Լրահոս
Օրվա լրահոսը

Սա կոչվում է իշխանության ճգնաժամ. Երվանդ Բոզոյան. «Հրապարակ»

Փետրվար 20,2024 11:15

Շաբաթ օրը` Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եռակողմ հանդիպում են ունեցել եւ քննարկել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը` պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:

Ադրբեջանական APA գործակալությունն էլ հաղորդել էր, որ Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ երկկողմ ձեւաչափով հանդիպում է կայացել, ինչի մասին հայկական կողմը չի հաղորդում:

Զրուցել ենք քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:

Երվանդ Բոզոյան. «Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն արդեն վաղուց նորություն չեն, նորություն չէ նաեւ նրա հռետորաբանությունը: Բոլորն արդեն համակերպվել են, որ Փաշինյանի հայտարարությունները հակառուսական են` արտաքին կենտրոնների ազդեցության տակ: Ինձ համար որեւէ նոր բան չկար: Նրա կինն էլ ամիսներ առաջ մեկնել էր Ուկրաինա` ուկրաինացի ժողովրդին աջակցություն ցույց տալու: Առհասարակ, պարտադիր չէ հայտարարել, որ Հայաստանը ՌԴ-ին ինչ-որ հարցում չի աջակցում: Կարելի է ուղղակի լռել ու ոչինչ չասել` հատկապես նման պայմաններում: Ղրղզստանը, Ղազախստանը, Վրաստանը, լինելով անհամեմատ ավելի կայուն վիճակում, այդ մասին որեւէ հայտարարություն երբեւէ չեն արել: Ի՞նչ պարտադիր է, որ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ է անում: Նա մեսիջ է ուղարկում այն մարդկանց, որոնց տակ է աշխատում ինքը: Դպրոցական երեխան ինչպե՞ս է գնահատական ստանում, այ, այդպես Փաշինյանը փորձում է իր տերերից գնահատականներ ստանալ: Նրա ելույթները պետք է այդ կոնտեքստում դիտարկենք: Հայաստանի շահ, Հայաստան, Հայաստանի պետականություն եւ անվտանգություն այդ մարդու համար գոյություն չունեն: Եթե երկրի ղեկավարը գոնե մի փոքր մտածեր իր երկրի ազգային ու պետական շահերի մասին, ապա նման պայմաններում չէր խոսի ռուս-ուկրաինական պատերազմի մասին, չէր հայտարարի, որ դեմ է Ռուսաստանի Դաշնությանը: Հայաստանի ղեկավարը, եթե իսկապես մտածեր իր պետական շահի մասին, պետք է լիներ շատ ավելի չեզոք, զգույշ, լուռ, ինչպես, օրինակ, Վրաստանի ղեկավարն է: Այսօր բացի Բելառուսի ղեկավարից ընդգծված ՌԴ-ին ոչ ոք չի աջակցում, սակայն չի էլ կարելի բացահայտ ձեռնոց նետել: Հայաստանի պետական շահ այս մարդու` Փաշինյանի համար գոյություն չունի: Այս ամենի ֆոնին Ադրբեջանը սպասում է, թե երբ պետք է Հայաստանը սայթաքի, որ ինքն արդեն ուղիղ հարձակում գործի Հայաստանի վրա: Որ պահին տեսնեն՝ վերջնականապես ՀՀ-ի «ձեռքերն» ու «ոտքերն» ազատ են, Ադրբեջանը հարձակվելու է: Դեռ ժամանակ են ձգում: Ոչ մի խաղաղության պայմանագրի տակ չեն ստորագրելու, ձգձգելու են այնքան ժամանակ, քանի դեռ կարող են: Նրանց ձեռնտու չէ խաղաղություն ասվածը: Հայաստանն օր-օրի թուլանում է, Ռուսաստանն էլ քիչ-քիչ ձեռքերը լվանում է: Նիկոլ Փաշինյանի պատկերացումներով` իր իսկ շահերն Արեւմուտքում են գտնվում: Նա անձնական շահեր ունի, հեռանկարներ, սակայն դրանք անգամ ՀՀ-ի հետ չեն կապվում…. Նրա վրա խնդիր է դրված՝ արագացնել պրոցեսները, բայց նա վախենում է կտրուկ քայլերի գնալ: Այս մարդն իրականում ծանր վիճակի մեջ է հայտնվել: Արեւմուտքը ստիպում է՝ Ռուսաստանին ՀՀ տարածքից դուրս բերել, բայց նա գիտակցում է, որ նման քայլ անելուց հետո Հայաստանում քաոս է տիրելու: Սա կոչվում է իշխանության ճգնաժամ: Ցանկացած քայլ լինելու է այս իշխանության դեմ»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829