Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա իշխանությունները մարտահրավեր են նետում աջ ու ձախ, թշնամիներ են վաստակում, դա հակասում է Շարժման գաղափարին»․ Արամ Մանուկյան

Փետրվար 20,2024 17:04

«1988-ի շարժումը ոգեղեն շարժում է եղել, մեր ազգը դարձել էր մեկ սիրտ, մեկ հոգի։ 1988-ին սկսվել էր հայ ժողովրդի պատմության ամենալուսավոր էջը՝ առանց որեւէ չափազանցության։ 1988-ից սկսած՝ 10 տարվա ընթացքում հայ ժողովրդի կենսագրության մեջ տեղի են ունեցել ամենաշատ ու ամենախիտ դեպքերը։ Որեւէ նախորդող տասնամյակների ընթացքում չկա այդքան խիտ ժամանակահատված, որտեղ տեղի ունեցած կլինեն պատմաստեղծ, պետականաստեղծ բաներ»,- այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ 1988-ն այն էր, որ պետություն ու պետականություն ստեղծեցինք, Արցախյան առաջին պատերազմում հաղթեցինք։ «Մեր ժողովուրդը մշտապես, իր ամբողջ կենսագրության ընթացքում փնտրտուքների մեջ է եղել, փորձել է տեր փնտրել հյուսիսում, հարավում, արեւելքում, արեւմուտքում։ 1988-ի շարժումը միակ արդյունավետ շարժումն էր, որն այս բարդույթը ջարդեց, կարծրացած մոտեցումը, որ հայը պետք է տեր փնտրի Հայաստանից դուրս, ջարդվեց։ Սա շատ դժվար էր, որովհետեւ այդ կարծարտիպը այնքան խորն էր նստած։ «Ղարաբաղ կոմիտեի» պատմական առաքելությունն ու արժեքն այն էր, որ այն ջարդեց կարծրատիպերը հայկական մտածողության մեջ։ Եվ «Ղարաբաղ կոմիտեն» ոչ թե բերեց հայկական մտածելակերպ, այլ միացավ համաշխարհային քաղաքակրթության լավագույն մտածողության արժեքներին։ Հայ ժողովուրդը հասկացավ, որ իր շահը հավերժ է, շահերն ուրիշների հետ կարող են համընկնել, կարող են չհամընկնել։ Դա Շարժման ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն էր»,- ասաց Արամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ գաղափարներից մեկը հետեւյալն էր՝ հայ ժողովուրդը պետք է ապավինի միայն իր ուժերին։ Եթե կարող ես դրսից ուժ բերել, նպաստել խնդիրների լուծմանը, լավ է, բայց պետք է նախ եւ առաջ ապավինել սեփական ուժերին, դու ես քո գլխի տերը։ Ըստ նրա՝ հայ քաղաքական մտքի մեջ հեղափոխություն եղավ, այն է՝ երրորդ ուժի բացառումը։ «Ղարաբաղ կոմիտեն» մշտապես սովորեցնում էր հայ ժողովրդին՝ դու կարող ես քո խնդիրները լուծել հակառակորդի ու դաշնակցի հետ, բայց երրորդ ուժին չպետք է ապավինել։ «Երրորդ ուժը միշտ մտնում է բանակցությունների մեջ իր շահաբաժնով։ Բայց դա չի նշանակում, որ դու նրանցից չես կարող ստանալ խորհուրդ, աջակցություն։ Մյուս խորհուրդն այն էր, որ հայ ժողովուրդը պետք է իր քայլերը համապատասխանեցնի իր ուժերի ու հնարավորությունների հետ։ Արա այնքան, ինչքան կարող ես, ոտքերդ մեկնիր այնքան, ինչքան թույլ է տալիս քո վերմակը։ Երբեք մի գնա միֆերի հետեւից, սա պետական կառավարման մեթոդ չէ։ Պետության ղեկավարներն իրավունք չունեն արկածախնդիր քայլեր կատարել, որը կարող է ծանր անդրադառնալ ժողովրդի ու պատմության վրա»,- հավելեց նա։

Արամ Մանուկյանի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն այսօր անում են քայլեր, որոնք մեր ռեսուրսներին համապատասխան չեն։ «Իրենք մարտահրավեր են նետում աջ ու ձախ, թշնամիներ ու հակառակորդներ են վաստակում։ Եվ այսօրվա քաղաքականության ու գործողությունների հիմնական ուղղությունները հակասում են Շարժման բերած մտքին»,- նշեց նա։

Ըստ Մանուկյանի՝ այսօրվա քննարկման եզրահանգումը պետք է լինի հետեւյալը՝ տեր կանգնել Շարժման շնորհիվ ստեղծված պատմական արժեքներին ու գաղափարներին։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829