Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերն ունեն մի հատ հռոմեական հավաբուն, դա Գառնու տաճարն է, հա, մի կույտ էլ ռագատկի քարեր». Փաշինյանի խոսքերը՝ որպես 100 փաստ նրան հեռացնելու

Փետրվար 20,2024 19:40

««Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը նախապատրաստել է 100 խորհրդանշական հիմնավորում, թե ինչու պետք է իր զբաղեցրած պաշտոնից վռնդվի հայ ժողովրդի ամենամեծ թշնամին»,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

«Միասին» շարժման խորհրդի անդամ Ժասմինա Ղեւոնդյանը ներկայացրեց այդ 100 հիմնավորումները, որոնք տպագրվել են ու բաժանվեցին հանրահավաքի մասնակիցներին. «100 փաստերի մեջ ներկայացված են Նիկոլ Փաշինյանի՝ բոլորիս շատ հայտնի մտքերն ու դիրքորոշումը՝ սկսած 1998-ից: Երբ ժամանակագրական առումով հավաքագրում եւ համադրում ես նրա՝ ընդամենը 3 տարվա լրագրողական գործունեության բազմաթիվ նմանաբովանդակ հրապարակումներից մի քանիսը, գալիս ես մեկ եզրակացության՝ նա եկել է Արցախը հանձնելու եւ Հայաստանը կործանելու համար: 11.02.1998 թ. «Մոլորակ» թերթ, հոդվածի հեղինակ Նիկոլ Փաշինյան. «Հայերն ու ադրբեջանցիները բախտակից ժողովուրդներ են»: Հեղինակը հոդվածում գրում է, որ ինքը հոտնկայս հարգել է Բաքվում Սովետական տանկերի տակ զոհված բաքվեցիների հիշատակը, այնինչ բոլորս գիտենք, որ 1990-ի հունվարին Բաքվում տանկերի տակ զոհվել է հայերի դեմ 7 օր շարունակ ադրբեջանական իշխանությունների ղեկավարած, ցեղասպանություն իրականացրած գազազած թուրք խուժանը»:

Փաշինյանից հաջորդ մեջբերումը հետեւյալն էր. «Հայերն ունեն մի հատ հռոմեական հավաբուն, դա Գառնու տաճարն է, հա, մի կույտ էլ ռագատկի քարեր, դա էլ Քարահունջի աստղադիտարանն է». 1999թ. Ա1+, հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան»:

Ժասմինա Ղեւոնդյանը մեջբերեց նաեւ 2006թ-ի «Հայկական ժամանակում» տպագրված Փաշինյանի խոսքը. «Մեր ինչի՞ն է պետք Լեռնային Ղարաբաղը, իբր մեր հողերին շա՞տ ենք տիրություն անում, մի հատ էլ Ղարաբաղն ենք ուզում մեզանով անել»:

2001թ. «Հայկական ժամանակում» էլ Փաշինյանը գրել է. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն, եթե կուզեք՝ գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ: Ես չեմ ընդունում այն տեսակետը, որ լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին»:

Ղեւոնդյանը հիշեցրեց, որ Փաշինյանին իր այս գնահատականների մասին հարց են ուղղել նաեւ ԱԺ-ում՝ 2018-ի մայիսին: Խոսքը նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանի մասին է, որին Փաշինյանը դեզինֆորմացիա տարածելու մեջ մեղադրեց, չնայած Սաղաթելյանը ուներ իրեղեն ապացույցը՝ թերթը: Ժասմինա Ղեւոնդյանի խոսքով՝ թերթը կա բոլոր գրադարաններում. «Փաստորեն, իր վարչապետ սկսելու գործընթացը Նիկոլ Փաշինյանը սկսել է մեր երկրի բարձրագույն ամբիոնը պղծելով՝ ստախոսությամբ»:

Բանախոսը հիշեցրեց նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ի ամբիոնից ասածը, որ ինքը մեղավոր է. «Նա ասաց, որ իմացել է, բայց չի ասել: Ասելով ինքը կփրկեր, բայց չի ասել՝ դառնալով հազարավոր զոհերի պատճառ: Դա ավելին է, քան հանցագործությունը, ավելին է, քան դավաճանությունը: Նիկոլ Փաշինյանը տվել է նաեւ պատժից խուսափելու իր բանաձեւը՝ 1999-ի մարտի 25-ին «Օրագիր» թերթում գրել է. «Որպեսզի գործող իշխանությունները իրենցից հետո իշխանության եկողներին զրկեն իրենց դատելու հնարավորությունից, իրենք ուզած-չուզած պիտի կործանեն պետությունը»: Դրա համար է Նիկոլ Փաշինյանը անընդհատ խոսում պետություն ունենալ-չունենալու մասին: Փրկենք պետությունը Նիկոլ Փաշինյանի ճանկերից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Դեհ , Սորոսի հայտնի աշխատակերպը այդպես է սկսվում։ Երբեք նա իր դիտակետում հայտնված երկիրը միանգամից չի քանդում։ Երբեմն տասնյակ տարիներ էն անցնում, մինչեվ կաթիլ կաթիլ կերակրելով հասունացնում է իր անողնաշար թեկնածուին, սնում, ֆինանսավորում ,տարբեր “մարդասիրական ” ֆոնդեր տրամադրելով, կազմակերպում եվ ավարտին հասցնում ջախջախիչ հաղթանակը։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829