Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է։ Արցախցի ներկա ու նախկին պաշտոնյաները ժամանել են Արցախի ներկայացուցչություն, որտեղ միջոցառում է անցկացվում։
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երբ նայում ենք մեր ժողովրդի անցած ճանապարհն ու հազարամյա պատմությունը, կարելի է ասել, որ դա հաղթանակների ու պարտությունների մի շղթա է։ «Եվ ցավոք սրտի, Արցախյան ազգային-ազատագրական պայքարը նույնպես այդպիսի ընթացք ունեցավ։ Մենք արձանագրեցինք հաջողություններ, հայկական երկրորդ պետականությունը ձեւավորվեց։ Ի դեպ, ասեմ, որ այսօր խորհրդանշանակ օր է՝ հենց 1988 թվականի փետրվարի 20-ին ընդունվեց պատմական, իրավական տեսանկյունից անխոցելի որոշում՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը Խորհրդային Հայաստանին միացնելու հետ կապված։ Բայց դեպքերը հետագայում այնպես զարգացան, որ ճիշտ է, մենք պետականություն ձեւավորեցինք, անցանք ճանապարհ, բայց բազմաթիվ գործոնների ազդեցության տակ մենք չկարողացանք մեր ունեցածը պահել, պաշտպանել։
Այսպիսի մի խոսք կա, ես ասում եմ, որ պատմությունը ոչ միայն դաս է, այլ նաեւ պատիժ բոլոր նրանց համար, ովքեր պատմության դասերը հաշվի չեն առնում։ Ցավոք սրտի, մենք մեր անցած ժամանակահատվածի դասերը հաշվի չառանք եւ չկարողացանք պահպանել մեր պետականությունը, որն իսկապես մեծ արժեք է։ Կարծում եմ՝ այդ էջը դեռ փակված չէ, ամեն մի սերունդ իր ներդրումը պետք է ունենա երկրի, պետականության պահպանման տեսակետից։ Ճիշտ է, այսօր մենք հուսահատ վիճակում ենք, հուսախաբված ենք, մի տեսակ կոտրված ենք, բայց ինձ թվում է, որ պետք է եղած հնարավորություններն օգտագործել եւ հզորացնել Հայաստանի Հանրապետությունը։ Հենց այդ ամենի համատեքստում էլ պետք է փորձել հետագա մեր պայքարը շարունակել, նորից մեր պատմական հայրենիքի մի հատվածն ազատագրել։ Այս բառը ես պատահական չօգտագործեցի, որովհետեւ հենց այնպես չի լինում, ամեն ինչ պայքարի արդյունքում է լինում»,- ասաց Բալայանը։
Անդրադառնալով Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «1996-ի դեկտեմբերին տեղի է ունեցել ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողով, այն Ղարաբաղի հարցի վերաբերյալ տվել է «ինքնորոշում» եզրույթի մեկնաբանությունը, և Լիսաբոնի գագաթնաժողովի նախագահողը, իր հայտարարությունում նշելով, որ այս դիրքորոշումը կիսում է ամբողջ միջազգային հանրությունը, բացի մեկ պետությունից, որը ՀՀ-ն է, բառացիորեն արձանագրել է հետևյալը, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացմամբ՝ այսինքն՝ Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության կարգավիճակ ստանալով», Վահրամ Բալայանն ասաց, որ Արցախի հարցը որեւէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։
Կարդացեք նաև
«Մենք ինքնորոշվեցինք մեր տարածքի վրա։ Այստեղ անչափ կարեւոր է շեշտել, որ մենք որեւէ երկրի, որեւէ ժողովրդի տարածքների նկատմամբ հավակնություններ չենք ունեցել։ Շատ կարեւոր է, որ դա մեր դիվանագիտությունն օգտագործի, բայց ցավոք սրտի՝ չի օգտագործում։ Մենք խորհրդային ժամանակահատվածում ունեցել ենք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ։ Եվ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը որոշակի կարգավիճակ է ունեցել Խորհրդային միության կազմում, ինչպես խորհրդային Ադրբեջանն է ունեցել։ Ավելին ասեմ, որ մենք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ձեւավորումից հետո Սահմանադրություն ենք ունեցել։ Այդ Սահմանադրության մեջ գրված է, որ պաշտոնական պետական լեզուն հայերենն է։ Այսինքն՝ այսպես կարելի է շարունակել։ Ըստ իս՝ մենք ինքնորոշվել ենք մեր տարածքի վրա՝ ազատ ապրելու մեր իրավունքն իրացնելու տեսանկյունից։ Եվ կարծում եմ, որ իրավական տեսանկյունից որեւէ խնդիր չկա։ Եվ այսօր խոսել այն մասին, որ Ադրբեջանի տարածքում պետք է լիներ ինքնորոշում, այդպիսի բան չկա, դա անընդունելի է մեզ համար»,- ասաց Վահրամ Բալայանը։
Անդրադառնալով Սահմանադրության հնարավոր փոփոխությանը՝ նա ասաց․ «Այդպիսի բան չկա, որ այս կամ այն որոշումով ազգային հարցերը փակվում են։ Ես այն կարծիքին եմ, որ թղթի վրա գրվածը դեռ հիմք չէ այն տեսանկյունից, որ եթե դա լինի, չի նշանակում, որ մեր պայքարը չպետք է շարունակվի, մեր ժողովուրդը պահանջատեր չպետք է լինի։ Արցախը դա միայն արցախցիներինը չէ, հայ ժողովրդին ու համայն հայությանն է պատկանում։ Բայց ես կարծում եմ, որ ժողովուրդը դա չի ընդունի, դա ժողովրդական հանրաքվեի միջոցով պետք է լինի։ Ժողովուրդն արդեն մեկ անգամ որոշում կայացրել է, ինձ թվում է՝ հետամուտ կլինի իր իրավունքները պաշտպանելու գործում»։
Հարցին, թե ռուսական կողմին համարո՞ւմ է Արցախում տեղի ունեցած ցեղասպանական գործողության ու բռնի տեղահանման մասնակից, Վահրամ Բալայանը պատասխանեց․ «Չէ, մաս չեմ համարում։ Այդպիսի գնահատականներ չպետք է տանք, որովհետեւ կան բազմաթիվ հանգամանքներ, մենք այդ ամենը պետք է հաշվի առնենք։ Հուզական դաշտում չպետք է գործենք, պետք է եղած հնարավորություններն օգտագործենք եւ շարունակենք մեր պայքարը»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ