Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ գնով Ալիեւը համաձայնեց հանդիպել Փաշինյանին

Փետրվար 20,2024 10:30

Մյունխենյան հանդիպումների Ալիեւի «փորացավը»` ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնապես լուծարման թեմա է եղել

Ըստ Շոլցի` Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց նոր բռնությունների

Չնայած Ռուսաստանից հնչող շարունակական հորդորներին` Մոսկվայի հովանու ներքո շարունակելու Հայաստան-Ադրբեջան բանակցությունները, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 17-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպեցին:

Շոլցը նախ առանձին հանդիպումներ էր ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ: Փաշինյանը բարձր էր գնահատել Շոլցի ջանքերը` երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ, վերահաստատել էր ՀՀ հավատարմությունը խաղաղության գործընթացին: Գերմանիայի կանցլերն ընդգծել էր պատրաստակամությունը` շարունակելու ջանքերն ի նպաստ խաղաղության եւ երկխոսության:

Ավելի քան կես տարվա դադարից հետո Շոլցի միջնորդությամբ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպեցին` օրեր առաջ սահմանային լարվածությունից մի քանի օր անց: Եռակողմ բանակցությունները տեւել էին մոտ 45 րոպե, որից հետո պաշտոնական Երեւանը հայտնեց, որ Փաշինյանն ու Ալիեւը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման քայլերը եւ որ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ: Կառավարության հրապարակած լուսանկարներից պարզ էր դառնում, որ հանդիպմանը մասնակցել էին երկու երկրների ԱԳ նախարարներ՝ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը եւ Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները մինչդեռ Փաշինյան-Ալիեւ երկկողմ բանակցությունների մասին հաղորդեցին: Ըստ պետական APA գործակալության՝ եռակողմ հանդիպումից հետո Գերմանիայի կանցլերը հանդիպման ներածական մասից հետո լքել է դահլիճը, բանակցությունների սրահում մենակ թողնելով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին ու նրանց պատվիրակություններին։ Ըստ ադրբեջանական աղբյուրների` այս հանդիպումն էլ տեւել է մոտ 10 րոպե։

APA գործակալության փոխանցմամբ՝ հենց երկկողմ բանակցությունների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները իրենց ԱԳ նախարարներին հանձնարարել են շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Արարատ Միրզոյանին եւ Ջեյհուն Բայրամովին նաեւ հանձնարարվել է շարունակել սահմանազատման շուրջ աշխատանքը:

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հյուրընկալած Գերմանիայի կանցլեր Շոլցն, իր հերթին, X-ում գրել է, որ կողմերը պայմանավորվել են հարցերը լուծել առանց նոր բռնությունների: «Գերմանիան եւ Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին։ Ես դա հաստատել եմ երկու երկրների հետ քննարկումներում», – նշել էր Շոլցը:

Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եռակողմ հանդիպմանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը, ավելի ուշ հայտնեց պաշտոնական Երեւանը: ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:

Այսպես, արեւմտյան հարթակները եռանդուն կերպով բոյկոտող Ալիեւը համաձայնեց Շոլցի միջնորդությամբ, թեկուզ, կարճատեւ բանակցությունների: Կասկած չկա, որ Ալիեւն առաջիկայում որեւէ առիթ կօգտագործի իր հավատարմությունը ցույց տալու Մոսկվային, հասկացնել տալով, որ ստիպված է եղել Մյունխենում ընդունել Շոլցի միջնորդությամբ եռակողմ բանակցությունների առաջարկը: Մյունխենի հանդիպումներից մեկի վերաբերյալ արդեն իսկ պաշտոնական Բաքուն հրապարակավ հայտնեց, թե «հակառակ կողմի խնդրանքով» է Ալիեւը հանդիպել, օրինակ` ԱՄՆ պետքարտուղարին…

Բլինքենն էլ օգտվեց առիթից` Ալիեւին հրավիրելով «կարմիր գորգին»

Մյունխենում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հանդիպումներ ունեցավ Փաշինյանի եւ Ալիեւի հետ: Փաշինյանը Բլինքենի հետ հանդիպմանն ընդգծել է հայ-ամերիկյան արդյունավետ գործընկերությունն ու 2019-ից մեկնարկած Ռազմավարական երկխոսությունը: «Իհարկե, տարածաշրջանային հարցերը եւս շատ կարեւոր են մեր օրակարգի համար։ Դժբախտաբար, այս պահին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա է լարվածության նոր փուլ, վերջերս տեղի ունեցավ լարվածության նոր աճ, որը պատճառ դարձավ մեծ կորուստների։ Հայ դիրքապահներ սպանվեցին Ադրբեջանի հետ սահմանին։ Ես կցանկանայի այս իրավիճակը եւս քննարկել Ձեզ հետ», նշել է Փաշինյանը։ Հրապարակված կարճ տեսանյութում պետքարտուղար Բլինքենը վերոնշյալ թեմային որեւէ կերպ չէր արձագանքել, իսկ ավելի ուշ X-ում գրել էր, թե վարչապետ Փաշինյանի հետ արդյունավետ զրույց են ունեցել, քննարկել՝ ինչպես կարող են աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:

Հայ-ամերիկյան բանակցությունների ընթացքում Բլինքենն իր հերթին ընդգծել է՝ Հայաստանը շատ արժեքավոր գործընկեր է ԱՄՆ-ի համար. «Մենք գնահատում ենք նրա՝ կայուն խաղաղության հանդեպ հանձնառությունը։ Մենք նաեւ կարող ենք ուժեղացնել մեր երկրների միջեւ կապերը բոլոր ուղղություններով»։ Փաշինյանը բարձր է գնահատել Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացում ու երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ, վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների, մասնավորապես, արդեն իսկ միջազգային հարթակներում գրավոր կերպով հրապարակային արձանագրված սկզբունքների հիման վրա: Բլինքենը շեշտել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին եւ երկխոսությունը շարունակելու հույս հայտնել: Կառավարության տարածած հաղորդագրությունից տեղեկացանք, որ նրանք քննարկել են նաեւ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ, կարեւորել ռազմավարական երկխոսության հետեւողական զարգացումը:

Անցած տարեվերջին Վաշինգտոնի միջնորդությունը մերժած Ադրբեջանի նախագահը եւս հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ: Ուշագրավ էր, որ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ փետրվարի 17-ին Մյունխենում ամերիկյան կողմի «խնդրանքով» է կայացել Ալիեւի եւ Բլինքենի հանդիպումը։ ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ արժանապատիվ խաղաղություն ապահովելու հարցն է կարեւորել եւ ընդգծել, որ ԱՄՆ-ն այդ ուղղությամբ ջանքեր է գործադրում եւ կշարունակի աշխատանքը։

Իսկ ահա Ալիեւն ասել է. «Մեր օրակարգում կա եւս մեկ հարց` իրավիճակը Կովկասի տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հասնելու հեռանկարները։ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին, եւ հնարավորինս շուտ խաղաղ համաձայնագրի կնքումը բխում է մեր ազգային շահերից։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ԱՄՆ-ին եւ հատկապես պարոն Պետքարտուղարին՝ այս ուղղությամբ ջանքերի համար»։ Ալիեւը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ երկկողմ օրակարգը, նկատել է, որ կան բարենպաստ հնարավորություններ երկու երկրների միջեւ գործընկերությունն ընդլայնելու համար։ Նա կրկին շեշտել է, որ աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ խաղաղության օրակարգին, եւ զեկուցել է Մյունխենում Փաշինյանի հետ կայացած երկկողմ հանդիպման մասին` դրական համարելով այդ հանդիպումը։ Ընդգծելով, որ տարածաշրջանում դե ֆակտո խաղաղությունն արդեն հաստատվել է՝ Ալիեւը նկատել է, որ ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները պետք է զարգանան ինքնուրույն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացից դուրս։

Հայաստանի հարցում ադրբեջանական ագրեսիայով պայմանավորված Վաշինգտոնից հնչող քննադատությունը, Ալիեւը, ըստ էության, փորձել է չեզոքացնել` առաջ քաշելով ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների փոխշահավետության գործոնը, մյուս կողմից, վստահեցնելով, թե իբր կողմնակից է «խաղաղության օրակարգին»: ԱՄՆ-ի հետ ունեցած դիվանագիտական որոշակի բարդ հարաբերությունների մասին Ալիեւը վերջերս հրապարակային էր խոսել: Իսկ այժմ նա, փաստորեն, հրապարակային արտահայտվել է Ադրբեջանի նկատմամբ Վաշինգտոնի վերաբերմունքի վերանայման անհրաժեշտության մասին:

Մյունխենում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հանդիպել էր նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որը նշել է. «ՀՀ եւ ԱՄՆ ներգրավվածությունն ամուր է, եւ մենք հանձնառու ենք ավելի սերտացնել մեր ռազմավարական երկխոսությունը»:

Իսկ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հանդիպմանը ադրբեջանական կողմը կրկին խոսել է Հայաստանի Սահմանադրության, օրենսդրական ակտերի, միջազգային կազմակերպություններում եւ դատարաններում, Բաքվի ձեւակերպմամբ` «Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջներից» եւ ընդգծել դրանցից հրաժարվելու կարեւորությունը: Մյունխենում Բայրամովն ու Օ՛Բրայենը քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ երկու երկրների երկկողմ եւ բազմակողմ օրակարգի հարցերը։ Բայրամովը Հայաստանում Եվրոպական միության առաքելության գործունեությունը որակել է իբրեւ` «Ադրբեջանի դեմ քարոզչության համատարած չարաշահում»։

Ալիեւը կառուցողական է անվանել Մյունխենի բանակցությունները, սակայն նոր պայման է առաջ քաշել

Ալիեւը Փաշինյանի հետ վերջին հանդիպումը կառուցողական է բնորոշել, նշել է, որ այն օգտակար է եղել: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահն ասել է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների դելիմիտացիայի եւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ: Նա իրական է համարել խաղաղության ձեռքբերումն ու խաղաղության համաձայնագրի ստորագրումը՝ հավելելով. «Հարավային Կովկասում փաստացի խաղաղություն է»։

Մյունխենյան հանդիպումներից պարզ է դառնում, որ Ալիեւի համար «փորացավը» ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը պաշտոնապես վերացնելու հարցն է եղել: Եկել է ԵԱՀԿ-ի շրջանակներում մի շարք մեխանիզմների, մասնավորապես` «Մինսկի խմբի վերացման ժամանակը, որոնք անցյալի մասունքներ են», Հելգա Շմիդտի հետ հանդիպմանն ասել է Ալիեւը։

Նույն գնահատականները Ալիեւը հնչեցրել էր նաեւ փետրվարի 16-ին Մյունխենում, երբ հանդիպել էր ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջի հետ։ Նա կրկին շեշտել է, որ ԵԱՀԿ-ում մի շարք մեխանիզմներ` «անցյալի մնացորդներ են», «բոլորովին ոչ գործուն կառույցներ են»: Դրանց շարքում Ալիեւը մատնանշել է` ԵԱՀԿ Մինսկի խումբը, Բարձր մակարդակի պլանավորման կոմիտեն եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատը: Այսինքն, Ալիեւը հրապարակային դրանց պաշտոնապես լուծարման անհրաժեշտության մասին է խոսել: Ալիեւն ուղղակիորեն ասել է, որ ԵԱՀԿ-ն բյուջեն կարող է ավելի «բովանդակալից նախագծերի» վրա ծախսել։ Նա ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանն էլ հարկ է համարել հիշեցնել, որ ղարաբաղյան հակամարտությունն` «արդեն լուծված է», «Ադրբեջանը ապահովել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը` «երկկողմանի է»։ Այսինքն, նա հասկացնել է տվել, որ միջնորդների կարիքը, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության անհրաժեշտությունն այլեւս անիմաստ է:

Իսկ ո՞րն է այս հարցում պաշտոնական Երեւանի դիրքորոշումը: Այստեղ եւս հայկական կողմը զիջել է դիրքերը: Որքան էլ Ալիեւը շարունակում է ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափի գոյության անիմաստության մասին խոսել, նա իրավասու չէ  մանդատի գործունեությունը կասեցնել: Ավելին` պաշտոնական Երեւանը այս ձեւաչափի գործունեության շարունակման հարցում պարտավոր էր ավելի հետեւողականություն ցուցաբերել, որպեսզի այսօր Ալիեւն արեւմտյան հարթակներում բանակցություններում իր երկրի մասնակցության հարցում առեւտրի նոր թեմա առաջ չքաշեր` «եթե ուզում եք բանակցեմ ձեր հարթակներում` ասեք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն չունի»:

Ու այսպես, հայկական կողմի դիվանագիտական երբեմնի բոլոր ձեռքբերումները հերթով ոչնչացվում են…

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 20.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829