«ԵԱՏՄ երկրների փորձագիտական մշակումները թույլ են տալիս հաստատել, որ եվրասիական հնգյակի երկրների արտաքին առևտրական շրջանառությունը կշարունակի աճել 2025 թվականի առաջին կեսին: Այնուհետև կանխատեսվում է այդ ցուցանիշների որոշ անկում: Այս ամենից ակնհայտ է դառնում, որ 2023 թվականին հայ-ռուսական տնտեսական զարգացումը անվիճելիորեն և ակնհայտորեն փաստարկ է հանդիսանում հայ-ռուսական համագործակցության զարգացման համար բոլոր ոլորտներում: Հայկական արտահանման հետագա դիվերսիֆիկացումը, այդ գործընթացում նոր գործընկերների ընդգրկումը չի կարող փոխարինել տեսանելի հեռանկարում Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ-երկրների հետ համագործակցությանը»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի պետական համալսարանի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
Եվրասիական փորձագիտական ակումբն այսօր ներկայացրեց հոբելյանական՝ տասներորդ տնտեսական հետազոտությունը՝ «Հայաստանի տնտեսությունը 2023թ. ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում»:
Արամ Սաֆարյանի գնահատմամբ, 2023 թվականին Հայաստանի տնտեսությունը ցույց է տվել զարգացման շատ բարձր տեմպ. «Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ ԵԱՏՄ-ում առաջատարն է երկրի տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշների գծով: Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության աճ 9,4%-ով: Համախառն ներքին արդյունքը աճել է 8,5%-ով: Հայաստանը դարձել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի մեծ տարածաշրջանում բացարձակ առաջատար վենչուրային ներդրումների ներգրավվման գծով: Տարվա ընթացքում արդյունաբերական արտադրության ծավալը աճել է 4,1%-ով, շինարարության ծավալները մեծացել են 14,8%-ով: Ներքին առևտրի շրջանառությունը աճել է 25,7%: Ծառայությունների ոլորտի ծավալը աճել է 10,3%: Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը կրճատվել է 0,3%-ով և դա այն դեպքում, երբ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալները շարունակում են աճել: Ակնհայտ է, որ հարկավոր են պետության աջակցության լրացուցիչ միջոցներ, որպեսզի Հայաստանի գյուղատնտեսությունը դրվի կայուն, առաջանցիկ զարգացման ուղու վրա»:
«Ռուսաստանը շարունակում է լինել Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը: ԵԱՏՄ-ն հստակորեն առաջատարի դերում է մեր երկրի արտաքին առևտրական գործընկերների ցուցակում: Ռուսաստանին է բաժին ընկնում հայկական արտահանման 40,6%–ը: Եթե մինչև 2020թ. մեր երկրի արտահանման գլխավոր ապրանքը կոնյակն էր, ապա այժմ արտահանումը շատ ավելի դիվերսիֆիկացված է: Հետաքրքիր է, որ Հայաստանի արտահանման 34,4%–ն այս տարի բաժին է ընկել Արաբական միացյալ էմիրություններին և Հոնկոնգին: Վերջին երկու տարում տեղի է ունեցել այդ երկու ուղղությամբ արտահանման 35-անգամյա աճ»,- ասաց Արամ Սաֆարյանը՝ մանրամասնելով, որ սա հնարավոր է դարձել Ռուսաստանից ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանման հաշվին:
Կարդացեք նաև
Իսկ դեպի Ռուսաստան արտահանվում է գլխավորապես պատրաստի արտադրանք, որը արտադրված է մեր երկրում. «Անցյալ տնտեսական տարին ցույց տվեց, որ արտաքին առևտրական շրջանառության տպավորիչ աճը մեծապես պայմանավորված է դեպի Ռուսաստան հեռախոսների, ավտոմեքենաների, տեխնիկայի և սարքավորումների և վերաարտահանմամբ, և հետո միայն քիմիական արտադրանքի, պլաստմասսաների, ապակու, ագրոարդյունաբերական արտադրանքի և հայկական արտադրության այլ ապրանքների արտահանմամբ: Հասկանալի է, որ սա արդյունք է գլոբալ անկայուն քաղաքական-տնտեսական վիճակի և սրա հետ հույս կապել երկարաժամկետ կտրվածքով չարժե»:
Միաժամանակ, բանախոսը վկայակոչում է ռուսական և արևմտյան փորձագիտական եզրակացություններն այն մասին, որ միջնաժամկետ հեռանկարում գլոբալ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները չեն փոխվելու և մոտակա 2-3 տարին առկա իրավիճակը կպահպանվի. «Դա մի ժամանակ է, որ հայկական բիզնեսը, մի կողմից, հարմարվի առկա գլոբալ և տարածաշրջանային իրողություններին, իսկ մյուս կողմից, օգտագործի այդ հնարավորությունը սեփական արտահանման ներուժի մեծացման համար, առաջին հերթին, պատրաստի արտադրանքի արտադրության»:
Եթե բարեհաճ միտումները մեր տնտեսության համար պահպանվեն ընթացիկ տարվա ընթացքում, ապա, ըստ Եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետների, տնտեսական ակտիվության և համախառն ներքին արդյունքի աճը կշարունակի ցույց տալ դինամիկ զարգացում:
Ի դեպ, 2023 թվականին, ըստ Արամ Սաֆարյանի, Հայաստան ուղարկվող ուղիղ տրանսֆերտների 67%–ը եղել է Ռուսաստանից և միայն 12%–ն ԱՄՆ-ից: Միաժամանակ, անցած տարվա երկրորդ կեսին, մեր երկիր մուտք գործող տրանսֆերտների ծավալը շեշտակիորեն պակասել է, ինչը թույլ է տալիս կանխատեսել, որ 2024թ. տրանսֆերտների ծավալը կարող է նվազել մինչև 15%:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ