Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանները որոշակի կաշկանդվածություն ունեն, երբ պաշտոնատար անձինք հայցվորներ են». Փաստաբանը՝ ԶԼՄ-ների դեմ գործերի մասին

Փետրվար 20,2024 14:52

«Վերջին տարիներին դատական գործերն ընդդեմ ԶԼՄ-ների եւ լրագրողների բավականին շատացել են: Ճիշտ է, երբ համեմատում ենք 2021 թվականի հետ, երբ դա պիկի էր հասել, հոսքը ինչ-որ առումով պակասել է, բայց դատական գործերի թիվը մեծ է եւ մտահոգիչ: Մեզ հետաքրքրում էր, թե հատկապես վիրավորանքի եւ զրպարտության հետ կապված դատական գործերը քննելիս` դատարանները որքանով են հետեւում հայաստանյան օրենսդրությանը, միջազգային կոնվենցիաներին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Հայաստանի վճռաբեկ դատարանի, ՍԴ-ի որոշումներին»,- Մեդիա կենտրոնում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով ԶԼՄ-ների և լրագրողների դեմ դատական գործերի մշտադիտարկման տվյալները:

Աշոտ Մելիքյան

Աշոտ Մելիքյանի խոսքով. «Կարեւոր էր տեսնել, թե որքանով են դատարանները հաշվի առնում ԶԼՄ-ների առաքելությունը, քանի որ ԶԼՄ-ներն ունեն հանրային առաքելություն, ինչը կարեւոր է ժողովրդավարական հասարակության համար»:

Փաստաբան Դավիթ Ասատրյանը տեղեկացրեց, որ ԶԼՄ-ների և լրագրողների դեմ դատական գործերի վերաբերյալ մշտադիտարկումն իրականացվել է որոշակի չափանիշներով, դրանք այն հիմքերն են, որոնց իրավակիրառ պրակտիկայում դատարանները լուրջ ուշադրություն են դարձնում: Նման չափանիշների թվում են տեղեկատվության արատավորող բնույթը, փաստերի եւ գնահատող դատողությունների տարանջատումը, գույքային եւ ոչ գույքային փոխհատուցումը, պատշաճ պատասխանողի խնդիրը, դատական ակտերի պատճառաբանությունները եւ այլն:

Դավիթ Ասատրյան

Դավիթ Ասատրյանը նշեց, որ 71 հայց է ներկայացվել դատարան՝ 2022-2023թթ, ընդ որում՝ 2022-ին ներկայացվել է 35, իսկ 2023-ին՝ 36 հայց: 2022թ ներկայացված հայցերից 25-ը վարույթ է ընդունվել, 31-ն էլ 2023թ.-ին են վարույթ ընդունվել: «51 դատական գործի պարագայում վեճերը վերաբերում են վիրավորանքին եւ զրպարտությանը, իսկ 5-ը այլ բնույթի դատական գործեր են: Եթե ուսումնասիրում ենք 2010-2023 թվականները, ապա տեսնում ենք, որ 2022 եւ 2023թթ դատական գործերի վեճերի քանակը նվազել է: Բայց եթե օրինակ, համեմատում ենք 2011-2017թթ ժամանակահատվածի հետ, տեսնում ենք, որ այդ թիվը բավական բարձր է: Եվ դատական գործերի վայրիվերումները հիմնականում պայմանավորված են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, պատերազմական եւ դրանց հետեւանքներով առաջացած իրադարձություններով»,- ընդգծեց Դավիթ Ասատրյանը:

Ասաց, որ ուսումնասիրել են նաեւ նյութական եւ ոչ նյութական փոխհատուցման գումարի չափը. «Երբ հայցադիմումներ են ներկայացվում ընդդեմ լրագրողների եւ ԶԼՄ-ների, ներկայացվում են ոչ նյութական (հերքում, ներողություն) եւ նյութական փոխհատուցման պահանջներ: Մենք նկատել ենք, որ 2022-2023թթ բավական մեծացել են նյութական, դրամական փոխհատուցման եւ ներկայացման պահանջների ու բավարարման չափերը: Ըստ մեզ՝ դա կապված է ԱԺ-ի կողմից ընդունված օրենքի այն կարգավորման հետ, որտեղ վիրավորանքի եւ զրպարտության առավելագույն շեմերը բարձրացվել են: Վերջին հետազոտության ընթացքում տեսանք, որ աննախադեպ գումարի չափ կա: Մեկ միլիոն դրամի պահանջը բավարարվել է երկու դատական գործերում, որտեղ մասնակից են եղել պաշտոնատար անձինք: Մեկ գործ էլ վերաբերել է ոչ պաշտոնատար անձի»:

Փաստաբանի ձեւակերպմամբ, դատարանները որոշակի կաշկանդվածություն ունեն այն դատական գործերի հետ կապված, որտեղ պաշտոնատար անձինք հայցվորներ են հանդիսանում. «Դատարանները պաշտոնատար անձանց հայցապահանջները մերժելու, ոչ բավարար գնահատելու կաշկանդվածություն ունեն, ինչը մեզ համար մտահոգիչ է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829