Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսության վաստակավոր գործչի կոչում են տվել Հրանտ Վարդանյանին, ինքն ի՞նչ քաղաքական պատվեր է կատարել»․ Արծվիկ Մինասյան

Փետրվար 20,2024 13:02

Գործող օրենսդրությամբ սահմանված 17 պատվավոր կոչումներից կմնա միայն մեկը: Կառավարությունն առաջարկում է վերանայել պետական պարգեւներ և կոչումներ շնորհելու օրենսդրությունը։

ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց․ «Մեր գնահատմամբ՝ սա եղած համակարգերը քանդելուն ուղղված գործողություններից մեկն է։ Դրա համար հիմնարար առումով դեմ լինելով այս մոտեցմանը, այնուամենայնիվ, արձանագրում ենք, որ այս նախաձեռնության միջոցով դուք լավ գործունեություն չեք կատարում, եղածը քանդում եք, բայց ոչինչ լավ բան չեք առաջարկում։ Անձը կարիք ունի արժևորվելու, գնահատվելու հանրության կողմից որոշակի օրինակելի դիտարկումների առումով։ Դուք այս ինստիտուտը վերացնում ենք, հիմնավորում եք գուցե մի քանի անհաջող օրինակներով և տարածում բոլորի վրա։ Սա անընդունելի է։ Ելնելով այդ մոտեցումից՝ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ կտրուկ դեմ ենք»։

Արփի Դավոյան

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն ասաց․ «Մենք խրախուսման այլ մեթոդներ ենք մշակում այս պահին։ Չեմ կասկածում, որ որևէ մեկը կասկածի տակ կդնի այն, որ սա Խորհրդային միությունից մնացած բան է՝ խրախուսման մեթոդը։ Այնտեղ կոնկրետ քաղաքական նկատառումներով արվեստի, մշակույթի, սպորտի, տնտեսության, տարբեր ոլորտների գործիչներին տրվել են հատուկ արտոնություններ, և նրանք նաև կատարել են ինչ-որ հանձնարարություններ։ Հիմնականում քաղաքական առաջադրանք է եղել՝ քաղաքական ուղղվածության վրա։ Ես ուսումնասիրել եմ հետխորհրդային երկրներում կարծիքներն այս մասին։ Հիմնականում բացասական են արտահայտվում այս պահին նման կոչումներ ունեցող մարդիկ։ Հիմա չափման այլ միջոցներ կան մարդու հայտնիության, սիրված լինելու լրիվ ուրիշ չափանիշներ կան»։

Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյանը հակադարձեց՝ տնտեսության վաստակավոր գործչի կոչում են տվել Հրանտ Վարդանյանին, ինքն ի՞նչ քաղաքական պատվեր է կատարել։ Արփի Դավոյանը նշեց՝ նկատի ունի խորհրդային միության տարիները։

Վլադիմիր Վարդանյան

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը համարեց, որ սա մի քիչ արհեստական քննարկում է և կարծիք հայտնեց՝ մինչև 1936-1937 թվականերն ապրել ենք առանց այս կոչումների, այնպես չէ, որ սա հայկական պատմության, իրականության, ազգային ինքնության մասն է եղել։ Նաև նկատեց՝ կան դեպքեր, երբ շատ արժանավոր անձինք ինչ-ինչ պատճառներով այդ խրախուսանքին չեն արժանացել։

Արծվիկ Մինասյանն ասաց՝ արժանացրեք, այդ անարդարությունը վերացրեք։

Վլադիմիր Վարդանյանը շարունակեց՝ որպես կանոն արժևորվում են այն կոչումները, որոնք տրված են ոչ թե պետությունների կողմից, այլ անկախ մասնագիտական ակադեմիաների կողմից տրվածները՝ կլինի Նոբելյան մրցանակը, Օսկարը․ «Մենք պետք է խրախուսենք բոլոր եղանակներով արժանիքներ ունեցող մասնագետներին, զուգահեռ չպետք է ստեղծենք իրավիճակներ, երբ պարզապես մարդն օգտվում է այս կամ այն կոչումից, ոչ թե որպես իր մասնագիտական ժառանգության կամ ստեղծագործության գնահատական, այլ որպես լրացուցիչ հնարավորություն օգտվելու որոշակի արտոնություններից»։

Արծվիկ Մինասյանը քվեարկությունից առաջ կրկին հստակեցրեց․ «Ամենաշատ տուժած քաղաքական ուժերից մեկը Դաշնակցությունն է եղել․ բոլոր այն անձինք, որոնք կապված են եղել ՀՅԴ-ի հետ, Խորհրդային միության, բոլշևիկյան ժամանակից սկսած մինչև փլուզում։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ատելությամբ լցվենք այդ ողջ պատմական ժամանակաշրջանի նկատմամբ։ Պիտի կարողանանք կարևորել բոլոր այն ժամանակահատվածներում այն լավ արվածը, որն արժանացել է պետության կողմից ուշադրության։ Կտրուկ դեմ ենք, քանի որ շարունակում ենք պնդել՝ քանդում եք եղած համակարգը՝ փոխարենը ոչինչ չներդնելով»։

Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց՝ Խորհրդային միության դրական ամբողջ ժառանգությունը մենք հավուր պատշաճի պահպանում ենք և Արծվիկ Մինասյանին հորդորեց երեկոյան Երևանով շրջել, ու կտեսնի Գարեգին Նժդեհի, Արամ Մանուկյանի, Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Արամ Խաչատրյանի, Կարեն Դեմիրճյանի արձանները»։

Ի վերջո` փաթեթը դրական եզրակացություն ստացավ 2 դեմ ձայներով։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829