Այսօր Ազատության հրապարակում ղարաբաղյան շարժման տարեդարձին նվիրված եւ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանն իր ելույթում ասաց. «1991-ին մենք երկրի նախագահ ենք ընտրել մի մարդու, որը եկել էր միացման կարգախոսով, բայց դեմ էր Արցախի հետ մեր միավորվելուն: Մենք ընտրել ենք մարդու, որը մեզ դեմ է եղել: Մենք ճի՞շտ ենք եղել: Մենք վերջերս ընտրել ենք մեկին, որը տվել է Արցախը, մենք ճի՞շտ ենք վարվել: Մենք պետք է այդպես գնահատենք մեզ ու իմանանք՝ որ մենք դեռեւս չունենք քաղաքական հասունության այն մակարդակը, որ պահանջում է մեզնից մեր խնդիրը: Բայց մեզ անընդհատ շփոթեցնում են տարբեր բաներով, մանիպուլյացիաներով, կեղծ մեկնաբանություններով՝ հիմնախնդրի իրավական հիմքերի հետ կապված»:
Անդրադառնալով Ալմա Աթայի հռչակագրին՝ Մանասյանն ասաց. «Եկեք իմանանք, որ դա ընդամենը հռչակագիր է, պայմանագիր չէ: Այնտեղ գրված է, որ հռչակագիրը ստորագրողները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այդ թվում նաեւ Ադրբեջանի: Ես ուզում եմ հարց տալ՝ Ադրբեջանն ի՞նչ տարածքներով է եկել Ալմա Աթա: Շատերը չգիտեն, որ ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Խորհրդային Ադրբեջանը, որից նա հրաժարվել էր, այնպես էլ Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը ասպարեզում հայտնվել են առանց ինքնորոշման, առանց Անկախության հանրաքվեի, առանց սահմանների: Ադրբեջանական հանրապետության անկախության սահմանադրական ակտում սահմաններ չեն գրել, այդ չգրված սահմաններով եկել են Ալմա Աթա: Ասում է՝ պատմականորեն ձեւավորված տարածքներում: Առանց սահմանների, պատմականորեն ձեւավորված տարածքները անիմաստ արտահայտություն է:
Կարդացեք նաև
Հետո են ջոկել, որ դա անիմաստ է: Ոչ մի փաստաթուղթ Ադրբեջանը չի ներկայացրել միջազգային հանրությանը կամ մեզ, որն իրավաբանորեն ուժ ունենա: Բայց արի ու տես, որ մենք հենց նրա փաստաթղթերն ենք դնում հիմքում, մեր մեծագույն սխալը, որ թույլ ենք տվել, դա իրավունքի դուրսմղումն է հակամարտության կարգավորման գործընթացից: Մենք բազմաթիվ սխալներ ենք արել: Դեկտեմբերի 10-ին Սովետը չկար, երբ Արցախում անկախության հանրաքվե էր եղել, Ադրբեջանն էլ չկար, մենք Անկախություն ենք հռչակել՝ ոչ մեկին չպատկանող տարածքներում: Պատմականորեն, իրավաբանորեն, փաստերով միայն մեզ պատկանող տարածքներում ենք անկախություն հռչակել: Բայց արի ու տես, որ ոմանց ջանքերով շրջանառության մեջ է դրվել, թե մենք իրավաբանորեն անջատվել ենք Ադրբեջանից: Պիտի լինեիք, որ անջատվեինք, չեք եղել, սահմաններ նա չի ունեցել, տարածքներ չի հայտարարել: Մենք մեզ պատկանող, Սովետին չպատկանող տարածքներում հռչակել ենք անկախություն: Այս փաստարկները մինչ օրս հայտնի չեն մեր իշխանություններին: Սրանք հասարակ բաներ են, որոնք սեւով սպիտակի վրա գրված են փաստաթղթերում»:
Ըստ Մանասյանի, մենք պետք է ուղղենք մեր սխալները, այլապես նույն բանն է լինելու. «Պետք է սթափվենք իրավական, քաղաքական դաշտերում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ