««Ամերիաբանկը» կշարունակի բիզնեսի ընդլայնումն ու զարգացումն իր բրենդի ներքո և գործող ղեկավար թիմի առաջնորդությամբ` հավատարիմ իր որդեգրած արժեքներին, հռչակած առաքելությանն ու տեսլականին»,- անդրադառնալով BOGG PLC-ի հետ հնարավոր գործարքին` «Փաստի» հետ զրույցում նշեցին «Ամերիաբանկի» հասարակայնության հետ կապերի բաժնից: Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և BOGG PLC-ն համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում «Ամերիաբանկի» ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ: Այս գործարքը տարակարծությունների տեղիք է տվել համացանցում: Մի շարք հարցերի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ «Ամերիաբանկից»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես այս ամենը կարող է ազդել հաճախորդների, բանկի ընդհանուր գործունեության վրա, «Ամերիայից» նշեցին, որ այս հնարավոր գործարքը որևէ կերպ չի անդրադառնա «Ամերիաբանկի» ընթացիկ գործունեության վրա, մասնավորապես` բանկի կողմից գործող ծառայությունների, ներառյալ` տոկոսադրույքների, վճարների և այլ պայմանների վրա։ ««Ամերիաբանկը» սովորականի պես կշարունակի իր բնականոն աշխատանքը։ Այս հնարավոր գործարքը պարզապես բանկի բաժնետիրական կազմում փոփոխություն է ենթադրելու»,- պարզաբանեցին «Ամերիաբանկից»:
Հիշեցնենք, որ «Ամերիաբանկը» մի քանի բաժնետեր ունի, որից ընդամենը 49 %-ն է պատկանում այժմ գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանին: Մեր ճշտող հարցին, թե որքանով այս գործարքը կապ ունի Ռուբեն Վարդանյանի հետ, «Ամերիաբանկից» ասացին. «Պարոն Ռուբեն Վարդանյանն ուղղակիորեն չի հանդիսանում «Ամերիաբանկի» բաժնետեր։ «Ամերիաբանկի» 48,82 % բաժնետեր է «Իմաստ Գրուպը», որում էլ Ռուբեն Վարդանյանի բաժնեմասը հանձնված է հավատարմագրային կառավարման:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։