Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե` կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Բարձրագույն կրթության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և նրա տեղակալները զեկուցել են Կոմիտեի համակարգման տիրույթում գտնվող բարձրագույն կրթության, գիտության և գիտատեխնիկական գործունեության ոլորտներում 2023 թվականի պետական ծրագրերի և միջոցառումների իրականացման վերաբերյալ:
Զեկուցվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող կոմիտեն՝ որպես պետական կառավարման համակարգում նոր մարմին, ստեղծվել է 2023թ. մայիսի 3-ին ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի՝ կոմիտեն իրականացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը՝ մեկտեղելով նախկինում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Գիտության կոմիտեի, Բարձրագույն որակավորման կոմիտեի, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները:
Մասնավորապես՝ ներկայացվել են գիտության և գիտատեխնիկական գործունեության ոլորտում կոմիտեի գործունեության արդյունքները՝ ըստ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 4 հիմնասյուների, ժամանակակից սարքերով և սարքավորումներով գիտական կենտրոնների վերազինում և ենթակառուցվածքների բարելավում, այդ թվում՝ կապիտալ ծախսային միջոցառումների միջոցով, մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերի և այլ միջոցառումների իրականացում, պետական ֆինանսավորման արդյունավետություն, այդ թվում՝ գիտական կադրերի ատեստավորման և վերջինիս արդյունքում աշխատավարձերի աստիճանական զգալի բարձրացման միջոցով, իրավական դաշտի կարգավորում:
Կարդացեք նաև
Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ինչպես է դուրս բերում, օրինակ, թե Ջրային ռեսուրսների կառավարման կոմիտեում ի՞նչ թեմա կա, որը կարող է գիտական սպասարկում ստանալ:
Սարգիս Հայոցյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով շրջաբերական է ուղարկվել բոլոր գերատեսչություններին, որոնք կարող էին ունենալ գիտական խնդիրներ: «Իրենք ներկայացրել են թեկնածուներ, որոնք հնարավորություն ունեն ներկայացնելու, թե տվյալ գերատեսչությունում գիտականամերձ ինչ խնդիրներ կան: Մենք նաև մեր կողմից այդ դաշտ ենք բերել գիտնականներ, որոնք կարող են հասկանալ խնդիրը: Այժմ միմյանց հետ այդ աշխատանքային խմբերը քննարկում են: Իրենք ասում են՝ այս կարիքն ունենք, իսկ գիտնականներ ասում են` սա գիտական խնդիր է, թե գիտական խնդիր չէ: Դրա հիման վրա ձևավորվելու են թեմաները, որոնց վրա արդեն մրցույթը կփորձենք անել, դրան զուգահեռ էլ կարգը կվերամշակենք, որում արդեն կֆիքսվի այդ գործընթացը, ինստիտուտ կդառնա»,- ասել է Սարգիս Հայոցյանը:
Վարչապետի խոսքով` հետաքրքիր մեխանիզմ է: «Եվ իմ կարծիքով՝ ամեն ինչի մասին է: Օրինակ՝ կարող է սահմանագծման գործընթացում գիտական թեմա ի հայտ գալ և ամենատարբեր ոլորտներում՝ ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող և այլն: Դա շատ հետաքրքիր մեխանիզմ է և եթե կարողանանք դարձնել իրականում աշխատող, շատ օգտակար կլինի, այդ թվում՝ պետության, ընդհանուր առմամբ, ինստիտուցիոնալ կայացման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև գիտական փորձաքննության և դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկման մեխանիզմների լավարկմանը, ինչպես նաև գիտության ոլորտի կառավարման միասնական էլեկտրոնային հարթակի արդյունավետությանը:
Հաջորդիվ, ներկայացվել են բուհական և հետբուհական, այդ թվում՝ աստիճանաշնորհման ոլորտում նախատեսվող և արդեն իրականացված բարեփոխումները, կրթության կազմակերպման բարելավմանն ու որակի ապահովմանն առնչվող խնդիրները, պետության համար առաջնահերթություն ներկայացնող ոլորտներում նպատակային կրթության խրախուսմանն ուղղված ծրագրերը, ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականությանն ուղղված միջոցառումները և այլ հարցեր:
Ընդգծելով բարձրագույն կրթության, գիտական և գիտահետազոտական ոլորտների ներդաշնակեցման և ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային, սիներգիական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախատեսված Ակադեմիական քաղաքի ստեղծման ուղղությամբ 2023 թվականին իրականացված աշխատանքներին, որոնք ներառում են իրավական բազայի կարգավորումը, Ակադեմիական քաղաքի հայեցակարգի մշակումն ու հաստատումը, քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախագծի պատրաստումը գերմանական «Gerkan, Marg and Partners» ճարտարապետական կազմակերպության կողմից, և հայեցակարգին աջակցության նպատակով միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական և կրթական հաստատությունների հետ համագործակցային կապերի հաստատումը:
Զեկուցվել է, որ 2023թ. հունվարի 1-ից զգալիորեն ավելացել է գիտաշխատողների աշխատավարձը (2021թ. ցուցանիշների համեմատ, կախված տարակարգից՝ 1,5-ից 3 անգամ)՝ 2021թ. մայիսի 13-ին ՀՀ կառավարության հաստատած 2022-2025թթ. բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված գիտական կադրերի ատեստավորման գործընթացի արդյունքներով: Ատեստավորում անցած գիտական և ճարտարագիտական աշխատողների բազային պետական աշխատավարձի աստիճանական աճը կշարունակվի մինչև 2025 թ.։
Վարչապետը հետաքրքրվել է գիտական կոչումների շնորհման գործընթացի մասին, թե ի՞նչ դինամիկա ունենք ներկայում:
Սարգիս Հայոցյանը նշել է. «Միանգամայն ստաբիլ ցածր դինամիկա: Դա խոսում է այն մասին, որ նախ 2020 թվականից սկսվեց ուշադրություն դարձվել որակին, գրագողության դեմ պայքարին և այլն»:
Արձագանքելով` վարչապետը նշել է. «Եթե գիտության ոլորտում մեր, այսպես ասած, ամբիցիաների հետ համեմատենք, իհարկե, քիչ է: Մյուս կողմից էլ մենք խնդիր ունենք այս թիվը բարձրացնելու, բայց առանց որակական կոմպրոմիսների: Դա, ըստ էության, ռազմավարական հարց է և այդտեղ պետք է հասկանանք՝ ո՞րն է մեր քաղաքականությունը: Ինչպե՞ս ենք թիվն ավելացնում, բայց որն ուղղակի վիճակագրություն չլինի, այլ ենթադրվի շատ կոնկրետ բովանդակություն, և մեր ռազմավարություններին համընթաց դիտարկվի այդ պրոցեսը»:
Ժաննա Անդրեասյանի խոսքով` գործողություններից մեկը միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներառված առաջատար ամսագրերում կամ հրատարակչություններում հրատարակությունների ֆինանսական աջակցությունն է նաև, որովհետև այժմ նաև պետք է անցնել աստիճանաշնորհման նոր կարգի հաստատման գործընթաց:
2023 թ. պետական բյուջեով գիտության ոլորտին առաջին անգամ հատկացվել են միջոցներ կապիտալ բնույթի ծախսային միջոցառումների համար՝ 4.2 մլրդ ՀՀ դրամի չափով, որի շրջանակում իրականացվում է թվով 54 սարքերի գնման գործընթացը:
Վարչապետ Փաշինյանի հարցին ի պատասխան՝ պատասխանատուները զեկուցել են, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում գիտության ֆինանսավորումն ավելի քան եռապատկվել է:
Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով գիտահետազոտական ինստիտուտների գործունեությանը` նշել է. «Մենք գիտահետազոտական ինստիտուտներում ատեստավորում ենք իրականացնում: Իրենք են թեմաներն ընտրում, մենք հետո նայում ենք թեմաների արդյունավետությանը, այսպես ասած, միջազգային գիտական համակարգում իրենց տեղի և իրենց տեսանելիության մակարդակը գնահատելու»:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքը նաև խոշորացման գործընթացի` բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման մասին է: «Ըստ էության, ամենամեծ փոփոխությունը հենց այս կտորի վրա է լինելու, քանի որ ինչ ծրագրեր են իրենք անում և որ ուղղություններով գնում, արդեն բովանդակային, այսպես կոչված, վերահսկողություն է լինելու, որ բուհերի հետ միավորման այդ կոնտեքստում, օրինակ՝ տեխնոլոգիական կամ կրթական ուղղությամբ կամ մյուս ուղղություններով կվերադասավորվեն»:
Վարչապետը հետաքրքրվել է` արդյոք բուհերում էլ կա՞ն հետազոտական ծրագրեր: Սարգիս Հայոցյանը դրական պատասխան է տվել:
Հարցին` այսօրվա պայմաններում բուհերն ի՞նչ ծավալի հետազոտական ծրագրեր են իրականացնում, ի պատասխան նշվել է, որ, օրինակ, ԵՊՀ-ում արդեն բազային ֆինանսավորման ծավալը հասել է 1 մլրդ: Բուհը դարձել է բավականաչափ մեծ հետազոտական կազմակերպություն:
«Ինչի՞ համար եմ ասում, որովհետև մենք հետագայում նաև դինամիկա էլ պետք է տեսնենք, ինչ աճեր ենք ունեցել, որովհետև այդ միավորման պրոցեսը միայն ֆիզիկական չէ, չէ՞, այսինքն՝ անկախ նրանից իրենք որևէ ինստիտուտի հետ ուղիղ կապված են, թե ոչ: Այդ հետազոտական մեխանիզմը պետք է սկսի բուհերում աշխատել, դա մեր պրոցեսն ավելի կհեշտացնի, քան կդժվարացնի»,- ասել է վարչապետը:
Տեղեկացվել է, որ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու ու համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծման նպատակով՝ 2023թ. 2 անգամ հայտարարվել է սարքերի ձեռքբերման մրցույթ, որոնց գիտական կազմակերպությունները ներկայացրել են 233 (114+119) սարքավորման հայտ` ընդհանուր 22.1 մլրդ դրամ արժեքով: Գիտական փորձաքննության արդյունքում ձեռքբերման է երաշխավորվել 95 (54+41) սարքավորում` 7.1 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։ Դա ավելին է, քան նույն նպատակով կազմակերպված նախորդ բոլոր մրցույթների արդյունքում տրամադրված միջոցների հանրագումարը (2013-2022թթ.՝ շուրջ 5,9 մլրդ)։
Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով սարքավորումների ձեռքբերմանը` հետաքրքրվել է. «Մենք մի գիտական կազմակերպության համար սարքավորում ձեռք բերելիս հետագայում ապահովո՞ւմ ենք, որ դրան հասանելիություն ունենան նաև, ըստ անհրաժեշտության, գիտական գործունեությամբ զբաղվող մյուս գործընկերները: Ես նաև այսպիսի հարց ունեմ՝ մենք սարք տարանք, դրեցինք, մենք ունե՞նք ինդիկատոր, այդ սարքն, ի վերջո, օգտագործվել է, չի օգտագործվել, քանի՞ ժամ, քանի՞ րոպե է օգտագործվել, քանի՞ թեմայի համար է օգտագործվել»:
Սարգիս Հայոցյանը նշել է, որ սարքավորումներից կարող են օգտվել ոլորտում գործող մյուս կազմակերպությունները և հավելել. «Հիմա մենք ի՞նչ ենք անում: Նախ սարքի հանձնման, ընդունման պայմանագրի մեջ նշվում է, որ այն պետք է համատեղ օգտագործման ենթակա լինի: Դրան զուգահեռ, նաև սարքը տրամադրելուց հետո կազմակերպությունը հինգ տարի հաշվետվություն է տալու այդ սարքի վրա արած աշխատանքների, այդ սարքով արված աշխատանքների տպագրությունների, օգտագործողների մասին: Դա կատարվելու է առցանց համակարգով: Այսինքն՝ այդ ամեն ինչն ավտոմատ կերպով է լինելու»:
Արձագանքելով` վարչապետը նշել է. «Մենք պետք է համոզված լինենք, որ մեր ներդրումը ծառայում է նպատակին և մաքսիմալ շրջանառության մեջ է: Ուզում եմ նաև հաջորդը նշել, տեսեք, մենք մի տողով գրել ենք սարք, բայց շատ ուշադիր պետք է լինենք այդ սարքի ռեսուրսին և սարքի համապատասխանությանն այսօրվան, որովհետև նույնիսկ նորագույն սարքերը շատ արագ հնանում են: Մենք սրա հետ էլ պետք է առերեսվենք, այսինքն՝ օգտագործման ռելեվանտությունը, այնուամենայնիվ, նվազում է: Որպեսզի դա լիարժեք շահագործենք, նաև պետք է այդ ուղերձն էլ լինի, որ հնանա` Կառավարությունը նոր սարք է բերելու: Գիտական հանրությունն այս ուղերձը պետք է ստանա, որ դա նրա համար չէ, որ մենք բերենք դնենք, անգամ ասենք՝ տեսեք, այս ինստիտուտի համար սարք ենք ձեռք բերել և դրա համար քաղաքական դիվիդենտ ձեռք բերենք: Դա նրա համար է, որ ավելի լավ սարքերի ռեալ պահանջարկ առաջացնի մեր գիտական հանրության շրջանում և գործունեության մեջ»:
Գիտական ստորաբաժանումների զարգացման ծրագրի շրջանակում առաջին անգամ իրականացվել է մրցունակ գիտական ստորաբաժանումների հագեցվածությանն ուղղված մրցութային ծրագիր, որի բյուջեն ամբողջությամբ ուղղվել է փոքր և ամենօրյա կիրառություն ունեցող գիտական սարքավորումների և նյութերի ձեռքբերմանը: Մրցույթի արդյունքում ստացվել է 99 հայտ 25 կազմակերպությունից՝ ընդհանուր 1,6 մլրդ դրամ գումարային արժեքով, որից փորձաքննության արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 60 հայտ` ընդհանուր 932 մլն դրամ գումարային արժեքով:
Նշվել է, որ 2023 թ. 17 դրամաշնորհային ծրագրերին ներկայացվել է 265 դրամաշնորհային նախագիծ, որից ֆինանսավորվել են 141-ը` 1,524,608 հզ. դրամ ընդհանուր ծավալով։
Վարչապետը հետաքրքրվել է, թե դրամաշնորհների ծրագիրն ինչպես է աշխատում և հիմնական շահառուներն ովքեր են: «Ես հիշում եմ՝ հենց սկզբնական շրջանում, երբ մենք դրամաշնորհների ծրագիրն էինք քննարկում, ամենակարևոր գաղափարներից մեկն այն էր, որ այդ դրամաշնորհների շուրջ գիտական խմբեր ձևավորվեն: Ինչպե՞ս է աշխատում ծրագիրը: Այսինքն՝ դիմում է խմբի պոտենցիալ ղեկավարը, հետո խումբ է հավաքում, թե խումբ է ձևավորվում, այդպես դիմում ներկայացվում»:
Սարգիս Հայոցյանը նշել է, որ խումբ է հավաքվում, որից հետո դրամաշնորհային ծրագրի մասնակցելու հայտ է ներկայացվում: «Մեր բոլոր մրցույթներում նախօրոք թիմը հավաքվում է, փորձաքննության փուլում նույնպես թիմի կարողությունները գնահատվում են»,- ասել է նա:
Հարցին` դրամաշնորհներով քանի՞ այդպիսի գիտական թիմ կամ խումբ է ֆինանսավորվել ընդհանուր առմամբ, տեղեկացվել է, որ ֆինանսավորվել է 644 գիտական խմբի հետազոտական նախագիծ, որից 141-ը 2023 թվականին:
«Սա շատ կարևոր բան է, որ մենք պետք է կարողանանք այդ ռացիոնալ, թեկուզ անպատրաստ վիճակում գաղափարը բռնել, ասել՝ չեք ստեղծել իրականում, բայց հետաքրքիր է, կարող է դառնալ դրամաշնորհային ծրագրի թեմա: Եվ մարդուն օգնենք, թեման մտցնենք հոսքագծի մեջ, որ վերջում տեսնենք, թե ինչ արդյունքի ենք հասել, որովհետև երկրի ինտելեկտուալ պոտենցիալն օգտագործելու մեխանիզմ պետք է ունենաք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Գիտական փորձաքննության գործընթացում ներգրավվել է 17 մասնագիտական փորձագիտական խորհուրդ և իրականացվել է 265 նախագծի 541 փորձաքննություն։
«Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր 2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 15, իսկ «ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր 2023 և 2023/2» մրցույթների արդյունքում՝ ընդհանուր թվով 6 գիտական խումբ, որոնց 5 տարվա համար տրամադրվում է շուրջ 150 մլն դրամ ֆինանսավորում, այդ թվում նաև՝ լաբորատոր միջավայրի բարեկարգման կամ վերազինման նպատակով։
Պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով ՀՀ բուհերում առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակներն աճել են՝ կազմելով 70000-77000 ՀՀ դրամ (ըստ առաջադիմության)` գործող 5000-6500 դրամի փոխարեն:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է արտերկրի բուհերում երիտասարդների ուսման համար կրթաթոշակների տրամադրման հարցին և ընդգծել ուսումից հետո նրանց հետվերադարձի ապահովման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: «Փաստացի ուղիղ կամ անուղղակի կարող ենք միլիարդ ծախսել, երիտասարդներին ուղարկել արտասահման սովորելու, և բոլորը կծափահարեն: Հետո ոչ մեկը չի հարցնի՝ այդ երիտասարդների քանի՞ տոկոսը հետ եկավ, որովհետև առաջնային նպատակն այն է, որ իրենք գան Հայաստանում աշխատեն, որ մեր այս պրոբլեմների մի մասն իրենց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ լուծվեն, այսինքն՝ Կառավարությանը, պետությանն օգնեն, լուծել: Դա կարող է տեղի ունենալ պետական, մասնավոր համակարգերում աշխատելով: Իսկ լավ, այս գումարը ծախսեցինք, իսկ ի՞նչ ստացանք արդյունքում: Կարող ենք ստանալ նաև այն, որ մեր ևս մի հայրենակից ինչ-որ մի երկրում շատ մեծ հաջողությունների է հասել, ինչի համար շատ ուրախ ենք, շատ բավարարված ենք, շատ լավ է, բայց դա, այնուամենայնիվ, այն նպատակը չէ, որով պետական բյուջեն պետք է ծախս անի: Պետք է վերադարձի մեխանիզմը հասկանանք ինչպես է, մարդը ոնց է վերադառնում: Ու այստեղ նորից հանրային կառավարման բարեփոխումների մասին է խոսքը, որովհետև եթե մարդը գնաց, ենթադրենք սովորեց, Օքսֆորդն ավարտեց, ինքը չի գալու 200, 300 հազար դրամով նախարարությունում վարչության պետ աշխատի: Չի աշխատելու»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը, մինչ այժմ կատարված աշխատանքներին և նախատեսվող քայլերին: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ակադեմիական քաղաքում տեղակայվող բուհերի նախկին շենքերի արդյունավետ կառավարումը: «Գուցե մեզ հարկավոր է նաև այսօրվանից գտնել ընկերություն, ով կտա հետագայում բուհական ֆիզիկական ենթակառուցվածքի կառավարման սխեմա, որովհետև մենք հիմա մտածում ենք, որ Երևանում ինչքան պետական բուհական շենք կա, այդ բուհական շենքերը կարող են կենտրոնացվել և կառավարվել: Այսինքն՝ վարձակալության տրվի և այլն, և ամբողջ եկամուտն ուղղի «Ակադեմիական քաղաքի» ֆինանսավորմանը: Կարծում եմ՝ այդ գույքի կառավարումն էլ է շատ լուրջ խնդիր, և պետք է մասնագիտացված միջազգային հեղինակություն ունեցող ցուցակված ընկերություն գտնենք, ով գա և մեզ սխեմա առաջարկի, թե ինչպես է պետք կառավարել այդ ենթակառուցվածքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի աշխատակազմ