Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ դուք բավականաչափ «վիտամին Հ» ստանո՞ւմ եք

Փետրվար 20,2024 09:30

Մենք հաճախ ենք խոսում օգտակար սննդատեսակների, տարբեր սննդանյութերի մասին, սակայն երբեմն մոռանում ենք շատ կարևոր մի «վիտամինի» մասին, որը պատկերավոր կկոչենք «վիտամին Հ» կամ պարզապես «հաճույքի վիտամին», չէ՞ որ սնունդը նաև հաճույքի աղբյուր է, որն օրգանիզմին ոչ միայն անհրաժեշտ նյութեր ու էներգիա է փոխանցում, այլև դրական հույզեր է պարգևում։

Սննդից հաճույք ստանալու գործընթացը չի վրիպել հետազոտողների ուշադրությունից․ նրանք փորձել են հասկանալ, թե հաճույքով սնվելն ինչպես կարող է նպաստել օրգանիզմի առողջությանը։ Սննդաբան Ալետա Ստորչն, օրինակ, մեկնաբանում է՝ ֆիզիոլոգիապես հաճույքը, որը մարդիկ ստանում են սննդից, տեղի է ունենում ինչպես բերանում, այնպես էլ գլխուղեղում: «Ցանկացած հաճույք, այդ թվում սննդից ստացած հաճույքը նպաստում է գլխուղեղում դոֆամինի արտադրությանը։ Դոֆամինը հաճախ են անվանում «լավ ինքնազգացողության հորմոն», քանի որ այն նպաստում է երջանկության, հանգստության զգացողության առաջացմանը, ուշադրության կենտրոնացմանը, մոտիվացիայի զարգացմանը»։

Երբ օրգանիզմում ամեն ինչ ճիշտ է աշխատում՝ սննդից հաճույք ստանալն անգամ ֆիզիկական ազդեցություն կարող է գործել՝ նախ խթանելով դոֆամինի արտադրությունը, ապա հանգստացնելով նյարդային համակարգն ու նպաստելով մարսողությանն ու արդյունավետ նյութափոխանակությանը։

Ընդ որում, սննդից հաճույք ստանալն անգամ նպաստում է ավելի առողջ սննդակարգին անցնելուն։ Օրինակ՝ 2020 թ․-ին հրապարակված զեկույցում, որն ամփոփում էր 119 հետազոտությունների արդյունքները, նշվում է, որ հետազոտությունների 57 %-ը կապեր են գտել սննդից հաճույք ստանալու և դիետայի դրական արդյունքների միջև։ 

Գաղտնիք չէ, որ նախընտրելի ուտեստը ոչ միայն ֆիզիկական, այլև հուզական ազդեցություն  է գործում, օրինակ՝ շատերին են տաք ու ախորժալի կարկանդակները հիշեցնում տատիկի տան ու մանկության մասին, իսկ հավով ապուրն օգնում է արագ ապաքինվել, ասենք, հարբուխի դեպքում։ Սակայն չպետք է շփոթել սննդից հաճույք ստանալն ու հուզական սնուցումը, երբ մարդը սկսում է սնվել՝ հիմնականում ծանր հույզերից՝ սթրեսից, զայրույթից, տխրությունից ազատվելու համար, քանի որ դա, ի վերջո, հանգեցնում է գերսնուցման, ոչ այնքան օգտակար մթերքների չարաշահման։ 

Ինչպես նշում են սննդաբանները․ «Հուզական սնուցումն այն է, երբ մարդիկ օգտագործում են սնունդը որպես միջոց ինչպես դրական, այնպես էլ բացասական հույզերը հաղթահարելու համար, իսկ սննդից հաճույք ստանալը թույլ է տալիս պարզապես վայելել ուտեստի համը, կազմությունը և այն զգացողությունները, որոնք առաջանում են այդ սնունդն օգտագործելիս»։

Իհարկե, չկան հստակ սահմաններ հուզական սնուցման ու հաճույքով սնուցման միջև, սակայն առաջինի դեպքում նկատվում է բավականին հակասական վերաբերմունք ուտելիքի նկատմամբ․ կարող է առաջանալ, օրինակ, մեղքի զգացում այս կամ այն մթերքն օգտագործելուց հետո, իսկ հաճույքով սնուցումը ենթադրում է սննդակարգի ավելի հավասարակշռված ընտրություն, գիտակցված մոտեցում, որը համարում է, որ առողջ սնունդն ամենևին էլ անհամ չէ։ Ահա թե ինչու է կարևոր որևէ սննդատեսակ ընտրելիս նախ մտածել՝ արդյո՞ք այն բավականաչափ «վիտամին Հ» պարունակում է, թե ոչ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829