Ինչպես ջութակահար Ֆելիքս Հարությունյանը բարձրացավ հաջողության աստիճաններով
«Երաժիշտները վաղ հասակից են սկսում իրենց մասնագիտական ուղին, իմ դեպքում նույնպես այդպես է: Մինչեւ Ավստրիա տեղափոխվելը ես սովորել եմ Հայաստանում՝ նախ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, ապա Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում», – «Առավոտի» հետ զրույցում ասաց ավստրիաբնակ ջութակահար Ֆելիքս Հարությունյանը՝ հավելելով, որ վաղ տարիքում սովորածը ֆունդամենտալ նշանակություն ունի արտիստի հետագա ձեւավորման վրա: Ֆելիքսը ներկայումս Վիեննայի Ֆոլկսօպերայի (Volksoper Orchestra) հիմնական անդամ է, հայ երաժշտի հետ նվագախումբը կնքել է անժամկետ աշխատանքային պայմանագիր:
«Եվ Չայկովսկու անվան դպրոցը, եւ կոնսերվատորիան ավարտել եմ Ալեքսանդր Կոսեմյանի դասարանում: Նրա ճիշտ խորհուրդների եւ մեթոդական աշխատանքի շնորհիվ է ինձ հաջողվել ճիշտ դրված հիմքի վրա ստեղծել, այսպես կոչված, եվրոպական կառույցը: Ավելին, Ալեքսանդր Կոսեմյանի կողմից այն կառուցված է եղել, եւ ինձ մնում էր սովորածս ուղղակի Եվրոպայում ճիշտ ուղղությամբ կատարելագործել: Ինչ վերաբերվում է Եվրոպա տեղափոխվելուն, նշեմ, որ 2005 թվականին ընդունվեցի Գրացի երաժշտության եւ կատարողական արվեստի համալսարան՝ Դոմինիկա Ֆալգերի դասարան, 2009 թվականին գերազանցությամբ ավարտեցի բակալավրը, 2021-ին՝ գերազանցությամբ ավարտեցի մագիստրատուրան: Դրանից հետո տեղափոխվեցի Վիեննա, որտեղ սովորում եմ Վիեննայի երաժշտության մասնավոր համալսարանում՝ կրկին Դոմինիկա Ֆալգերի դասարանում: Սա իմ երկրոդ մագիստրատուրան է:
Դոմինիկա Ֆալգերի դերը շատ մեծ է իմ կարիերայում՝ որպես նվագախմբի երաժիշտ: Նա երկար տարիներ աշխատում է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբում ու շատ մեծ փորձ ունի, դրանով էլ միշտ կարողացել է ինձ ճիշտ խորհուրդներ տալ հատկապես նվագախմբային բնագավառի առումով»,-նշեց երաժիշտը:
Ջութակահարի խոսքով, եվրոպական նվագախմբերում բավականին խիտ է գրաֆիկը եւ մեծ է ծանրաբեռնվածությունը, ու իր առօրյան հիմնականում կազմված է կամ աշխատանքից, կամ աշխատանքին պատրաստվելուց: Եվ եթե ստացվում է, որ օրվա մեջ մի քանի ժամ ազատ ժամանակ է ունենում, հաճույքով շախմատ է խաղում կամ որեւէ ֆիլմ է դիտում:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ մրցույթների մասնակցելուն եւ մասնավորապես՝ Վիեննայի Ֆոլկսօպերայում հաստատվելուն: «2022թ. դեկտեմբերին ես մասնակցեցի Վիեննայի Ֆոլկսօպերայում առաջին ջութակների թափուր տեղի համար հայտարարված մրցույթին: Նշեմ, որ եվրոպական նվագախմբերում չափազանց դժվար է մրցույթներում հաղթելը, քանի որ ընդհանուր երաժիշտների մակարդակը շատ բարձր է, նաեւ բարձր են ժյուրիի սպասումները: Վիեննայի Ֆոլքսօպերան շատ հայտնի եւ հին նվագախումբ է, որը հիմնադրվել է 1898թ: Այստեղ մրցույթները առավել եւս բարդ են: Նվագախմբերի մրցույթները սովորաբար լինում են երկու փուլով, իսկ Ֆոլքսօպերայի մրցույթը՝ ամենաքիչը երեք փուլով: Եվ լսումները հաղթահարելը դեռ գործի միայն մի մասն է, պետք է հաղթահարել նաեւ փորձաշրջանը: Իմ փորձաշրջանը 2023թ. հոկտեմբերին ավարտվեց, եւ նվագախմբի երաժիշտների կողմից ես միաձայն հաստատվեցի որպես նվագախմբի հիմնական անդամ՝ առաջին ջութակների կազմում»,- տեղեկացրեց երաժիշտը:
Մեր հարցին՝ ո՞րն է իր հաջողության գրավականը, Ֆելիքսն այսպես արձագանքեց. «Ընդհանուր առմամբ հաջողության գրավականն առաջին հերթին աշխատասիրությունն է, նաեւ ոչ պակաս կարեւոր է համբերատարությունը: Ես ավելի քան 10 միջազգային մրցույթների եմ մասնակցել եւ կարելի է ասել՝ բավականին փորձ եմ ձեռք բերել այդ ոլորտում: Նաեւ կարծում եմ, որ շատ կարեւոր է մրցույթներին մասնակցելը, բայց ոչ ինքնանպատակ, այլ որպես միջոց, հնարավորություն՝ տանը կատարած աշխատանքը բեմում ցուցադրելու համար: Մրցույթը կոփում է երաժշտին, սովորեցնում է հաղթահարել սթրեսը: Միջազգային մրցութները նաեւ լավ հնարավարություն են միջազգային գործընկերների հետ ծանոթանալու, կապեր ստեղծելու առումով, թեեւ պետք է նշեմ, որ միշտ չէ, որ մրցույթների մասնակիցները սիրալիր են միմյանց նկատմամբ»:
Ինչ վերաբերվում է այցեքարտային ստեղծագործություններին, այս մասին էլ մեր զրուցակիցը նշեց. «Բոլոր ստեղծագործություններն էլ կատարում եմ մեծ հաճույքով, թեեւ դժվար է մեկ-երկուսն առանձնացնելը, բայց այնուամենայնիվ կնշեմ մի քանի անուններ: Բեթհովենը, Էժեն Իզային, Հենրիկ Վենյավսկին եւ Արամ Խաչատրյանը միշտ առանձնահատուկ տեղ են ունեցել իմ նվագացանկում»:
Հայաստանի հետ կապված ծրագրերից էլ խոսեցինք: «Ես Վիեննայի Ֆոլկսօպերայի հետ ունեմ անժամկետ աշխատանքային պայմանագիր, ու չեմ կարող կոնկրետ բան ասել Հայաստան վերադառնալու մասին, բայց Հայաստանի հետ կապված ունեմ շատ ծրագրեր, երաժշտական գաղափարներ, որոնք ցանկանում եմ մոտ ապագայում իրագործել: Խոսքը մասնավորապես համերգային եւ դասավանդման գործունեության մասին է: Անցյալում ես հաճախ ելույթ եմ ունեցել Հայաստանում՝ որպես մենակատար, համագործակցել եմ Ֆիլհարմոնիկ եւ Կամերային նվագախմբերի հետ: Ի դեպ, Հայաստանի պետական կամերային նվագախմբում աշխատում է նաեւ մայրս՝ ջութակահար Գոհար Դանիելյանը: Եվ որպես ջութակահար իմ ձեւավորման մեջ նա է ունեցել մեծ դեր: Առանց մայրիկիս համբերատար աշխատանքի եւ մանկավարժական խորհուրդների՝ ես չէի հասնի մասնագիտական հաջողությունների»,-ընդգծեց Ֆելիքս Հարությունյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Ֆելիքս Հարությունյանի պաշտոնական կայքից:
«Առավոտ» օրաթերթ
20.02.2024