Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսինքն՝ Արման Բաբաջանյանին չե՞ն գտել, փախա՞ծ է նա, հետախուզո՞ւմ է հայտարարված, ի՞նչ է արված։ Ոչ մի բացատրություն չկա»․ Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում՝ ՀՅԴ-ի բոլոր անդամներից ներողություն խնդրելու ակտի կատարման մասին

Փետրվար 20,2024 12:21

«2021-ից ունենք դատական ակտ, երբ Արման Բաբաջանյանը պետք է ներողություն խնդրի ՀՅԴ-ից և նրա բոլոր անդամներից, բայց մինչև այսօր իրացված չէ։ Մոտավորապես մի տասը դիմում ուղղվել է դատախազություն, ամեն անգամ գլխավոր դատախազը մակագրում է դատախազի տեղակալին, նա Երևան քաղաքի դատախազին, վերջում ոչ մի արձագանք։ Այս ինստիտուտը, որն առաջարկվում է, ինչպե՞ս է այն անցումային փուլում ներդրվելու, ի՞նչ են լինելու այն վարույթների հետ, որոնք այս պահի դրությամբ, ըստ էության, իրացված չեն, չի կատարվել դատական ակտը և այս ինստիտուտի առհասարակ ակնկալիքը որքանո՞վ պետք է ապահովի դատական նման ակտերի կատարումը»,- ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, երբ քննարկվում էր «Կատարողական վարույթի մասին» փաթեթը։

Ըստ նրա՝ սա կարևոր ինստիտուտ է հատկապես ոչ դրամական պահանջների վարույթի ապահովման տեսակետից և հարցրեց՝ որքանո՞վ այս փոփոխությունները կնպաստեն նման խնդիրների լուծմանը։

Լևոն Բալյան

ՀՀ արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը պատասխանեց․ «Աստրենտի ինստիտուտն ամբողջությամբ նոր ինստիտուտ ենք ներմուծում, ինչն ամբողջությամբ վերաբերում է ոչ դրամական պահանջ ենթադրող դատական ակտերին։ Նախատեսում ենք նախնական և վերջնական աստրենտ։ Բոլոր դեպքերում դատարանն է որոշելու հայցվորի՝ պահանջատիրոջ դիմումով։ Ձեր վկայակոչած մասնավոր դեպքը չեմ կարող հիմա մտաբերել, բայց այս փաթեթը վերաբերում է այդ խումբ կատարողական վարույթներին։ Ինչ վերաբերում է ներկայումս եղածների վրա տարածվելուն՝ անցումային դրույթներում, այստեղ քննարկելու կարիք կա։ Այս ինստիտուտը ներդրվում է հենց այդ ոչ դրամական պահանջներ ենթադրող ակտերի կատարման հարցն ավելի արդյունավետ լուծելու համար»։

Արծվիկ Մինասյանն արձագանքեց՝ իմ բերած օրինակը վառ օրինակ է, թե ինչպես չի կատարվում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, և նման դեպքերը կարող են բազմաթիվ լինել, երբ նույն ներողություն խնդրելու մասին ակտերն ուղղակի չեն կատարվում․ «Ցավոք, սա պատահական օրինակ չէ։ Այդ օրինակն այսօր էլ շարունակվում է պահպանվել։ Ըստ էության դատախազությունն ու քննչական մարմիններն անգործության են մատնված այս ուղղությամբ կամ ուղղակի հովանավորում են անձին, որը դատական ակտով հարկադրվել է ներողություն խնդրել։ Որևէ այլ բացատրություն չեմ գտնում, քանի որ հարկադիր կատարման ծառայությունը չի կարողացել ապահովել այս վարույթը, փոխանցել է գործերը քննչական մարմիններին, ու արդեն երկրորդ տարին է լրանում՝ ոչ մի առարկայական բան չեն արել։ Համենայն դեպս, մեր հարցերին ի պատասխան ոչ մի ողջամիտ բացատրություն չկա։ Այսինքն՝ Արման Բաբաջանյանին չե՞ն գտել, փախա՞ծ է նա, հետախուզո՞ւմ է հայտարարված, ի՞նչ է արված։

Ոչ մի բացատրություն չկա․ թե որպես պահանջատեր անձ, թե որպես ՀՀ քաղաքացի, որը այս գործով շահագրգռված է, մենք այդպես էլ տեղեկություն չենք կարողանում ստանալ։ Շատ կարևոր է, որ այս օրենքի անցումային դրույթներում այս ու նման բազմաթիվ հարցեր իրենց արդյունավետ լուծումներն ունենան աստրենտի ինստիտուտի ներդրման ժամանակ։ Նաև կարևոր է քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի լույսի ներքո վերանայումը։ Սուբյեկտը, որը չի կատարում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, դա անարգանք է ՀՀ-ի նկատմամբ։ Եվ հետևողականորեն չի կատարվում։ Կամ այնպիսի մի մեխանիզմ գործադրվի, որը շատ ավելի ծանր նյութական հետևանքներ կունենա այդ անձի համար, որպեսզի ստիպի՝ այդ տիպի անձանց նկատմամբ կիրառվի շատ ավելի խիստ պատասխանատվության միջոցներ»։

Վլադիմիր Վարդանյան

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց․ «Այո, աննորմալ է, որ ՀՀ անունից ընդունված դատական ակտը չի կատարվում։ Սա պետք է լինի նորմա բոլորի համար, բոլոր պետական մարմինների համար՝ այդ թվում քաղաքական գործիչների համար։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Շատ դեպքերում մենք էլ քաղաքական հարթակներում սկսում ենք անդրադառնալ դատական ակտերին և մեկնաբանել։ Սա ևս անթույլատրելի է։ Բայց պարոն Մինասյան, Ձեր հարցադրման իրավաչափությունը չվիճարկելով, այդուհանդերձ, ուզում եմ հասկանալ՝ պարոն Բալյանը, կամ այս նախագիծը ի՞նչ առումով կարող են անդրադառնալ կամ պատասխանել Ձեր կողմից բարձրացված հարցին։ Մենք առաջիկայում հնարավորություն կունենանք լսել և′ գլխավոր դատախազի հաշվետվությունը, և′ լիագումար նիստերին հնարավորություն կունենաք դիմել ՀՀ կառավարությանը և ավելի պատշաճ հարթակում ստանալ ավելի հստակ պատասխաններ»։

Արծվիկ Մինասյանն ասաց՝ ոչ թե պարոն Բալյանից էի ակնկալում, այլ օրինակ բերելով հանդերձ՝ նոր ինստիտուտի՝ նման երևույթները բացառելուն ուղղված հարցադրումն էր․ «Պարոն Բալյանը թերևս մասնակիորեն ունի առնչություն, քանի որ Հարկադիր կատարման ծառայությունն արդարադատության նախարարության ներքո է, հիմա էլ ինձ ուղղում եք կառավարությո՞ւն։ Կառավարությունն ի՞նչ կապ ունի դատախազության հետ։ Եթե դատախազության ողջ համակարգը, քննչական մարմինները չեն կարողանում այս պարզագույն դատական ակտի ապահովումը կատարել, դա կամ հովանավորչություն է կամ բացարձակ անգործություն։ Դատական ակտին որևէ մեկնաբանություն չեմ տալիս»։

Լևոն Բալյանն ասաց՝ հաշվի առնելով, որ Հարկադիր կատարման ծառայությունն արդարադատության նախարարության ենթակայության մարմին է, ինքն էլ համակարգում է, կոնկրետ դեպքով ուսումնասիրություն կանի և կտեղեկացնի այդ կատարողական վարույթի մասին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829