Առաջարկվում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: Գործող կարգավորմամբ հաշվարկվում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով:
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումներն առաջին ընթերցմամբ քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 20-ի նիստում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը նշել է, որ նախատեսվում է նաեւ հետադարձ ուժ սահմանել իրականացվող փոփոխության համար, որի արդյունքում օրենքի ազդեցությունը տարածվելու է Սահմանադրական դատարանի պաշտոնաթող երկու դատավորի նկատմամբ:
Հարակից զեկույցում պատգամավոր Ալխաս Ղազարյանն առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի պարզաբանմամբ խնդիրն առաջացել է դատական համակարգում 2014 թվականի փոփոխություններից հետո, որոնց արդյունքում էապես փոփոխվել էր դատավորների սոցիալական երաշխիքներին առնչվող համակարգը: Նա հավելել է, որ վերացվում է տարբեր ժամանակներում պաշտոնավարած դատավորների սոցիալական երաշխիքներին եւ կենսաթոշակին առնչվող հարցերում ոչ բալանսավորված իրավիճակը:
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում Կառավարության հեղինակած լրացումները եւ փոփոխությունները քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն իրազեկել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում խմբագրական փոփոխություններ են կատարվել: Նա հիշեցրել է, որ պիլոտային է ծրագիրը, նպատակը կատարողականի հիման վրա արդար վարձատրության համակարգ ներդնելն է: Կատարողականի գնահատման չափանիշները սահմանվելու են Կառավարության որոշմամբ, իսկ հաշվարկման կարգը՝ ՊԵԿ նախագահի հրամանով:
Քննարկված հարցերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:
ՀՀ ԱԺ