Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե 18 տարեկան զինվորականին ենթարկում ենք պատասխանատվության, օրինակ, թմրանյութ օգտագործելու համար, անտրամաբանական կլիներ ավելի հասուն տարիքում կամավորությամբ զինված ուժերի կազմում հայտնված անձին ազատել պատասխանատվությունից»

Փետրվար 20,2024 15:20

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկել Քրեական օրենսգրքում եւ «Պաշտպանության մասին» օրենքում: Նոր կարգավորմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանալու նաեւ «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով ՀՀ պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը: «Խոսքը վերաբերում է աշխարհազորայիններին, որոնք ընդգրկված են ե՛ւ մարտական հերթապահությանը, ե՛ւ մարտական առաջադրանքների կատարմանը: Հաճախ առաջադրանքների կատարման ընթացքում նրանք հրաժարվում են պարտականությունների կատարումից կամ որոշակի կարգով խախտում են զինվորական ծառայության սահմանված կարգը: Քանի որ աշխարհազորայինները զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ չեն, հնարավոր չի լինում նրանց քրեական պատասխանատվության ենթարկել»,- ընդգծել է պատգամավորը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ հարցը ներկայացնելիս: Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առաջարկներ չեն եղել:

Հարակից զեկույցում պատգամավոր Արփինե Դավոյանը կարեւորել է փոփոխությունն ու առաջարկել կողմ քվեարկել: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն էլ հայտնել է Կառավարության դրական դիրքորոշման մասին:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կարծիք է հայտնել, որ խնդիր կա թե՛ իրավապայմանագրային հարաբերությունների դաշտում, թե՛ զինված ուժերում այս ինստիտուտն առավել արդյունավետ իրացնելու տեսանկյունից:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով զինված ուժերի համար անհրաժեշտ է հստակ զինվորական կարգուկանոնի պահպանում բոլոր հատվածներում, նաեւ՝ միատեսակ պատասխանատվություն: «Եթե մենք զինվորական ծառայության մեջ գտնվող 18 տարեկան զինվորականին ենթարկում ենք պատասխանատվության, օրինակ, թմրանյութ օգտագործելու համար, ապա անտրամաբանական կլիներ ավելի հասուն տարիքում գտնվող կամավորությամբ զինված ուժերի կազմում հայտնված անձին ազատել նման պատասխանատվությունից»,- ընդգծել է նա:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829