Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարության լռությունը մեզ գցում է անորոշության մեջ». Զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողները ցույց են անում

Փետրվար 20,2024 14:00

Զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները բողոքի ցույց են անում կառավարության շենքի դիմաց: «Հատուցման ծրագրերի ժամկետը մարտ ամսին լրանում է, բայց ոչ մի բան չկա, չգիտենք, թե ինչ ակնկալենք: Շատ մարդիկ չունեն հստակ պատկերացում, աշխատանք փնտրելու հարցում էլ է սա խանգարում: Գործատուն էլ ասում է՝ ինձ հետ առնվազն երկու տարով պետք է պայմանագիր կնքես, բայց էդ դեպքում հատուցումը կկտրեն: Ի՞նչ են անելու այդ ընտանիքները, որոնք կորցրել են կերակրողին… Ստիպված կլինեն գնալ վատթարագույն բնակարան գտնել, թողնել-հեռանալ… Կառավարության լռությունը մեզ գցում է անորոշության մեջ, ինչն ամենածանրն է նման ընտանիքների համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների միություն ՀԿ-ի նախագահ Արմեն Ասրյանը:

«Մենք ոչնչից տեղյակ չենք, ընդամենը փողոցային շշուկներ կան, թե հարցը քննարկվում է, գուցե սերտիֆիկատներ տան: Տարբեր թվերի մասին են խոսում՝ 1 մլն, 5 մլն, 6 մլն… Բայց դա ոչինչ չի տալու: Զոհվածի ընտանիքը կորցրել է կերակրողին, ունի 3 երեխա, եթե 5 միլիոն տան՝ լավագույն դեպքում, 15 միլիոն դրամ է դառնում… Տների գները նայե՞լ եք, եռանիշ թվեր են: Ի՞նչ անենք, զոհվածների ընտանիքներին ասենք՝ գնացեք Վարդենիսում, Շուռնուխում կամ Ներքին Հանդում ու Տեղ գյուղում մնացե՞ք»,-ասաց Ասրյանը։

Ընդգծեց, որ ցույցի մասնակիցները բոլորն էլ 2020թ զոհված կամ անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներ են:

Զոհվածների եւ անհետ կորածների ծնողներից ոմանք ասացին, որ Արցախում ստացել էին բնակարան, բայց ամեն ինչ մնացել է ԼՂՀ–ում՝ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության եւ Արցախի հայաթափման պատճառով, ու հիմա ձեռնունայն են: «Պետք է տարբերակված մոտեցում լինի, ինչ-որ ծրագիր այս ընտանիքների համար, չպետք է աչք փակել ու ասել՝ բոլորը հավասար են: Աստված մի արասցե՝ այս կարգավիճակում հայտնվեն մարդիկ, որ ասում են՝ բոլորը հավասար են: Մենք չենք ուզում ոչ մեկը մեր կարգավիճակում հայտնվի, բայց նաեւ ուզում ենք, որ այս ընտանիքները գնահատված լինեն՝ հաշվի առնելով այն, որ տվել են իրենց ամենաթանկը: Կլինեն մարդիկ, որ կասեն՝ բոլորն էլ ամեն ինչ թողել-եկել, ի՞նչ տարբերություն… Եթե չեք իմանում տարբերությունը, մեր հագուստի մեջ մտեք, կիմանաք»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829