Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գյումրիում ազդանշաններ տալով՝ երթուղի դուրս եկան 8 նոր միկրոավտոբուսներ

Փետրվար 20,2024 12:41

Այսօր վաղ առավոտյան Գյումրու Վարդանանց հրապարակից ազդանշաններ տալով՝ երթուղի դուրս եկան 8 նոր միկրոավտոբուսներ։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առկա 65 միկրոավտոբուսներով սպասարկում են 5 երթուղի, սակայն ՍՊԸ-ն հրաժարվել է երկու երթուղուց՝ թիվ 14-ից և 18-ից՝ եկամտաբեր չլինելու պատճառաբանությամբ։

 Գյումրու համայնքապետարանն էլ հրատապ ձեռք է բերել 8 նոր միկրոավտոբուսներ, որպեսզի չպարալիզացվեն այդ երկու երթուղու աշխատանքները։ Նոր միկրոավտոբուսները ձեռք են բերվել սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։

Շահող կազմակերպությունը, ըստ քաղաքապետի, դրանք ձեռք է բերել 14 միլիոն 900 հազար դրամով։

Վարդգես Սամսոնյանի ասելով՝ գործելու է թեժ գիծ՝ հեռախոսահամարը փակցվելու է թե՛ միկրոավտոբուսներին թե՛ քաղաքապետարանի շենքի ներսում, որպեսզի բնակիչները իրենց դժգոհություններն ու առաջարկները ներկայացնեն։

«Բնականաբար ավելի որակով ենք սպասարկելու, մենք գիտենք այդ բացերը, հնարավորինս շատ շուտ կվերացնենք թերությունները, մեր անմիջական վերահսկողության ներքո երթուղիները կկարողանան սպասարկել, ժամանակին, որակով, տեղը տեղին մարդկանց հասցնել իրենց տները»,- ասաց քաղաքապետը։

Ըստ նրա՝ այն, ինչ հնարավոր է անել, որ քաղաքի ամբողջ տրանսպորտային ցանցը բարելավվի, իրենք անելու են։

Վարդգես Սամսոնյանը նաև ասաց, որ «Գյումրու ավտոբուս» ՓԲԸ-ն արդեն սկսել է համայնքապետարանի բյուջե գումար փոխանցել։ Շուտով կկարողանան վճարված գումարով թարմացնել տրանսպորտային պարկը։

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ մինչ այդ նույն ՓԲԸ-ն, որի տնօրեն էր նշանակված ՔՊ-ի ներկայացուցիչ Գրիգոր Մաթևոսյանը, համայնքային բյուջե բացարձակապես գումար չէր վճարում։

Վարդգես Սամսոնյանը խուսափեց պատասխանել այդ հարցին՝ նշելով, որ չի կարող ասել, սակայն հիմա այլ պատկեր է, կհավաքեն փոխանցվող գումարն ու աստիճանաբար կթարմացնեն մաշվող տրանսպորտը։

1-2 ամսից Գյումրի կբերվեն նաև 5 էլեկտրական ավտոբուսները, իսկ հետագայում, ըստ քաղաքապետի, եթե համայնքային միջոցները բավարարեն, միկրոավտոբուսները կփոխարինեն էլեկտրական ավտոբուսներով, ու Գյումրին կդառնա էկոլոգիապես մաքուր քաղաք։

Վարդգես Սամսոնյանը նշում է, որ տրանսպորտային գնի փոփոխություն Գյումրիում չի լինի։ «Առայժմ սակագնի հետ կապված փոփոխություն չունենք, տա Աստված չունենանք, այդ 100 դրամը պահպանվի, մենք էլ կարողանանք մեր բնակչությանը սոցիալական օգուտ տանք»,-ասաց նա։

Հարցին, թե քանի՞ ուղևորի համար են նախատեսված միկրոավտոբուսները ու գործնականում քանի ուղևոր կտեղափոխեն, «Գյումրու ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Անդրեասյանը պատասխանեց․ «16 ուղևորի համար է նախատեսված, բայց հուսանք, որ մեր վարորդներն ավելի բարեխիղճ կգտնվեն և կանգնած ուղևորներ չեն տեղափոխի։ Հուսանք, որ նոր միկրոավտոբուսներն ավելի բարեկարգ կսպասարկեն մեր ազգաբնակչությանը»։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829