Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու՝ անձրևների ժամանակ դժոխքի վերածվող Անի թաղամասի փողոցները կվերանորոգվեն․ հուշագիր է ստորագրվել

Փետրվար 19,2024 22:11

Գյումրու՝  երկրաշարժից հետո կառուցված ամենաամեծ բնակելի թաղամասի՝ Անիի փողոցները, խայտառակ վիճակում են, թեթևակի տեղումներից հետո կյանքն այստեղ  բառի իսկական իմաստով վերածվում է  դժոխքի․  փողոցները դառնում են ցեխառատ, անանցանելի, նույնիսկ տաքսու վարորդներ են հրաժարվում սպասարկել, հենց իմանում են Անի թաղամաս են հասնելու։

Տարիներ շարունակ Գյումրու այս թաղամասի բնակիչները հույսով սպասում են, թե ուր որ է «շքերթն իրենց դռներով էլ է անցնելու»։

Տևական ժամանակ է՝ Գյումրու քաղաքային իշխանությունները խոսում էին ՎԶԵԲ-ի՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկին համայնքապետարանի կողմից ներկայացված հայտը փոխելու, այն է՝ քաղաքի լուսավորության փոխարեն հենց այս թաղամասի փողոցներն ասֆալտապատելու մասին։

Սակայն դա այդպես էլ դեռ իրականություն չի դարձել։

Նշենք, որ փողոցների թեման Գյումրիում ամենամտահոգողներից է, այնքան զգայուն, որ համացանցում թեթևակի արծարծելու դեպքում բնակիչները իրենց փողոցների լուսանկարներ են գցում՝ ցույց տալով, որ ավելի խայտառակ պատկեր չկա։

Գյումրու քաղաքապետարանը հարկադրված որոշ հատվածներում խճապատման աշխատանքներ է իրականացնում, սակայն անձրևաջրերը միանգամից լվանում են, տանում։

Երկու օր առաջ Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում մի կարևոր նորույթ է տեղադրվել Անի ու հարակից Ավստրիական թաղամասերի փողոցների վերանորոգման պահով։ Փողոցաշինության մասին խոսակցություններն ու խոստումները կարծես փաստաթղթի տեսք են ստանում։

Պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք, որ համաձայնագիր է ստորագրվել, որի կետերից մեկը վերաբերում է Անի և Ավստրիական թաղամասերի բոլոր փողոցների վերանորոգմանը։

«Գյումրու համայնքապետարանը՝ ի դեմս Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը` (ՎԶԵԲ) ի դեմս Երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջի Ախալկացիի՝ կնքել են ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի համաձայնագիր։

Ըստ համաձայնագրի,  կողմերը նախատեսում են «Անի» և «Ավստրիական» թաղամասերի ողջ ճանապարհային ցանցի հիմնանորոգման և տվյալ թաղամասերի ինչպես նաև Շիրակացի փողոցի արտաքին լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքներ իրականացնել։

Ծրագրի այս փուլով նախատեսվում է հիմնանորոգել շուրջ 16 կմ երկարությամբ ճանապարհահատված, ընդհանուր առմամբ 190 հազար մետր քառակուսին՝ երթևեկելի։

Ընդհանուր թվով հիմնանորոգվելու է 37 փողոց, տեղադրվելու են 1300 նոր լուսատուներ, 208 լուսատու տեղադրվելու է Շիրակացի փողոցից մինչև Օզանյան ճանապարհահատվածի երկու կողմերում։

«Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի նախորդող տրանշների միջոցների հաշվին մինչև 2023 թվականը հիմնանորոգվել է քաղաքի թվով 33 փողոց և 4 հրապարակ։

Նշենք նաև, որ փողոցաշինական աշխատանքների մեկնարկը կտրվի նախագծերի ձեռքբերումից հետո։

Այս պահին ընթացքի մեջ են նախագծերի գնման մրցույթային գործընթացները»,-գրված է համայնքապետարանի էջում։

Գյումրու համայնքապետարանից մեզ փոխանցեցին,  որ այդ երկու թաղամասերի փողոցաշինական ծրագրերը կմեկնարկեն 2025 թվականից։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829