«Ես՝ Արամ Գասպարի Սարգսյանս, պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- այսօր Ազատության հրապարակում ղարաբաղյան շարժմանը նվիրված եւ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Միասին» շարժման համակարգող, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:
Նա նշեց, որ ուզում են միավորել հասարակությանը, քաղաքական դաշտին ու ապացուցել, որ Հայաստանը փայլուն պետություն է ու որեւէ «մուտիլովշիկ» չի կարող այն տապալել. «Ես այնպիսի մարդ, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, երբեք չեմ հանդիպել իմ կյանքում: Մարդը կարող է այսօր սուտ ասել, հաջորդ օրը մի ուրիշ սուտ ասել, մոլորեցնել ժողովրդին, հետ կանգնել իր խոսքերից: Այս մարդը, որ մի ժամանակ հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, հաջորդ օրերին դարձավ Ադրբեջանի դատապաշտպանը, ու ո՞նց պիտի հաստատեր, որ Արցախը Ադրբեջանինն է, հնարեց Ալմա Աթայի հռչակագիրը: Այդ հռչակագիրը ինքն էլ է հասկանում, որ ընդամենը նրա համար էր, որ ԽՍՀՄ փլուզումից հետո այդ հանրապետությունները կարողանան ինչ-որ մի կազմակերպական ձեւ ունենան»:
Ըստ Արամ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանը «Բարեկենդանի» նման, որն ասում էր՝ արի յուղն ու բրինձդ տար, հիմա Ադրբեջանին ասում է՝ Արցախը տարել ես, արի Հայաստանն էլ տար. «Նա ասում է, որ Հայաստանը Արեւմտյան Ադրբեջան է, սա ոչ մի ձեւ չի հակադրվում»:
Կարդացեք նաև
Արամ Սարգսյանն ասաց, որ հիմա իրենք պահանջում են ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններից, որ այս կառավարության անվստահության գործընթաց սկսեն խորհրդարանում. «Ունենք մեկ շաբաթ ժամանակ, որ բանակցենք այլ քաղաքական ուժերի հետ, հետո միասնաբար գանք ու ձեր առջեւ հաշվետու լինենք: Պետք է ձեւավորենք ժամանակավոր կառավարություն, որը պետք է կազմված լինի մասնագետներից ու այդ կառավարությունը ժողովրդի աջակցությամբ կարող է հասնել նրան, որ մենք պարտադրեք այսօրվա տապալված իշխանությանը հեռանա: Ոչ թե իշխանափոխություն անենք, այլ նոր իշխանության ձեւավորում: Մենք պետք է կարողանանք ձեւավորել նոր իշխանություն, որը հավատարիմ կլինի այն ծրագրին, որին դուք հավանություն կտաք: Ծրագիրը կներկայացնենք հաջորդ հանրահավաքի ժամանակ: Մենք ուզում ենք, որ դա լինի ողջ ընդդիմադիր դաշտի անունից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ