիումի պակասի մասին կարող են հուշել՝

  • ախորժակի կորուստ,
  • սրտխառնոց և փսխում,
  • հոգնածություն,
  • վերջույթների թմրածություն, ծակծկոց,
  • մկանային ջղակծկումներ,
  • սրտի ռիթմի խանգարում և այլն։

Մագնեզիումի՝ օրական խորհուրդ տրվող չափաբաժինը տղամարդկանց դեպքում կազմում է 400–420 մգ, կանանց դեպքում՝ 310–320 մգ։

Մագնեզիումով հարուստ մթերքներ են՝

Դդմի սերմեր- օրական նորմայի 37% (28 գ․),
չիայի սերմեր- օրական նորմայի 26% (28 գ․),
խաշած սպանախ- օրական նորմայի 19%, 1/2 բաժակ (90 գ.),
նուշ- օրական նորմայի 19%, (28գ.),
քեշյու- օրական նորմայի 18% (28 գ.),
եփած սև լոբի- օրական նորմայի 14%, 1/2 բաժակ (86 գ․),
գետնանուշի կարագ- օրական նորմայի 12% (32 գ.),
շագանակագույն բրինձ-օրական նորմայի 10%, 1/2 բաժակ (100 գ.),
ավոկադո- օրական նորմայի 5% (75 գ.)։

Եթե որոշում եք մագնեզիումի հավելումներ ընդունել, խորհրդակցեք բժշկի հետ, քանի որ թեև այդ հավելումները հիմնականում լավ են յուրացվում, բայց կարող են վնասակար լինել այն մարդկանց համար, որոնք ընդունում են միզամուղ դեղամիջոցներ, հակաբիոտիկներ, օստեոպորոզի, սրտի հիվանդությունների դեմ պայքարող դեղամիջոցներ, պրոտոնային պոմպի ինհիբիտորներ և այլն։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829