Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ սարքավորումները պարոն Բիշարյանը հետը չի տանելու, դա պետությանն է. Էմին Խաչատրյան

Փետրվար 19,2024 21:50

«Մենք հավաստիացնում ենք, որ պաշտոնական կեղծիք եւ պաշտոնական դիրքի չարաշահում չի եղել» ,- Aravot.am-ին ասաց Դատաբժշկական գիտագործնական  կենտրոնի տնօրեն, Բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր Մհեր Բիշարյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Բիշարյանին մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման, պաշտոնական կեղծիքի համար (Քրեական օրենսգրքի 441-րդ հոդված)։ Նրան ավելի վաղ կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն Հակակոռուպցիոն դատարանը փետրվարի 18–ին մերժել է վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունը։

Բիշարյանն անցնում է ԴՆԹ թեստավորման սարքավորումների ձեռքբերման հետ կապված գնումների գործընթացին վերաբերող վարույթով: Ըստ մամուլի տեղեկությունների, պրոֆեսորը սարքավորումների գնումների գործընթացում  ներկայացրել է 10 միլիոն ավելի բարձր արժեք:

«Գնումն իրականացվել է գնառաջարկների հիման վրա։ Եղել է 2 գնառաջարկ, որոնցից մեկը մյուսից 10 մլն դրամով ցածր է եղել։ Գնառաջարկներից մեկը, որն  ավելի էժան էր, ենթադրում էր, որ սարքավորումը բավականին ուշ է հասնելու Հայաստան, իսկ պահին այդ 10 մլն դրամը չէր կարող ծանրակշիռ փաստարկ լիներ չգնելու ու օր առաջ այդ սարքավորումը Հայաստան բերելու համար…Սարքավորումները ժամանակին հասել են տեղ, սարքավորումներն աշխատում են, դրանք բավականին լուրջ արդյունք են ապահովել եւ դրա վերաբերյալ կան հստակ ապացույցներ: Մինչ օրս էլ դրանք առկա են, այդ սարքավորումները պարոն Բիշարյանը հետը չի տանելու, դա պետությանն է, հետագայում, երբ այնտեղ էլ չաշխատի, այդ սարքավորումները ծառայելու են այս պետությանը»,- պարզաբանեց  Էմին Խաչատրյանը:

Ըստ նրա, այս պահին իրենց հայտնի չեն վարույթի շրջանակում գաղտնալսումների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաեւ արդյոք կան կոնկրետ ցուցմունքներ իր պաշտպանյալի դեմ:

Ինչ վերաբերում է դատաբժշկական գիտագործնական  կենտրոնում քննչական գործողություններին ու վարույթի շրջանակում ստուգումներին, պարոն Խաչատրյանն ասաց՝ նման տեղեկությունների չի տիրապետում. «Ստուգումներն ինձ համար անհասկանալի եզրույթ է, թե ոնց են արտահայտվել այդ ստուգումները»:

Մեր հարցին՝ իրավապահները Բիշարյանի ղեկավարած կենտրոն չե՞ն մտել, ոչինչ չե՞ն առգրավել, ի պատասխան փաստաբանն ասաց՝ նման տեղեկություն չկա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829