Հայրենակիցներ,
Արցախյան շարժումը սկիզբ դրեց երկու հայկական պետությունների, որոնք երկուսն էլ այս պահին օկուպացված են։ Արցախը օկուպացրել են Ադրբեջանի զինված ուժերը, իսկ Հայաստանը՝ Ալիևի կամակատար քաղաքական ուժը։
Փաշինյանական ռեժիմը սեփական իշխանությունը պահպանելու համար հանձնել ու հանձնում է ոչ միայն հայկական տարածքներ, գյուղեր ու բարձունքներ, այլև ձեռնամուխ է եղել մի գարշելի քարոզչական արշավի, որի նպատակն է Ալիևին հանձնել նաև մեր հոգիները։
Նիկոլը և նրա բաշիբոզուկները ջանք չեն խնայում հիմա մեզ համոզելու, որ մեր ազգային իղձերը սխալ էին, որ Շուշին ազատագրելը սխալ էր , որ սեփական հայրենիքին տեր կանգնելը սխալ է, որ թուրքերին ցեղասպանության մեջ մեղադրելը սխալ է , որ սխալ էին Վազգենը և Դուշմանը, Մոնթեն և Կյաժը , սխալ էին Դադիվանքը, Գանձասարն ու Ամարասը , սխալ է մեր հավատքը, մեր պատմությունը և մեր մշակույթը։ Մի խոսքով՝ հայ լինելը սխալ է։
Կարդացեք նաև
Տգետ հիմնավորումներով, բայց խորամանկ մտադրություններով Փաշինյանը, հակադրելով պետությունը հայրենիքին, փորձում է հիմնահատակ հայրենազրկել մեզ։ Ուզում է, որ մենք կորցնենք մեր հայրենիքը նախևառաջ մեր հոգում, մեր սրտում, մեր մտքում։ Որովհետև կորսված հայրենիքը ձեռք բերել դեռ կարող ես, իսկ մոռացված հայրենիքը՝ երբեք։
Հիշեցնենք նրան, որ պետությունը ընդամենը հայրենիքի գոյության ապահովման ձև է, նրա կենսունակությունը ապահովելու միջոց։ Հիշեցնենք նրան, որ հայրենիքը մարմինն է, իսկ պետությունը՝ այն ծածկող մաշկը։ Հիշեցնենք նրան, որ եթե պետությունը քո հայրենիքի վահանը չէ, ապա ու՞մ է պետք այդպիսի պետությունը։ Այդպիսի Հայաստանի Հանրապետությունը այլևս քոնը չէ, մերը չէ, հայերինը չէ։
Իրականում Նիկոլը պետությունն էլ չի սիրում, նա պարզապես իշխանություն է սիրում՝ անհագուրդ, ագահ և մոլեռանդորեն։ Ո՞նց կարող է պետությունը սիրել մեկը , ով մեզ դարձրել է գեոպոլիտիկ բոմժ, ով թքած ունի այդ պետության օրենքների վրա, ում օրոք մեր պետությունը գահավիժել է թուլության և անճարության հատակին, ով թշնամու թելադրանքով պատրաստ է փոխել, այդ պետության Սահմանադրությունը, օրհներգը, զինանշանը։
Այո, նա «սիրում» է պետությունը` մարդու արյունը ծծող մակաբույծների սիրով։
«Ես մարդ եմ, ես հայ եմ , ես քաղաքացի եմ». սա է իրականում արժանապատիվ կյանքի բանաձևը, որից ոչ մեկ չի կարող ջնջել մեր՝ հայ մարդ լինելու փաստը։
Փաշինյանին պիտի պարտության մատնել հայ ժողովրդի դեմ մղվող իր մենթալ պատերազմում։
Սակայն մենք այլևս չասենք. Նիկոլը պիտի հեռանա, որովհետև նա հոժարակամ չի հեռանա և մենք պիտի պարտադրենք նրան մեր կամքը ։
Չասենք, Նիկոլը պիտի հեռացվի, որովհետև չի հասկացվում, թե ով պիտի դա անի։
Չասենք նաև ժողովուրդը պիտի հեռացնի Նիկոլին, որովհետև յուրաքանչյուրս այդ ժողովրդի մի մասն ենք և նրա մեջքի հետևում պախկվելու իրավունք չունենք։
Ուստի եկեք ամեն մեկս իր տեղում ասի. «Ես պիտի հեռացնեմ Նիկոլին, ես պահանջում եմ Նիկոլի հրաժարականը»։
Արցախը՝ ես եմ, Հայաստանը՝ ես եմ։ Հայը՝ ես եմ։ Նիկոլի հրաժարականը պահանջողը ես եմ։
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
20.02.2024