Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի՝ ՀՀ Սփյուռքի նախարար աշխատած ժամանակաշրջանի ելույթները, զեկուցումները, ողջույնի եւ շնորհավորանքի խոսքերն ամփոփվել են «Հայրենիք –Սփյուռք գործակցության տասնամյա ուղին (2009-2018)» խորագրով մի քանի հատորներում:
Պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը Ա հատորի առաջաբանում գրում է, որ նախարարը, շուրջ 10 տարիների ընթացքում վարելով Հայաստան-Սփյուռք գործակցության քաղաքականությունը՝ հրապարակային ելույթներով հանդես է եկել համահայկական, մասնագիտական համաժողովներում, համահայկական կազմակերպությունների, սփյուռքյան համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումներում:
«Համայնքների հետ աշխատանքները կազմակերպելու գործընթացում նա ներկայացրել ու հիմնավորել է ՀՀ պետական քաղաքականության հիմնական դրույթները: Սկզբունքային մոտեցումը եղել է այն, որ Հայրենիքը կամ Սփյուռքը առանձին չեն դիտարկվել. Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, դրանց քաղաքական, ազգային, բարոյական, պատմական, հոգեւոր-մշակութային շերտերը քննվել են միասնաբար, ինչը խիստ տրամաբանված եւ արդարացված մոտեցում է»,-գրել է Խառատյանը:
Աշխատության խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանը ի թիվս այլնի՝ փաստել է, որ մեծ թվով համաժողովներ են անցկացվել Արցախում, որտեղ սփյուռքահայերը հանդիպել ու ծանոթացել են մեր հերոս տղաներին, ծանոթացել նրանց անկոտրում կամքին, Արցախը հայկական ու անառիկ պահելու ձգտմանը:
Կարդացեք նաև
Գիրք Բ-ն Գիրք Ա-ի տրամաբանական շարունակությունն է: Այստեղ մի ամբողջ բաժին նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարածաշրջանային հանձնախմբի աշխատանքներին, համահայկական կառույցների հետ գործակցությանը, ինչպես նաեւ եվրոպական տարածաշրջանային հայկական համայնքների ներկայացուցիչների հավաքներին:
Գիրք Գ-ն ամբողջական աշխատանքի վերջին բաժինն է: Այստեղ ի թիվս այլնի՝ անդրադարձ կա Սիրիայի ճգնաժամին, որի պատճառով Սփյուռքի նախարարության աշխատանքներն այդ փուլում զգալիորեն ծանրաբեռնվեցին: Նշվում է, որ Սփյուռքի նախարարությունը դարձավ նաեւ հայրենադարձության նախարարություն, քանի որ նախարարության նույն բյուջեով, նույն աշխատակազմով գերատեսչությունը զբաղվում էր Հայաստան հասած սիրիահայերի խնդիրներով՝ որպես նրանց հիմնական հենարան ու օգնական:
«Գործունեության ընթացքում մեր թիմը նվաճեց բազմաշերտ ու բազմակարծիք Սփյուռքի վստահությունը եւ, գործակցության լայն հնարավորություն ստեղծվեց»,-ասված է վերջաբանում:
Հեղինակը հուսով է, որ Հայաստան-Սփյուռք գործակցության տասնամյա ուղու ներկայացումը կարող է օգտակար լինել ընթերցողին, սփյուռքահայ կառույցներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ