Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 19-ին ընդունել է բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Հանդիպման նպատակն էր քննարկել բնապահպանական ոլորտում առկա այն խնդիրները, որոնք առնչվում են մարդու իրավունքների պաշտպանության համակարգին:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ չափազանց կարևորում է նման ձևաչափով հանդիպումները, քանի որ հնարավորություն է ստեղծվում անձամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից լսել ոլորտին առնչվող խնդիրները, մշակել համագործակցության արդյունավետ հարթակ և համատեղ լուծման հնարավոր տարբերակներ։
Կարդացեք նաև
Պաշտպանը նշել է, որ շրջակա միջավայրը, դրա պահպանությունն ու բնագավառում առկա խնդիրներն ուղղակիորեն կապված են մարդու իրավունքների պաշտպանության համակարգի հետ: Այս համատեքստում ընդգծվել է, որ մաքուր, առողջ, անվտանգ և կայուն զարգացող շրջակա միջավայրի բացակայության պարագայում մարդը զրկվում է իր կենսական մի շարք իրավունքների իրացման հնարավորությունից:
Իրենց հերթին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն անդրադարձել են բնապահպանների նկատմամբ նկատվող ճնշումներին։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ իր համար չափազանց կարևոր է, որպեսզի մասնագիտական և իրավապաշտպան գործունեություն իրականացնելիս ցանկացած անձի, այդ թվում՝ բնապահպանների իրավունքները Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված լինեն։
Բարձրացված խնդիրների առնչությամբ Անահիտ Մանասյանն իր մանդատի շրջանակներում հետևողական լինելու և համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ