Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների առյուծի բաժինը «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ինն է: «Փաստի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՊՈԱԿ-ից տեղեկացրել են, որ հատկացված 244 մլն 431 հազար դրամի (Խաչատրյանի 120-ամյակին ուղղված պետական ֆինանսավորման ավելի քան 50 տոկոսը) շրջանակներում կյանքի է կոչվել «Արամ Խաչատրյան-120» հոբելյանական ծրագրի միջոցառումների բրենդավորման, լուսաբանման և գովազդատեղեկատվական արշավի իրականացման ծրագիրը (25,4 մլն դրամ), տեղի է ունեցել «Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը (42 մլն դրամ), նվագախումբը հյուրախաղերի է մեկնել Հունաստան, Կանադա, ԱՄՆ (177մլն դրամ):
Գրությունից պարզ է դառնում, որ ինչ ծրագիր «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարությանը, բոլորը հավանության են արժանացել և ֆինանսավորվել են։
Նույնը չես ասի, օրինակ՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի մասին։ Վերջինիս ուղարկված հարցմամբ «Փաստը» պարզել է, որ հիմնադրամը հինգ ծրագրի ֆինանսավորման համար դիմել էր ԿԳՄՍ նախարարությանը, սակայն հավանության է արժանացել միայն ֆրանսիական «Մեցցո» հեռուստաընկերության կողմից Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմի պատրաստումն ու հեռարձակումը. այդ նպատակով նախարարությունը հիմնադրամին տրամադրել է ընդամենը 15 մլն դրամ: Հիմնադրամի ֆինանսավորման չարժանացած ծրագրերն էին՝ «Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հանդիսավոր բացման արարողություն», «Խաչատրյանական գույներ», Արամ Խաչատրյանի մասին անդրադարձներ հեղինակավոր «Եվրոնյուզի» եթերում, Արհեստական բանականությամբ ջութակի մրցույթ։
Նույնը վերաբերում է նաև Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնին, որի համար հիմնադրամին հատկացված ընդհանուր բյուջեից տրամադրվել է 20 մլն դրամ:
Կարդացեք նաև
Ֆինանսավորմամբ երկրորդ տեղում է «Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ը, որին հատկացվել է 111 մլն դրամ՝ Վրաստանում և Ֆրանսիայում հյուրախաղերի կազմակերպման համար:
Համեմատության համար նշենք, որ, օրինակ՝ «Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ին տրամադրվել է 21 մլն 245,6 հազար դրամ: Այդ գումարով «Արամ Խաչատրյան» եռյակի մասնակցությամբ կազմակերպվել են միջոցառումներ Ուրուգվայում, Արգենտինայում, Ռուսաստանում և Իտալիայում, ինչպես նաև վերահրատարակվել է Խաչատրյանի ստեղծագործությունների նոտային գրականությունը:
…Այս ամենից, բնականաբար, հարցեր են առաջանում, թե ի՞նչ սկզբունքով է նախարարությունը տրամադրում ֆինանսավորում, քանզի այնպիսի տպավորություն է, որ գործում է մեկին՝ ամեն ինչ, մյուսին գրեթե ոչինչ սկզբունքը, կամ, ինչպես Ֆրիկն է գրել՝ «մեկին՝ հազար ձի ու ջորի, մեկին՝ ոչ ուլ մի, ոչ մաքի»: Օրինակ՝ արդյունավետության համար առավել առաջնահերթ չէր լինի՞, ենթադրենք, հավանություն տալ մի նախագծի, որի շնորհիվ տարվա կտրվածքով «Եվրոնյուզի» եթերում պարբերաբար անդրադարձներ կկատարվեին հայ մեծանուն կոմպոզիտորին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում