Լեւ Տոլստոյը մի առիթով ասել է, որ կա շատ պարզ եղանակ՝ հասկանալու համար, թե որքան խորն են մարդու համոզմունքները: Պետք է տեսնել, թե հանուն այդ համոզմունքների ինչից է նա պատրաստ հրաժարվել՝ մի բաժակ սուրճի՞ց, մեկ աման ապուրի՞ց, կահույքի՞ց, տնի՞ց, աշխատատեղի՞ց, պաշտոնի՞ց: Թե՞ ազատությունից եւ կյանքից:
Կարծում եմ, որ հարգանքի են արժանի մարդիկ, որոնք իրենց համոզմունքների համար պատրաստ են թանկ գին վճարել: Այնքան էլ կարեւոր չէ, թե որքանով են այդ մարդու համոզմունքներն ինձ համար հոգեհարազատ: Իմիջիայլոց, ինձ թվում է, որ չկան աշխարհիս երեսին երկու մարդ, որոնց հայացքները 100 տոկոսով համընկնում են:
Ալեքսեյ Նավալնին, անշուշտ, խորը, հաստատուն սկզբունքների տեր մարդ էր: Նա կարող էր ապրել որպես քաղաքական տարագիր՝ հարցազրույցներ տալ, հանդես գալ դասախոսություններով: Բայց Նավալնին գերադասեց վերադառնալ պուտինյան Ռուսաստան՝ շատ լավ իմանալով, թե ինչ է իրեն սպասում: Հավանաբար, նման մարդիկ ոչ այնքան հաշվարկում են, թե ինչ հետեւանքներ կունենա իրենց ազատազրկումը կամ մահը, որքան պարզապես ընտրություն են կատարում ՝ ելնելով սեփական սկզբունքներից: Դա ոգեւորիչ օրինակ է փոքրամասնության համար, իսկ Ռուսաստանի (ինչպես եւ այլ երկրների) հասարակության մեծամասնությունն ապրում է ցինիզմի եւ անհավատության մեջ:
Բանտում քաղաքական հակառակորդներին սպանելը կամ տանջամահ անելն ավտորիտար ռեժիմների «սիրված» գործելակերպն է: Հայաստանում նույնպես գրանցվել են նման դեպքեր: Նկատի ունեմ, մասնավորապես, իբր «ժողովրդավարության» օրոք Մհեր Եղիազարյանի, Արմեն Գրիգորյանի եւ «ոչ-ժողովրդավարության» ժամանակ Արթուր Սարգսյանի («Հաց բերողի») մահերը:
Կարդացեք նաև
Որքան էլ տարբեր լինեն այդ բոլոր դեպքերը, կա նմանություն. մեծ կամ փոքր ավտոկրատները չեն կարող հանդուրժել, երբ իրենց իշխանությանը կոշտ դիմադրություն կա: Նպատակներից մեկն, իհարկե, մարդկանց վախեցնելն է, մի անկյունում կուչ եկած պահելը: Հենց այդ նպատակով են Փաշինյանի իրավապահները գործեր հարուցում բացառապես այն օգտատերերի դեմ, որոնք իշխանության հասցեին անհաճո գրառումներն են անում:
Ինչու են «իրավապաշտպանները» մի դեպքում աղմուկ հանում, իսկ մյուս դեպքում՝ լռում, այստեղ ոչ մի գաղտնիք չկա. մեկին պաշտպանելու համար դրամաշնորհ տալիս են, մյուսի համար չեն տալիս: Աստված նրանց հետ՝ դա իրենց բիզնեսն է:
Վստահ եմ, որ բոլոր դեպքերում գերադասելի է բռնաճնշումները մերժելը: Այդ սկզբունքից ելնելով’ պետք է դատապարտել Ալեքսեյ Նավալնու, ըստ էության, սպանությունը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պուտինյան ռեժիմը կորցնելու բան այլևս չունի,նրան մեղադրում են շատ մեծ չարիքների մեջ և նա մտածում է,որ մեկով ավել , մեկով պակաս` ոչ մի տարբերություն։
Ես չեմ կարծում,որ Նավալնիին մահացել է իրեն այս ընթացքում տանջելու արդյունքում։ Նավալնիին շատ կոնկրետ այդ օրը սպանել են։ Չգիտեմ թե ինչու ,որովհետև նա կոնկրետ վտանգ չէր ներկայացնում,քանի որ չուներ ազատություն։
Պարզապես սա պատասխան էր արևմուտքին։ Ա’յ Դուք մեր ակտիվներն եք սառեցնում,մենք էլ ձեր մարդուն այստեղ կսառեցնենք։
Միգուցե պատասխան էր մի ուրիշ բանի,բայց դա շատ կոնկրետ և իհարկե շատ ցինիկ ու անմարդկային պատասխան էր արևմուտքին։