Bank of Georgia Group-ը ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայում, ընդ որում՝ պրեմիում դասի ցուցակված ընկերությունների շարքում է, որի բաժնետերերը ֆինանսական շուկայում հայտնի կազմակերպություններ են։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը՝ մեկնաբանելով տեղեկությունները, ըստ որոնց՝ վրացական Bank of Georgia-ն ձեռք է բերում «Ամերիաբանկի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։
Ազատյանի խոսքով՝ միջազգային բորսաների պահանջներով ցուցակված ընկերությունները պարտավոր են բոլոր կարեւոր գործարքները հրապարակել, դրանք շատ հրապարակային եւ բաց են․ «Այստեղ ոչ մի փակ կամ մութ բան չկա։ Մենք պետք է սպասենք այս ոլորտի պատասխանատուների որոշմանը»։
Հայաստանի բանկերի միության նախագահը մանրամասնեց՝ ընդհանրապես բանկային գործունեության կարգավորումներով՝ բանկային գաղտնիքի, տեղեկատվության փոխանակումը հստակ է սահմանված, եւ որեւէ բանկ, անկախ նրանից, թե քանի բաժնետեր ունի, կամ բաց բաժնետիրական ընկերություն է, ցուցակված է բորսայում, թե ոչ, բաժնետերերի իրավունքները շատ հստակ են՝ տեղեկատվություն ստանալ կամ փոխանցելն արգելված է, խոսքը հաճախորդների տվյալների մասին է։
Նշենք, որ «Ամերիաբանկի» վաճառքի մասին լուրերը տարբեր կերպ մեկնաբանվեցին, սոցիալական ցանցում կարծիքներ էին շրջանառվում, թե Ռուբեն Վարդանյանին, որը Բաքվի բանտում է, ստիպում են վաճառել «Ամերիաբանկը»։ Նաեւ մեկնաբանություններ կային, թե պոտենցիալ գնորդ Bank of Georgia Group-ի բաժնետերերի շարքում կան ադրբեջանցիներ։
Կարդացեք նաև
Ազատյանի խոսքով՝ բանկերի միավորումը, միաձուլումը կամ բանկերում կանոնադրական կապիտալի փոփոխությունը արտառոց երեւույթ չէ, վերջին տասը տարիներին նման բազմաթիվ գործարքներ են եղել Հայաստանի բանկային համակարգում եւ նույնիսկ խոշոր բանկերում տեղի են ունեցել բաժնետերերի փոփոխություններ։ Նա հիշեցրեց, որ 2017-ից սկսած` մոտ տասը բանկ միավորվել են, օրինակ՝ ԲՏԱ-ն գնեց «Հայէկոնոմբանկը», «Ամերիաբանկը» ձեռք է բերել «Կասկադ բանկը»,« Զարգացման հայկական բանկը» մտավ «Արարատբանկի» կազմի մեջ։ «Սա նորմալ երեւույթ է»,-նշեց Ազատյանը։
Նրա պարզաբանմամբ՝ բանկի կապիտալի ամբողջական փոփոխության վերաբերյալ, այսինքն՝ ամբողջ փաթեթի առուվաճառքի վերաբերյալ կարգավորող մարմինը՝ կենտրոնական բանկը պետք է համաձայնություն տա, բնականաբար գործարքն ու փաստաթղթերի որոշակի ուսումնասիրությունից հետո։
«Սա կարեւոր իրադարձություն է բանկային համակարգի համար, փոփոխություններին դրական ենք վերաբերում, դա նոր շունչ եւ էներգիա է հաղորդում համակարգին եւ մենք զերծ կմնանք գնահատական տալ։ Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ միջազգային բրենդ ունեցող բանկերի առկայությունը մեր համակարգի համար կարեւոր է»,-ասաց Ազատյանը։
Անդրադառնալով HSBC բանկի՝ Հայաստանի շուկայից դուրս գալուն, ապա Ազատյանը նկատեց՝ վերջին տարիներին HSBC խումբն իր կապիտալը տեղափոխում է կապիտալի կենտրոններ, այսինքն, նախապատվությունը տալիս է այլ շուկաներին․ «HSBC-ին 2021 թվականից հետո շուրջ յոթ երկրներից դուրս է գալիս, օրինակ՝ մանրածախ վարկավորման Ֆրանսիայի, ԱՄՆ շուկաներից, Հունաստանի շուկայից է դուրս եկել։ ԱՊՀ երկրներից միայն Հայաստանն էր մնացել, Վրաստանից եւ Ադրբեջանից արդեն դուրս է եկել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ