Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է ստեղծվում կենսունակ «միֆոդիզայնը»

Փետրվար 21,2024 13:00

Ադրբեջանն այդ առումով զգալի հաջողությունների է հասել

«Տեր-Պետրոսյանը պետք է հասկանար, որ ղարաբաղյան ավանտյուրան վնաս է բերում Հայաստանին»: Այդպես է իմ նյութը մեկնաբանել սոցցանցային օգտատերերից մեկը: Քանի մեկնաբանությունը ռուսերեն էր, գուցե կարող եմ ենթադրել, որ գրողն ադրբեջանցի է: Բայց նույն հավանականությամբ նա հայ է եւ նիկոլական:

Ես հարգանքով եմ վերաբերվում ցանկացած կարծիքի, եւ եթե մեկնաբանությունը հայհոյանք չի պարունակում, այն կարող է տեղ գտնել իմ էջերում: Ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել մեկ այլ հանգամանքի վրա. Ադրբեջանական նառատիվը միանգամայն ընդունելի է Փաշինյանին համակրող հայկական զանգվածի համար:

Ի՞նչի մասին է դա խոսում: Ինձ թվում է, այն մասին, որ 1994-2020 թվականներին Ադրբեջանը կարողացել է հաջողությամբ կառուցել իր ազգային միֆը: Ինչպես միշտ, վերապահում անեմ, որ «միֆ» բառի մեջ որեւէ բացասական իմաստ չեմ ներդնում: Ըստ ռուս փիլիսոփա Ալեքսեյ Լոսեւի, դա իրականությունը կազմակերպելու անհրաժեշտ ձեւերից մեկն է:

Մինչդեռ մենք, չնայած շատ ավելի հարուստ պատմական «backdround» ունենք, նույն ժամանակահատվածում ազգային միֆ կերտելու գործում տապալվել ենք: Նույն նիկոլականները դա կբացատրեն հետեւյալ կերպ՝ «որովհետեւ մեր իշխանությունը թալանում էր»: Բայց դա չափից դուրս պարզունակ բացատրություն է: Ադրբեջանի իշխանությունն ավելի շատ էր թալանում եւ մեծ թափով շարունակում է դա անել: Ես այլ ձեւակերպում կտայի՝ «որովհետեւն հիշյալ ժամանակահատվածում մեր իշխանությունը, քաղաքական եւ մտավորական վերնախավը չկարողացան որակյալ ազգային միֆ ստեղծել: Միակ միֆը, որն այդ տարիներին մեզանում հաջողություն ունեցով, հենց «թալանելու» մասին միֆն է: Բայց այն առնչվում է ոչ թե ազգային, այլ սոցիալական ոլորտին:

Ադրբեջանական հաջող «միֆաստեղծման» օրինակ բերեմ: Մոտ 12 տարի առաջ եվրոպական կառույցների հովանավորությամբ հանդիպում են հայ եւ ադրբեջանցի պատանիները «մերձենալու» հպատակով: Ներկայանալու արարողության ժամանակ մեր դեռահասները խոսում են հումանիզմի, հանդուժողականության, համամարդկային արժեքների, խաղաղության մասին՝ եվրոպական հովանավորների օրակարգին համահունչ: Ադրբեջանցի 14-15 տարեկան երեխաները բոցաշունչ ճառեր են արտասանում իրենց հայրենիքն «ազատագրելու» երազանքի մասին եւ վերջում բոլորը պարտադիր ավելացնում են «ես ազգայնական եմ» կարգախոսը:

Ուկրաինացի սոցիալական հոգեբան Վսեվոլոդ Զելենինն օգտագործում է «միֆոդիզայն» եզրույթը եւ ցույց է տալիս, թե ինչպես է իրականացվում քաղաքական վերնախավի եւ ինտելեկտուալների աշխատանքն այդ ուղղությամբ, ինչպես է դա ընդհանրապես աշխատում:

Ըստ այդմ, բոլշեւիկյան «համաշխարհային հեղափոխության» գաղափարի տարածումը հզոր «միֆոդիզայնի» արդյունք է: 1970-ականների խաղաղ համագոյակցության գաղափարը եւ, մասնավորապես, 1975 թվականի Հելսինկյան ակտն այդ միֆի վերջն էին ազդարարել, ինչն էլ, ի վերջո, բերել էր համակարգի փլուզմանը:

Զելենինը մեկ այլ օրինակ է բերում: Իր երկրի դեմ ռուսաստանյան ադրեսիայի սկբնական շրջանում Կրեմլի քաղտեխնոլոգ Վլադիսլավ Սուկովն առաջ էր քաշում «Նովոռոսիա» գաղափարը: Դա նշանակում էր, որ երկու կողմերում նույն ռուս ազգի ներկայացուցիչներն են, Կիեւյան Ռուսիայի ժառանգորդները: Այդ դիզայնը, ըստ հոգեբանի, շատ ավելի կենսունակ էր, քան այն, ինչ կառուցվում է հիմա՝ թե իբր Ուկրաինան պարզապես Ռուսաստանի մասն է:

Այսօրվա Հայաստանի «միֆոդիզայնի» հիմնական գաղափարը հետեւյալն է. որպեսզի մենք չվերապրենք հին եւ նոր ազգային տրավմաներ, եկեք ընդհանրապես չունենանք ազգային ինքնություն՝ գլխից էլ հրաժարվենք, գլխացավանքից էլ: Կասկածում եմ, որ դա կաշխատի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Որովհետեւն հիշյալ ժամանակահատվածում մեր իշխանությունը, քաղաքական եւ մտավորական վերնախավը չկարողացան որակյալ ազգային միֆ ստեղծել: »
    ………
    Այդ «որակեալ» պայմանին հետ խնդիր չէի ունենար, եթէ իրողութիւնը այն չլինէր որ յիշեալ ժամանակաշրջանում, յիշեալ վերնախաւը դէմ էր՝ Ո-Ր-Ե-Ւ-Է ազգային գաղափարաբանութեան:

    ՈՐԵՒԷ ազգային միֆ, *անորակ* էր, եւ ուրեմն համակարգային կերպով՝ մերժելի: Նոյնիսկ երբ որ խօսքը միֆի մասին իսկ չէր, այլ պատմական ամենատարրական իրողութիւններու նշումին, յիշատակումին:

    Հիմա ալ, բոլոր անոնք որոնք, այդքան տարիներ, մնայուն պայքար բացած էին ազգային որեւէ քարոզչութեան դէմ, նուազագոյն իսկ դաստիարակութեան դէմ, պիտի արդարացնեն իրենց այդ – հաւաքական ինքնասպանութեան տանող – մտայնութիւնը, կեցուածքն ու վարքագիծը, *որակի՞* պատճառաբանութեամբ:

    Հայաստանի – ե՛ւ Արցախի մէջ -, Հայոց ազգային գիտակցութիւնը, կենսական ըմբռնողութիւնը, չկարողացան տեղ գտնել: Հող գտնել:

    Հայդուկ Շամլեան

  2. Հ.Շ. says:

    Յ.Գ. ՀՀ առաջին նախագահը գոնէ անկեղծութիւնը ունեցաւ բացայայտելու որ ինք կտրականապէս դէմ է Հայոց Ազգային գաղափարաբանութեան: Երկրորդը եւ երրորդը, լրիւ ստախօսներ էին, անամօթ շարլաթաններ, այդ ուղղութեամբ: Արցախին նկատմամբ իսկ իրենց կեցուածքը հիմնուած էր՝ նիւթական, գետնաքարշ նկատառումների վրայ:

    Փաշինյանը, յատկապէս այս նիւթին մէջ, գոնէ 2020 Դեկտեմբերէն սկսեալ, այժմու ՀՀի բոլոր ղեկավարներից ամենաանկեղծն է: Այս է արդէն հիմնական պատճառը, որ նա դեռ այսքան շատ հայ համակիրներ ունի: Նամանաւանդ մինչեւ այն ատեն երբ որ այլընտրանքը, շարլաթանների վերադարձն է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829