Լրահոս
Օրվա լրահոսը

Սպայի պատիվը

Փետրվար 21,2024 12:30

Երբ զինհաշմանդամ ես կամ առնվազն զինհաշմանդամի ընտանիքի անդամ՝ անհնար է, որ առօրյա կյանքում մի քանի անգամ, ամենուր հնչող այդ նույն հարցը չլսես. այս պատերազմից՞ է… Իսկ այս պատերազմը երբեւիցե ավարտվել՞ է: Մեր պատերազմը սկսվել է Հայկի ժամանակներից, բելերն են եղել տարբեր ու տարատեսակ։

ՌԱՖԱՅԵԼ ԱԶԻԶՅԱՆ. մեկն այն հայ սպայական կազմից, ում համար մարտական բարդ առաջադրանքը կամովի իր վրա վերցնելը նաեւ ճակատագրական էր։ Պատասխանատու սպայի խառնվածքը չէր կարող թշնամական դիրքի դիպուկահարի չեզոքացման բավականին բարդ առաջադրանքը թողնել իր զինվորների ուսերին, ուստի իր իսկ կամքով առաջադրանքն իր վրա վերցրեց, իրականացման ընթացքում թշնամական դիրքի առավելությունը եղավ պատճառ, որ Ռաֆայել Ազիզյանը ծանր վիրավորում ստացավ, վիրավորում, որը զրոյացնում էր ապրելու հույսերը եւ թողնում զուտ հայորդու դիմադրողականության ու Աստծո հույսի երկխոսության վերջնարդյունքը։ Ռաֆայելը հաղթեց, ապրեց եւ շարունակում է արարել, պայքարել ու հավատալ, զրույցը նրա հետ մեր իրականության մեջ սպայի պատվի ու մտորումների մասին է։

–Ինչպե՞ս վիրավորվեցիր, եղան վիրահատություններ, ի՞նչ փուլերով անցաք եւ կարող եք հաղթահարած համարել այն, դա ունի՞ ինչ-որ հատուկ հանգրվան:

-Ես մեկնել եմ ծառայության իմ դիմումի համաձայն Արցախի Հանրապետություն եւ չորս ամիս անց հրաման ստացա, որ պետք է թույլ չտամ հակառակորդին ինժեներական աշխատանքներ կատարի եւ այդ հրամանը կատարելու ժամանակ հակառակորդի դիպուկահարը նկատում է եւ նրա կրակոցից ստանում եմ գլխի հրազենային վիրավորում։ Տասնհինգ օր անց արթնանում եմ, ճիշտ է ջախջախված դեմքով ու ես ինքս ինձ առաջադրանք եմ տալիս, որ պետք է ոտքի կանգնեմ ու կյանքիս մյուս բարձունքները բարձրանամ։ Այս ընթացքում տասը անգամ վիրահատվել եմ ու դեռ ունեմ վիրահատություններ։

– Ի՞նչ էր եւ է Արցախը Ձեր համար, հարգելի Ռաֆայել: Որպես զինվորական ինչպե՞ս կանվանեք այն, ինչ տեղի ունեցավ, վերջնականապե՞ս կորցրեցինք Արցախը, ի՞նչ է սպասվում ազգին ու հայրենիքին, երբ նրանից խլում են իր հոգեւոր բովանդակությունը:

– Արցախը ինձ համար Հայաստան է, մեր հայրենիքի մի կարեւոր մասն է, ինչպես Արեւմտյան Հայաստանը։ Արցախը մեր պատիվն է ու արժանապատվությունը, որը ժամանակավորապես խլել են, ես հավատում եմ, որ մեր հողերի հետ մեկտեղ մենք ետ կբերենք, կվերադարձնենք եւ մեր պատիվը, եւ ինքնասիրությունը։ Դավաճանություն, որովհետեւ բոլորս՝ շարքայինից մինչեւ ղեկավար օղակներ անտարբեր եւ անհետեւողական ենք եղել մեր հայրենիքի հզորացման, զարգացման գործում։ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Անտարբերությունն ավելի մեծ արատ եմ համարում, քան դավաճանությունը»։ Սովորաբար մեր ազգը երբ հայտնվում է ծայրահեղ իրավիճակներում՝ համախմբվում է եւ անհնարինը անգամ դարձնում հնարավոր։ Այս պարագայում ես հասկանում եմ, որ մեր միջից չի կորել համախմբման կարողությունը, այլ հավատն է կորել մեր հաղթանակների հանդեպ։ Վերականգնելու համար այն պետք է յուրաքանչյուրս մտածենք, որ յուրաքանչյուրիցս է կախված մեր երկրի ապագան։

-Ձեր մասին տարբեր մարդկանցից, բայց միշտ նույն բարձր գնահատանքի խոսքերն եմ լսել, նույն տպավորիչ կարծիքները, այսինքն, այն Ռաֆայելը, որը կար մինչ վիրավորումն ու նրանից հետո երբեք չփոխվե՞ց:

-Իմ մարդկային որակները բնականաբար չեն փոխվել, բայց կյանքի դժվարությունները եւ երկրում կատարվող իրադարձությունները իհարկե փոխել են ինձ։

-Ոգու ուժն ու գեղեցկությունը պահելու համար ի՞նչ է պետք մեզ առհասարակ:

-Մեզ պետք է փոխադարձ հարգանք, վստահություն, ընկածին օգնելու, բարձրացնելու կարողություն, հասկանալու, հավատալու, վստահելու կարողություն, այս ամենի հավաքականն ունի ի վերջո ոգով ուժեղ մարդը։ Այդ ամենը պահելու համար պիտի քո օրինակով ցույց տաս հասարակությանը, թե ինչ գեղեցիկ եւ պատվաբեր է այդպես ապրելը։

-Գնահատված լինելու զինվորական չափանիշները որոնք են ըստ Ձեզ եւ ընդհանրապես, սխրանքի ու մեդալ- կոչումների արանքում ո՞ւմ եք տեսնում եւ ո՞ւմ պետք է տեսնել ճիշտ լույսի տակ։

-Գնահատված զգալու համար հասարակության փոքր վերաբերմունքը, մեկ դրական խոսքն էլ բավարար է։ Հրամանատարի կողմից քաջալերանքի ու գովասանքի խոսքերն ու գնահատված լինելու ազդանշանները գնահատված զգալու հնարավորություն են տալիս։ Սովորաբար շատ քիչ դեպքերում է լինում սխրանքի միայնակ կատարումը, հիմնականում ստորաբաժանման կազմն է այդ ամենին նպաստում։ Ուստի մեկ մարդու խրախուսելը կոչում բարձրացնելով ու մեդալ շնորհելը սխալ կլինի, բնականաբար այդ ամենին արժանի է ողջ ստորաբաժանումը։ Այդ կոչումների ու մեդալների ետեւում ես զինվորներիս ու ընկերներիս եմ տեսնում։ Այսպիսի մի խոսք կա. առանց հրամանատար զորք չի կարող լինել, առանց զորք՝ հրամանատար, հետեւությունս, որ առաջադրանքը կատարում են միասնական ու համախմբված լինելով։ Հրամանները կարող են չկատարվել, ձախողվել այդ երկուսի բացակայության պատճառով։ Հրամանատարները երբեք չպիտի մոռանան իրենց կրթող եւ դաստիարակող մարդկանց, որովհետեւ այդ առաջադրանքի կատարման կամ հաղթանակի համար մեծ ներդրում ունեն նաեւ ուսուցանողները։

–Ո՞րն է «Սպայի պատիվ» ասվածը եւ այն այսօր որքանո՞վ է բարձր պահվում։

-Յուրաքանչյուր հրամանատար, սպա պիտի կարողանա պատվով կրել այդ պատիվը, որովհետեւ ոչ բոլորին է վիճակվում հրամանատար լինել։ Այդ պատասխասնատու պաշտոնը զբաղեցնելու եւ ղեկավարելու հնարավորություն ստանալու պարագայում պետք է հասկանալ, որ այդ ստորաբաժանումը քո պատասխանատվության տակ է, քո ճիշտ կամ սխալ որոշումը ազդելու է հենց զինվորներիդ վրա։ Սպան պիտի հասկանա, որ հրամանները թիկունքից չեն տրվում, այլ միայն ու միայն առջեւից, որովհետեւ հենց այդտեղ է սպան պատիվ ձեռք բերում կամ կորցնում։ Սպայի պատվի մեջ է մտնում նաեւ իր արտաքին տեսքը, թե ինչպե՞ս է նա ներկայանում իր ստորաբաժանմանը։ Ցավոք, այսօր սպա լինելու նշաձողը իջեցվել է, որովհետեւ այսօր ցանկացած բուհ ավարտած մեկը՝ մեկ տարի սովորելու, կամ եթե ծառայել են՝ կես տարի սովորելու դեպքում կարող է սպա դառնալ։ Իսկ այն տղան, ով չորս տարի սովորել է, զինվորական կրթություն ստացել, ամեն օր գտնվել է այնտեղ, տեսնում է, որ մեկը մեկ տարի սովորելով ստանում է նույն կոչումը, այստեղ այդքան էլ արդարությունը չի գործում։ Սպա դառնալու համար պետք է ու պարտադիր է ունենալ պատասխանատվության բարձր զգացում, լինել ճշտապահ, չստել, հոգ տանել իր զինվորների մասին, ստորաբաժանման դիմաց կանգնել կոկիկ եւ հստակ կեցվածքով, իսկ մարտական գործողությունների ժամանակ լինել վճռական, ցուցաբերել խիզախություն եւ այդքանով միայն սպան կարող է ձեռք բերել պատիվ։

-Բանակային կյանքին սովոր զինվորականն այսօր քաղաքացիական կյանքում ինչպե՞ս է իր տեղը գտնում, հարմարվում։

-Սկզբնական շրջանում շատ դժվար էր ադապտացվել քաղաքացիական կյանքին։ Ծառայության ընթացքում առավոտյան ես միշտ վաղ եմ արթնացել, որպեսզի գնամ աշխատանքի։ Այսօր դասավանդում եմ եւ այդ բացը լրացվում է իմ գիտելիքները նոր սերնդին փոխանցելով։

-Գիտեմ նաեւ, որ սպորտով եք զբաղվում, կոնկրետ նախասիրություն ունե՞ք սպորտում, ինչո՞ւ եւ ինչպե՞ս ընտրեցիք բազկամարտը։

-Առաջին անգամ, որ ոտք դրեցի նոր մարտահրավերներով լի կյանք՝ մտածում էի, որ վերջ է դրվել իմ սպորտային կյանքին, քանի որ բժիշկներն էլ հենց այդպիսի ցուցում էին տվել՝ մարզվելը հակացուցված համարելով ինձ համար։ Ես դեմ գնացի բժիշկներին եւ չսխալվեցի, արդեն մի քանի անգամ հաջողություններ եմ գրանցել Հայաստանի առաջնություններում։ Սպորտն իմ կյանքում մեծ դեր ու նշանակություն է ունի, մինչ ծառայությունը զբաղվել եմ հունահռոմեական ըմբշամարտով, ազատ ոճի ըմբշամարտով, ծանրամարտով, բռնցքամարտով եւ վիրավորումից հետո չէի կարող իմ սիրած սպորտաձեւով մարզվել, ընտրեցի բազկամարտը, սեղմում հենարանից վարժությունը եւ հետո գնդի հրումը, որը բավականին լավ է ստացվում, այդ երկուսով ես ունեցել եմ բազում հաջողություններ եւ հետագայում մեծ հույսեր ունեմ, որ եռագույնը ծածանելու եմ մեր սահմաններից դուրս։ Հենց սպորտն է, որ ինձ թույլ է տալիս մտածել, որ ես հաշմանդամ չեմ։ Ինձ փորձեցի նաեւ այլ բնագավառում, վիրավորումից հետո ընդունվեցի ԵՊՀ մագիստրատուրա, պատմության ֆակուլտետը, որը շուտով կավարտեմ, իսկ այդ ընթացքում ուժերս փորձեցի Էջմիածնի պետական քոլեջում, որպես ՆԶՊ առարկայի դասախոս։ Այժմ աշխատում եմ Արշալույս գյուղի Ս.Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում, որպես զինղեկ։ Զինվորական պատրաստվածությունը առաջնային եմ համարում ցանկացած հայի համար, պատանիներին հատկապես, զարմանալին այն է, որ աղջիկների ունակություններն ու ցուցաբերած առաջադիմությունը ավելին է եւ չի զիջում տղաներին։ Գտնում եմ, որ պետք է մարզվել եւ տիրապետել զինվորական պատրաստվածությանը, մեր այս տարածաշրջանում ու իրավիճակում այն անհրաժեշտություն է մեզ համար։

-Հայի պատմությանը, եթե իրավաբանական ձեւակերպում տայինք, հետաքրքիր է ինչպիսի՞ն կլիներ այն:

-Ինքնության, ազատության եւ անկախության ձգտման, ստեղծարար էության պատմություն է։

-Կա՞ մի դաս, որը կցանկանայիք տալ եւ սովորեցնել այսօրվա մեր հանրությանը, կամ ի՞նչը կցանկանայիք շտկել մեր առօրյա կյանքում, ուր ամեն պահի կարող ես բախվել տարատեսակ, ճնշող կամ ոգեշնչող դրսեւորումների:

-Կցանկանայի մեր հանրությանը սովորեցնել, թե ովքե՞ր են եղել մեր հերոսները, թե ո՞ւմ շնորհիվ է, որ մենք այսօր կանք ու խոսում ենք հայերեն։ Ճանաչենք մեր պատմությունն ու ավելի սիրենք մեր հայրենիքը, քան հիմա, որ անտարբեր ենք ու չենք սիրում, եթե սիրենք, չենք աղտոտի, աշխատավայրում ժամանակ չենք մեռցնի: Կվերացնեի կոռուպցիան, վիրավորում ստացածների հանդեպ ուշադրությունը մաքսիմալ կլիներ, հերթեր չէին կանգնի, կզգային, որ միայն պատերազմից – պատերրազմ չէ, որ իրենց հիշում են։ Կվերացնեի երկու փոխկապակցված երեւույթ՝ անտարբերությունն ու դավաճանությունը։

-Դավաճանությունը տարիք չունի եւ ոչ էլ արարքը վաղեմության ժամկետ, այսօր դասագրքերից հանվել է Րաֆֆին, մեծ վիպասանի Սամվելը հենց լավագույն օրինակն էր, դավաճանության դատապարտման, ուրացման դեմ դուրս եկած բացառիկ կերպար էր Սամվելը, ում հանդգնում էին վիճարկել նաեւ տասնամյակներ առաջ, որոշ «մտավորականներ» չընկալելով կամ միտումնավոր չհասկանալու տալով մի պարզ մեսիջ, որ Րաֆֆին դրել էր նրա կերպարում… Մենք մեր այսօրվա ուսումնական ծրագրերով շատ հեռու չե՞նք արժեքներից։ Սա դավաճանություն չէ՞, ինչո՞ւ ենք մենք դավաճանությունը փնտրում միայն պատերազմից հետոներում, կամ միայն այդ ժամանակ, այն պետք է փնտրել եւ տեսնել ամեն օր եւ ամենուր:

– Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր՝ «Մենք երբեք մեր պատմության մեջ ոչ մի պատերազմ մինչեւ վերջ չենք տարել»։ Ու սա էլ մինչեւ վերջ չտարանք, արդյունքը բոլորիս պարզ էր ինչու, որովհետեւ մենք ասում էինք, որ տարածաշրջանում ամենահզոր բանակն ենք, բայց դրան զուգահեռ Ադրբեջանը լուռ զինվում էր, իսկ ոմանք գրպաններն էին հարստացնում։ Ինչ վերաբերվում է կրթական այս քաոսին, ասեմ, որ ես երեք առարկա եմ առանձնացնում, որոնք գերազանց պիտի տիրապետի աշակերտը. մայրենի լեզու, հայոց պատմություն, նախնական զինվորական պատրաստվածություն։ Այո, մենք մեր անհաջողություններից հետո փորձում ենք գտնել մեղավորներ, դավաճաններ, բայց մինչ այդ ոչինչ չենք անում, որ դրանք չլինեն։ Ամենափոքր մանրուքն էլ ազդում է անհաջողություններին, անօգնական մարդու կողքով անտարբեր անցնելու փոխարեն օգնել, անգրագետ լինելու փոխարեն կրթվել, մեծահասակներին անպատվելու փոխարեն հարգել, փողոցը աղտոտելու փոխարեն մաքուր պահել, միմյանց անհարգալից վերաբերմունք տալու փոխարեն զիջել, ատելու, նախանձելու, վատը կամենալու, ոտքի տակ փորելու փոխարեն սիրել, ուրախանալ դիմացինի հաջողություններով եւ օգնել։ Այս ամենը մեզ կդարձնի Արտաշեսյան դինաստիայի նման հզոր պետություն։

-Ասում ես, որ զինվելու փոխարեն դեռ անցյալի փառքով էինք տարված, մինչ մեր թշնամին կուտակում էր զենք ու զինամթերք: Իսկ արտաքին գործո՞նը, մեզ միշտ ինչ որ պետություններ թելադրել են ու կասեցրել այն առաջընթացը, որը եւ պատերազմներում եւ խաղաղության մեջ կարող էինք ունենալ։ Մեծ խարդավանքի սցենարը բացառե՞նք, երբ աշխարհը քար լռությամբ հետեւում էր այն բոլոր անարդարություններին որոնք պատերազմի օրենքներին անգամ դեմ են, բայց մեր թշնամին կիրառում էր դրանք մեր դեմ :

-Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Մենք ոչինչ չունենք աշխարհին ցույց տալու, մրցունակ չենք ոչնչով, իսկ Ադրբեջանն ունի մրցունակ շուկա եւ շահավետ է աշխարհին նրա հետ աշխատելը։ Իսկ 90-ականներին ինչու՞ էին մեր կողքին շատ պետություններ, որովհետեւ ուժեղ էինք, միասնական ու հաղթում էինք, իսկ հիմա ճիշտ հակառակը։ Մենք մեզ ճիշտ չենք կարողանում ներկայացնել արտաքին դաշնակիցների մոտ, կամ նոր դաշնակիցներ չենք կարողանում ձեռք բերել, իսկ թուրքը ունի շատ ճկուն արտաքին քաղաքականություն, եթե ընկած է՝ համբուրում է ոտքերը, իսկ եթե հնարավորություն կա՝ մեջքից հարվածում է։

-Արդյոք մենք հասկացանք ի՞նչ է կատարվել մեր հոգու եւ մարմնի հետ պատերազմի միջոցով, եթե հոգին ՝ համարենք հայրենիքը, մարմինը՝ ազգը:

-Մեր հոգին եւ մարմինը բաժանեցին այնպես ինչպես ազգը եւ հայրենիքը՝ ,բաժանիր , որ տիրեսե սկզբունքով, եւ այդ սկզբունքով շարժվելով էլ մեզ հաղթեցին։ Մենք դեռ ,նոկաուտիե մեջ ենք, դեռ չենք սթափվել, խելքի եկել։ Վատն այն է նաեւ, որ անտարբերությունն է շատացել, հայրենիքը լքելու ցանկությունն է մեծացել, մեծ մասը ցանկանում են խուսափել ծառայությունից։ Ամենավատն այն է, որ մենք Աստծուց ենք հեռացել ու այլեւս ոչնչի չենք հավատում եւ չենք վստահում, այդ ամենը վերականգնելու համար ժամանակ է պետք ու ճիշտ աշխատանք։ Եթե գիտակցենք թե ի՞նչ գնով ու ճանապարհով էինք հասել այս օրվան մենք նորից վերածնունդ կունենանք, անպայման։

-Ռաֆայել, վերջերս մագիստրոսական թեզ եք պաշտպանել բավականին լուրջ պատմական թեմայի ուսումնասիրությամբ, որտեղ հայոց ռազմարվեստին եք անդրադարձել։ Ինչու՞ հենց Արտաշեսյանների դինաստիան ընտրեցիք։

-Ռազմական գործն ինձ հոգեհարազատ է։ Ցանկացած հաղթանակի խորքում ռազմական գործն է կաարեւորվում։ Կարեւորում եմ բոլոր դինաստիաների անցած թե՜ ռազմական, թե՜ հոգեբանական, թե՜ դժվարին ուղին եւ շնորհակալ եմ, որ մեզ ՝ հայերիս այսպիսի հպարտանալու պատմություն են թողել։ Արտաշեսյանները տարբերվում են նրանով, որ հենց այս դինաստիայի ժամանակ է եղել Հայաստանի հզորության գագաթնակետը, եւ սա միմիայն բարձր ռազմական հմտություններ, անսահաման հայրենասիրություն, բարձր հրամանատարական ջիղ, հոգատարություն մեկը մյուսի հանդեպ եւ հավասարության սկզբունքի դրսեւորման շնորհիվ է եղել, իսկ այդ ամենի համադրումը մեկ տեղում հաղթանակ է բերել։

Հարցազրույցը՝

Արմինե ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2024

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829