Կոտայքի մարզի Նոր Գեղիի վարչական շրջանի ղեկավար Արմեն Բաբախանյանը տեղեկություններ չունի, թե Նոր Գեղիի նախկին ղեկավար Վարդան Պապյանի՝ համայնքից օտարած հողատարածքի վերաբերյալ ով է իրավապահներին տեղեկություններ տրամադրել:
Ավելի վաղ գրել էինք, որ իրավապահները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Նոր Գեղիի նախկին ղեկավար Վարդան Պապյանը 40.000.000 դրամ շուկայական արժեքով հողամասը 440.000 ՀՀ դրամով օտարել է ընկերոջը, վերջինս էլ վաճառել է Պապյանի եղբորը:
«Այդ հողակտորի հետ շինաշխատանքներ են կատարվում, երեւի ինչ-որ մեկին հետաքրքրել է, թե դա ումն է, եկել են: Ես նոր եմ իմացել, երբ իրավապահները եկան աճուրդները ուզեցին»,- ասաց Բաբախանյանը:
Իսկ Վարդան Պապյանը իր շուրջ սկսված իրավական գործընթացի հետեւում տեսնում է հենց Բաբախանյանին: Մեզ հետ զրույցում Վարդան Պապյանն ասաց. «Չեմ կարողանում հասկանալ, թե համայնքի ղեկավարի շահագրգռվածությունը որն է: Հիմիկվա ղեկավարը փորձում է քրեական գործեր կարել, ինչպես մեկը կարեց ու պարզվեց, որ կեղծ է ու ոնց հասկանում եմ՝ դրա համար ոչ մեկ պատասխանատվություն չկրեց, հիմա երկրորդն են կարում: Ինքը անձնական խնդիր ունի, ուզում է վնասի: Ես ընդդիմադիր եմ համայնքի ղեկավարին, այս իշխանության հետ որեւէ խնդիր չունեմ: Այս ամենի մեջ գործող ղեկավարի մատն է խառը: Ամոթ էդ մարդկանց, որոնք նման բան են անում»:
Իսկ Բաբախանյանը վստահեցնում է՝ համայնքի նախկին ղեկավարի դեմ որեւէ լարվածություն կամ թշնամանք չունի. «Ես ընդհանրապես Պապյանի դեմ որեւէ բան չունեմ, ես իրավապահներին որեւէ տեղեկություն չեմ տվել: Ինքը երեւի իր արշինով է չափում, կամ գուցե պարտությունը չի մարսել: Ես իր հետ որեւէ առնչություն չունեմ, կամ չեմ էլ պատրաստվում որեւէ գործ տալ իրավապահներին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ