ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի նախաձեռնությամբ փետրվարի 20-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում «Երեւան համայնքում տեղական տուրքերի` 2024 թվականի շինարարական թույլտվությունների դրույքաչափերի վերաբերյալ» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, կառուցապատող ընկերությունների, գործադիր մարմնի, Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուներ, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտնել է, որ թեեւ քննարկումը կազմակերպվել է Թադեւոս Ավետիսյանի նախաձեռնությամբ, սակայն փաստ է, որ ոլորտին առնչվող խնդիրները երկար ժամանակ է, որ քննարկվում են:
Թադեւոս Ավետիսյանի խոսքով շինթույլտվության եւ, ընդհանրապես, շինարարության ոլորտում պետական տուրքերի թռիչքաձեւ ավելացումն էական եւ օբյեկտիվ դժգոհություններ է առաջացրել կառուցապատողների եւ քաղաքացիների շրջանում, քանի որ դրանց ավելացումն իր ազդեցությունն է թողնում նաեւ շինարարության ծախսերի եւ վաճառքի գնի վրա: Նրա խոսքով պետք է քննարկել նաեւ, թե տուրքերի ավելացումն ինչ ազդեցություն կարող է ունենալ անշարժ գույքի գների վրա: Թադեւոս Ավետիսյանը նշել է, որ այս եւ ոլորտային այլ խորքային խնդիրներ քննարկելու համար պատգամավորներին դիմել էին մի խումբ ընկերություններ:
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ ղեկավար Գուրգեն Գրիգորյանը նշել է, որ Երեւան համայնքի ավագանու կողմից ընդունված տեղական տուրքեր եւ վճարներ սահմանող իրավական ակտերը տեղային բնույթի են եւ վերաբերելի Երեւան համայնքին. «Սակայն չմոռանանք, որ կան նաեւ ինստիտուցիոնալ բնույթի խնդիրներ, որոնք հանրապետական մասշտաբի խնդիրներ են եւ առնչվում են թե՛ Երեւանին, թե՛ Երեւանից դուրս կառուցապատում իրականացնող ընկերություններին»,- շեշտել է Գուրգեն Գրիգորյանը: Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները հայտնել են, որ մեկ տարի առաջ սկսել է շրջանառվել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որով առաջարկվում էր շինարարական թույլտվության գործող տուրքերը փոփոխել: Ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից:
Կարդացեք նաև
«Շրջանառության մեջ դրվեցին նոր վճարներ, մասնավորապես, հողի կարգավիճակի փոփոխության համար սահմանվեց վճար՝ կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, Ճարտարապետահատակագծային առաջադրանքի (ՃՀԱ) տրամադրման համար սահմանվեց վճար, միջանկյալ ՃՀԱ-ի հաստատման վճար, շինթույլտվության տրամադրման, շինթույլտվության ժամկետի երկարացման համար՝ տեղական տուրք: Ընդհանրապես անդրադարձ չեղավ անցումային դրույթներին, սկսված նախագծերին, ներդրումներին: Արդյունքում ընդունվեց ավագանու այս որոշումը՝ իր բազմաթիվ հետեւանքներով»,- ասել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը:
Ըստ նրա՝ Կառավարության համապատասխան որոշման մեջ կարգավորվում են քաղաքաշինության ոլորտում հիմնական իրավահարաբերությունները, նշվում է, որ ՃՀԱ-ի տրամադրումն իրականացվում է անվճար: Արմեն Սաքապետոյանը կարծում է, որ առկա է Կառավարության որոշմանը հակասող ավագանու որոշում կամ հակառակը:
Ըստ նրա՝ կառուցապատողներին հասանելի չի եղել որեւէ հաշվարկ՝ ինչո՞ւ է, օրինակ, բազային վճարը սահմանված 4 մլն դրամ կամ բազային տուրքը՝ 7 մլն դրամ, կամ ի՞նչ տրամաբանությամբ է բաժանվել գոտիականությունը:
Կառուցապատողները նշել են, թե տուրքերի չափի ավելացումը խնդիրներ է առաջացրել շինարարության ոլորտում: Ըստ այդմ՝ տուրքերի, վճարների ավելացումն առնվազն 10-15 տոկոսի չափով ավելացնելու է բնակարանների գներն առաջիկայում: Խնդրի կարգավորման նպատակով կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները քննարկում են ունեցել Երեւանի քաղաքապետարանում, ընդունվել են նրանց որոշ առաջարկներ, բայց խնդիրը, ըստ նրանց, չի լուծվել:
Ըստ կառուցապատողների՝ սահմանված տուրքերի եւ վճարների արդյունքում քաղաքի ծայրամասերում կառուցապատում իրականացնելը գնալով անհնար է դառնալու: Կառուցապատողները նշում էին՝ իրենց իրականացրած ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ նման բարձր տուրքեր եւ վճարներ որեւէ հետխորհրդային երկրում չկա:
Այս տեսակետների, ինչպես նաեւ կառուցապատողների ներկայացրած հաշվարկների հետ համամիտ չէր Երեւանի քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, որը տեղեկացրել է քաղաքապետարանում տեղի ունեցած քննարկման եւ ընդունված փոփոխությունների մասին: Նախատեսվել է առաջիկայում եւս շարունակել քննարկումները: Լեւոն Հովհաննիսյանը նշել է՝ քաղաքապետարանը բոլորովին մտադրություն չունի խոչընդոտելու մայրաքաղաքում կառուցապատման գործունեությունը: Քաղաքապետի տեղակալը պարզաբանել է, որ ներդրված տուրքերի եւ վճարների արդյունքում, օրինակ, քաղաքի 10-րդ գոտիական հատվածում բնակարանի 1 քմ-ն 950 դոլարից կդառնա 961 դոլար, կենտրոնում աճը կկազմի 40 դոլար: Լեւոն Հովհաննիսյանը պարզաբանել է՝ իրենց նպատակը քաղաքի համաչափ զարգացումն է: ՃՀԱ տրամադրումը վճարովի դարձնելու մասով էլ նա հայտնել է, որ առկա է Արդարադատության նախարարության դրական կարծիքը:
Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը պատրաստակամություն է հայտնել շահագրգիռ կազմակերպությունների հետ շարունակել քննարկումները: Անհրաժեշտության դեպքում կքննարկվի նաեւ օրենսդրական փոփոխությունների հարցը:
ՀՀ Ազգային ժողով