Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը հայաթափվեց, քանի որ Հայաստանում որոշեցին, որ «Արցախն այլեւս Հայաստան չէ եւ վերջ». Մետաքսե Հակոբյանի ելույթը

Փետրվար 20,2024 20:33

«88-ի փետրվարին ես դպրոցահասակ աղջնակ էի: Ձեռքս բռունցք արած՝ գոռում էի, որ Ղարաբաղը մերն է, «միացում»: Երբ դա տեղի ունեցավ, ինձ համար հրաշք էր, մտածում էի՝ իմ բռունցքը եւս օգնեց: 36 տարի անց ես էլի մտածում եմ, որ մեր բռունցքը էլի է օգնելու: Հենց այս բռունցքով պիտի կարողանանք Արցախը վերադարձնել, այն հայինն է ու որեւէ այլ մեկը չի կարող այնտեղ ապրել»,- այսօր Ազատության հրապարակում ղարաբաղյան շարժմանը նվիրված եւ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախի նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նա ասաց, որ «2020-ին հանցագործ Ալիեւը, օգտվելով միջազգային հանրության անտարբերությունից եւ ՀՀ վարչապետի ապազգային, պարտվողական, հաճախ անտրամաբանական քաղաքական վարքագծից, Թուրքիայի հետ միասին սանձազերծեց պատերազմ մի ողջ ժողովրդի նկատմամբ՝ միայն այն բանի համար, որ մենք հայ ենք»:

Խոսելով շրջափակման մասին՝ նա ասաց. «Շատերը չեն կարող պատկերացնել այն դաժան իրականությունը, որի մեջ մենք էինք: Չեինք ընկճվում, որովհետեւ յուրովի էինք հասկանում, դա որպես պատերազմ էինք ընդունել: Բայց մենք ընդամենը 120 հազար էինք՝ թուրք-ադրբեջանական տանդեմի եւ ՀՀ ապազգային իշխանությունների քայլերի դեմ»:

Ըստ Մետաքսե Հակոբյանի, Արցախը հայաթափվեց, քանի որ Հայաստանում որոշեցին, որ «Արցախն այլեւս Հայաստան չէ եւ վերջ». «Իրականացավ տարիներ առաջ իմ կանխատեսումը, չի կարող լինել ազատ Արցախ՝ առանց հզոր Հայաստանի: Մեր ծնողների աճյունները Արցախում են ամփոփված: Արցախի հարցը տարածքային վեճ չէ, պետության ամբողջականությունը հարգել-չհարգելու հարց է, այն մի ողջ բնիկ ժողովրդի ապրելու իրավունքի հարցն է: Ոչ ոք չի կարող այդ հարցը փակել, քանի դեռ կա գեթ մեկ հայ, որն ուզում է ապրել իր պապենական հողում: Արցախի հարցը հայի բաց նյարդն է: Ոչ ոք չի կարող դիպչել նրան ոչ ոք չի կարող փակել այն, քանզի այն մեր գենի մեջ է»:

Նախկին դեսպան Էդգար Ղազարյանը թվարկեց Արցախի նախկին ղեկավարների անունները, որոնք հիմա Բաքվի բանտերում են:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829